Ադրբեջանի իշխանությունը, որ միջազգային գործընկերներին հավաստիացնում է, թե օր առաջ ցանկանում է խաղաղություն բերել տարածաշրջան, վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ գիտնականին է ձերբակալել՝ հայերի օգտին լրտեսության, պետական դավաճանության կասկածանքով։
Բահրուզ Սամադովն Ադրբեջանի կառավարության եզակի քննադատներից էր, որ ապրելով Բաքվում ու քննադատելով Ալիևի քաղաքականությունը՝ մնում էր ազատության մեջ։ Բացառությունն օրինաչափություն դարձավ չորեքշաբթի երեկոյան, երբ սկսեցին հայտնվել Պրահայի Կարլովի համալսարանի դոկտորանտի անհետացման մասին առաջին լուրերը։ Իրավապահները մինչ այս պահն էլ չեն մեկնաբանել Սամադովի ձերբակալությունը։
Երիտասարդի տատիկն է «Ազատության» ադրբեջանական ծառայությանը պատմել, որ ուժայինները հինգշաբթի ներխուժել են իրենց բնակարան, խուզարկել տունը, առգրավել թոռան իրերն, այդ թվում՝ համակարգիչը։
Ոստիկանական հատուկ գործողություններից ժամեր անց, ըստ Սամադովի տատի, իր հետ կապ է հաստատել մի կին, ով ներկայացել է որպես փաստաբան, փոխանցել, որ երիտասարդ գիտնականին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել, քրեական գործի հիմքում էլ «նամակագրությունն է հայերի հետ, որոնց պատվերով իբր նա Ադրբեջանի իշխանությունների մասին քննադատական հոդվածներ է գրել»։
Բահրուզ Սամադովը հայտնի լրագրող է, քաղաքագետ, ով իր հոդվածներում ու մեկնաբանություններում քննադատում է Ալիևի ավտորիտար ռեժիմի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունն, այդ թվում՝ Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիան։ Նա նաև հայտնի է իր հակապետարազմական, խաղաղասիրական ընդգծված դիրքորոշմամբ։
Սամադովն ամիսներ առաջ նաև հայաստանյան լրատվամիջոցներից մեկին՝ «Սիվիլնեթ»-ին էր հարցազրույց տվել և հայ լրագրողին պատմել, որ Ադրբեջանում «հետպատերազմական էյֆորիան թուլանում է», և «մարդիկ ավելի ու ավելի շատ հարցեր ու դժգոհություններ են ունենում», պնդել էր, որ «իշխանությունների կողմից քարոզվող հայկական նորանոր հողերը զավթելու գաղափարը հանրության շրջանում աջակցություն չի վայելում», «բայց նաև չկա խաղաղության շուրջ դիսկուրս»։ Իսկ երբ Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը ստիպված եղավ տեղահանվել, Եվրոպական լրատվամիջոցներից մեկում Սամադովը գրել էր՝ «Ադրբեջանի խաղաղության օրակարգը «հաղթողի օրակարգն» է. այն ի սկզբանե բացառել է ղարաբաղցի հայերի քաղաքական իրավունքները՝ ստիպելով Հայաստանին ընդունել խաղաղության ադրբեջանական տարբերակը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել շուրջ 100 հազար 632 անձ․ ՀՀ կառավարություն ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպես Ալիևը իրագործեց հոր երազանքը և մնաց անպատիժ«Բահրուզը եղել և մնում է կարևոր ձայն խաղաղության շուրջ բանավեճերում, լրատվամիջոցների մեկնաբանություններում, և ես հուսով եմ, որ նա հնարավորինս շուտ ազատ կարձակվի», - X-ում գրել է Սամեդովին ու նրա գործունեությանը ծանոթ բրիտանացի վերլուծաբան Լոուրենս Բրոերսը։
