Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա լրագրողներին ասել է, որ պաշտոնական հրավեր է ուղարկվել Երևան։
Երևանից ոչ հաստատում, ոչ հերքում են այս տեղեկությունը։
«Ազատության» հարցին, թե արդյոք հաստատում են այս տեղեկությունը, և եթե այո, մասնակցելո՞ւ են գագաթնաժողովին, Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանն ասաց. - «Հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնենք»:
COP29-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի նստաշրջանն է։ Նախորդ դեկտեմբերին որպես բարի կամքի քայլ Հայաստանը իր աջակցությունն էր հայտնել այն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունն էր հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը համաժողովը լավ հնարավորություն էր համարել խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։
Վարչապետի մամուլի խոսնակը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Բաքու մեկնելու և COP29 ֆորումին մասնակցելու վերաբերյալ խոսակցություններին, ասել էր, որ վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում:
Հաջիևը, այսօր ելույթ ունենալով Շուշիում, նաև հայտարարել է, որ Հայաստանին առաջարկել են համաձայնեցնել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները նախքան լայնածավալ պայմանագրի կնքումը։
Տևական ժամանակ է՝ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի նախագիծն են փոխանակում։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բայրամովի և Բլինքենի մասնակցությամբ եռակողմ հանդիպումից հետո վերահաստատել էր՝ Հայաստանն ունի քաղաքական կամք՝ Ադրբեջանի հետ ամենասեղմ ժամկետներում ավարտին հասցնելու և կնքելու խաղաղության պայմանագիր, որը, նրա համոզմամբ, կայունություն ու խաղաղություն կբերի Հարավային Կովկասին։
Առաջարկին զուգահեռ, սակայն, Ալիևի օգնական Հաջիևն այսօր կրկին պնդել է Բաքվի պահանջը՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը։
Երևանը, մինչդեռ, ադրբեջանական այս պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակել։ Հայկական կողմը նաև բազմիցս հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի։ Տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները բանավոր պայմանավորվածություններ են ձեռք բերել Պրահայում, հետո Բրյուսելում։