Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանն ու նրա ընտանիքի անդամներն անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Սարգսյաններին իրավապահները հրավիրել են Գլխավոր դատախազություն՝ ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին ու ներկայացնելու գույքի օրինականության վերաբերյալ իրենց դիրքորոշումը։
Դատախազությունն այս պահին չի բացահայտում, թե Սարգսյաններին պատկանող գույքերից որոնք ու որքան գումար է համարում ապօրինի։ Նման դեպքերում գործը դատարան հասցնելուց հետո է հայտնի դառնում պետության պահանջը։
Բռնագանձման գործերով Ալեքսանդր Սարգսյանից ու տղաներից՝ Նարեկ ու Հայկ Սարգսյաններից բացի, անցնում են նաև նրա կինը՝ Ավրիգա Սարգսյանն ու որդու՝ Հայկ Սարգսյանի կինը։ Սարգսյաններից այսօր մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Այլ գործերով Ալեքսանդր Սարգսյանի շահերը ներկայացրած փաստաբան Միհրան Պողոսյանն էլ այսօր հայտնեց, որ ինքը չի զբաղվում առերևույթ ապօրինի գույքի բնռագանձման գործով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալեքսանդր Սարգսյանը 27,5 մլն է վճարել Հայաստանին և Արցախին, «50 տոկոս փայը» քրգործերում չկա ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկ Սարգսյանին վերագրվող սպանության փորձը վերաորակվեց, մեկ այլ հոդվածով՝ նա արդարացվեցՀեղափոխությունից հետո 68-ամյա նախկին պատգամավորն ու որդիները քրեական գործերով են անցել։ Ինքը՝ Սարգսյանը հարկերը չվճարելու գործով քրեական հետապնդումից է ազատվել՝ պետությանը վճարելով 7.5 միլիոն դոլար, իսկ Մարտիրոս Սարյանի գծանկարները խարդախությամբ հափշտակելու համար մեղադրանքն էլ նրանից հանվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Սարգսյանի երկու տղաները մինչդեռ դատարանում մեղավոր են ճանաչվել, Հայկ Սարգսյանը՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով, սակայն պատիժ չի կրել՝ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Իսկ Նարեկ Սարգսյանը մեղադրվում էր ապօրինի ատրճանակներ և ռազմամթերք ձեռք բերելու, ինչպես նաև խոշոր չափի թմրամիջոցներ պահելու համար։ Նա 2021-ին դատապարտվել էր 5.5 տարվա ազատազրկման։
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով անցնում են նաև հենց երրորդ նախագահն ու նրա դուստրերը։ Պետությունը ապօրինի է համարում նրանց ավելի քան 150 միլիոն դրամ դրամական միջոցները, Երևանի Տերյան փողոցի 66-րդ շենքի 64-րդ ու 39-րդ հասցեի բնակարանները։ Երրորդ նախագահի փաստաբաններն ի սկզբանե ապօրինի են որակել դատախազության հայցը։
Սարգսյանի միջնեկ եղբայրն էլ՝ Լյովա Սարգսյանն ու ընտանիքի անդամները ևս անցնում են ապօրինի գույքի բռնագանձման գործերով։ Ըստ դատախազության՝ Լյովա Սարգսյանն ու ընտանիքի անդամները մոտ 9,5 մլն դոլարի ապօրինի գույք ու դրամական միջոցներ ունեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ դատախազության, Լյովա Սարգսյանն ու զավակները մոտ 9,5 մլն դոլարի ապօրինի գույք ու դրամական միջոցներ ունենԱնցած ամիս հայտնի դարձավ, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի հետ փոխկապակցված անձ, «Պոլի-Տրանսպորտ» ընկերության տնօրեն Գևորգ Վարդանյանից հօգուտ պետության է բռնագանձվելու Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, շարժական գույքեր, ավելի քան 17 մլն դրամ, բաժնեմասեր։