Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա լրագրողներին ասել է, որ պաշտոնական հրավեր է ուղարկվել Երևան։
«Ազատության» հարցին, թե արդյոք հաստատում են այս տեղեկությունը, և եթե այո, մասնակցելո՞ւ են գագաթնաժողովին, Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանն ասաց. - «Հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնենք»:
- COP29-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի նստաշրջանն է։
- Նախորդ դեկտեմբերին որպես բարի կամքի քայլ Հայաստանը իր աջակցությունն էր հայտնել այն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունն էր հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:
- Հունիսին վարչապետի մամուլի խոսնակը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Բաքու մեկնելու և COP29 ֆորումին մասնակցելու վերաբերյալ խոսակցություններին, ասել էր, որ վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում: