Որ Հայաստանի ռազմավարական նշանակության ապրանքները չթիրախավորվեն, Անվտանգության խորհրդի քարտուղարն առաջարկում է ավելի ճկուն լինել, մտածել նաև դրանք փոխելու մասին՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ «Խաղաղության խաչմերուկ» թեմայով համաժողովում Արմեն Գրիգորյանն, օրինակ, առաջարկում էր ցորենից անցնել բրնձի։
«Քաղաքական հայտարարություն է, որի տակ որևէ տնտեական տրամաբանություն, օրինաչափություն չկա», - «Ազատությանն» ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանի անվտանգության քարտուղարի պատկերացրած փոփոխությունը տնտեսական հիմք չունի, եթե անգամ գործնական քայլեր էլ անեն՝ ցորենի փոխարեն բրնձի անցնեն, Հայաստանը բացարձակ կախվածության մեջ կգցեն, ցորեն գոնե 30 տոկոսով տեղում արտադրվում է, բրինձ՝ ոչ մի հատիկ. - «Բրնձի անցումն ավելի լուրջ ռիսկեր է պարունակում։ Պետք է արձանագրենք, որ մենք բրինձ առհասարակ Հայաստանում չենք արտադրում, և այս տեսակից մեր պարենային ինքնաբավությունը փաստորեն 100 տոկոսով կախվածություն ենք ունենալու դրսի ներկրումից»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունը տնտեսությունը դիվերսիֆիկացնելու մտադրության մասին է խոսումԱնվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով այս հայտարարությունն անելիս պետք է նաև ազգային առանձնահատկությունները հաշվի առնեն։ Բրնձի պահանջարկը Հայաստանում ցածր է, համեմատելի չէ ցորենի հետ, ասում է նա։
Ինչո՞ւ է Անվտանգության քարտուղարը ծայրահեղության մեջ ընկել, եթե ուզում է Ռուսաստանից կախվածությունը թուլացնել, թող ցորենի ներկրման աշխարհագրությունը ընդլայնեն, շեշտում է տնտեսագետ Պարսյանը. - «Մենք սպառում ենք մոտավորապես 500 հազար տոննա ցորեն, որի 95 տոկոսը ներկրում ենք ՌԴ-ից։ Նախկինում ավելի քիչ էր մասնաբաժինը»։
Հայաստանում սպառվող ցորենի 70 տոկոսը ներկրվում է, ճնշող մեծամասնությունը՝ Ռուսաստանից, 30 տոկոսն է միայն տեղում արտադրվում, վիճակագրությունն է ներկայացնում տնտեսագետը ու որպես ճկուն լուծում առաջարկում տեղական արտադրության ծավալները ավելացնել։
«Մենք կարող ենք ցորենի ինքնաբավությունն ավելացնել, անշուշտ, բայց այստեղ պետք է հաշվի առնել մի շարք գործոններ՝ առաջինը, որ մենք պետք է գյուղատնտեսական հողերի օգտագործումն ավելացնենք։ Այս պահին մեր գյուղատնտեսական հողերի 40 տոկոսը չենք օգտագործում», - նկատեց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թվերը փաստում են՝ Հայաստանն այսօր մեծ կախվածություն ունի Ռուսաստանից. տնտեսագետ
Ցորներից բրնձի անցնելը ձեռնտու չէ նաև հարկային տեսանկյունից, ընդգծում է տնտեսագետը. - «Հայաստանի պարագայում բրինձն ավելի թանկ է, քան ցորենը՝ հաշվի առնելով լոգիստիկան, որ ներկրում ենք բավականին հեռու երկրներից, նաև այդ երկրների հետ չունենք ազատ առևտրի համաձայնագիր, իսկ Ռուսաստանից ներկրվող ցորենի դեպքում մաքսատուրք, ավելացված արժեքի հարկ չի վճարվում»։
Արմեն Գրիգորյանը շաբաթներ առաջ Ուկրաինայի «խաղաղության բանաձևի» շրջանակներում մասնակցել էր պարենային անվտանգության թեմայով քննարկմանը։ Սա զայրացրել էր պաշտոնական Մոսկվային։ Արդար կլիներ Ռուսաստանի հետ քննարկել պարենային անվտանգության հարցերը, Հայաստանի ցորենի գերակշիռ մասը Ռուսաստանից է ներկրվում, հիշեցրել էր Մարիա Զախարովան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զախարովան Գրիգորյանին հիշեցնում է՝ «հացահատիկի 90 տոկոսը Հայաստան է գալիս Ռուսաստանից»Կառավարության «խաղաղության խաչմերուկ» նախագծով Հայաստանի հետ Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանները բացվում են, արևելքից արևմուտք ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով։ Եթե այս նախագիծն իրականություն դառնա, պաշտոնական Երևանի հաշվարկով՝ կստեղծվեն ենթակառուցվածքներ, փոխադարձ տնտեսական կախվածություն, ինչն էլ խաղաղություն երաշխիք կլինի։