Հայաստանում է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն, ով նաև Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է։
Նրան այսօր ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ հայկական կողմի՝ քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր:
Փաշինյանն ու Օվերչուկն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող թեմաների:
Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ այսօրվա հաղորդագրությունում որևէ բան նշված չէ:
Ռուսաստանի փոխվարչապետի այցը Հայաստան տեղի է ունենում նոյեմբերի 9-ի հայտարարության իններորդ կետի շուրջ Մոսկվա-Երևան տարաձայնությունների ֆոնին:
Մոսկվան եռակողմ հայտարարության մասին Հայաստանի ղեկավարի մեկնաբանությունները մանիպուլյացիա է որակում: Վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը պնդում էր, թե տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողություն նշանակում է միայն մոնիթորինգ:
«Չի կարելի այսքան անպատասխանատու վերաբերվել ստորագրված փաստաթղթերի մեջբերմանը», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պնդելով, թե Մոսկվան տեսնում է առկա փաստաթուղթն ու դրա դրույթները մանիպուլացնելու բազմաթիվ փորձեր: Այսպես նա արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի մեջբերմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մոսկվան նոյեմբերի 9-ի հայտարարությունը «մանիպուլացնելու բազմաթիվ փորձեր է տեսնում»Հայաստանը պատրաստ է երաշխավորել անվտանգությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես գրված է 9-րդ կետում. Փաշինյան