Ուղիղ մեկ ամիս առաջ քաղբանտարկյալների շարքը համալրեց մեկ այլ երիտասարդ գիտնական՝ ազգագրագետ Իգբալ Աբիլովը։ Ծագումով թալիշ գիտնականը, ով զբաղվում էր Ադրբեջանի էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ուսումնասիրությամբ, նույնպես մեղադրվում է հայերի օգտին լրտեսության, պետական դավաճանության մեջ։
Աբիլովը Ռիգայում գրանցված «Թալիշի ազգային ակադեմիա» գիտական կազմակերպության հիմնադիրներից է, այդ կազմակերպության ամսագրի՝ «Թալիշի ազգային ակադեմիայի լուրերի» գլխավոր խմբագիրը։ Ամսագրում հրապարակվել են նաև հայ պատմաբան Գառնիկ Ասատրյանի հոդվածները։ Ադրբեջանի իշխանական մամուլը պնդում է, թե Աբիլովն իբր գաղտնի բանակցություններ ու գործարքներ է ունեցել հայ մտավորականի հետ Skype-ի միջոցով։
Գիտնականի հայրը՝ Շահին Աբիլովը, «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում կտրականապես հերքել է որդուն վերագրվող հանցանքները, ինչի մասին, իր խոսքով, տարօրինակ ակտիվությամբ գրում են իշխանական լրատվամիջոցները։
«Նայելով այդ հրապարակումներին՝ մտածում եմ՝ ի՞նչ տեսակ սուտ տեղեկատվություն է ներկայացվել դատարանի դահլիճում, ի՞նչ են հարցրել, ինչո՞ւմ է մեղադրվում, որ նման տեղեկություններ են հայտնվել այդ կայքերում։ Դատը փակ էր, այդ ամենն արվել էր սուտ տեղեկություններ հավաքելու և հանրությանը մոլորեցնելու համար», - ասել է Շահին Աբիլովը։
Մեղադրանքներն էլ ավելի շոկային էին գիտական ամսագրի մյուս համահեղինակների՝ Աբիլովի համալսարանական գործընկերների համար, ովքեր անցած օրերին բողոքի ակցիա են կազմակերպել Լիտվայում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ նրան ազատ արձակելու պահանջով։
«Գիտությունը հանցագործություն չէ», վանկարկում էին նրանք։
«Մեղադրանքները մտացածին են, հայ պրոֆեսորի հետ «շփումը»՝ խիստ չափազանցված», - ասում է Աբիլովի գիտական ղեկավար Ռոզա Տուրարբեկավան՝ շարունակելով․ - «Նա գիտնական-հետազոտող է, նրա հետազոտություններն ազգային անվտանգության կամ ինչ-որ քաղաքական հարցերի հետ որևէ առնչություն չունեն։ Նրա հասցեին մեղադրանքները անհեթեթ են, գոնե այն պատճառով, որ նա գիտնական է, ընդ որում՝ բելառուս գիտնական։ Երկրորդը՝ նա փաստացի Ադրբեջանում չի բնակվում, նա ֆիզիկապես անկարող է գործողություններ կատարել, որոնք կվնասեին պետությանը։ Իմ կարծիքով՝ սա էթնիկ հետապնդում է»:
Թալիշներն Ադրբեջանում ամենաշատ հալածանքների ենթարկված ազգային փոքրամասնություններից են, որոնց նկատմամբ Բաքվի բռնաճնշումների մասին տարիներ ի վեր բարձրաձայնում են ամենահեղինակավոր միջազգային կառույցները՝ Եվրոպայի խորհրդից մինչև Human Rights Watch։ Անկախ աղբյուրները փաստում են, որ թալիշներն Ադրբեջանում բախվում են ինքնության պահպանման խնդիրների, անջատողականության անհիմն մեղադրանքների, զրկված են սեփական լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ազգային փոքրամասնությունների «լավ կյանքը» ԱդրբեջանումԱդրբեջանի իրավապահ կառույցները թալիշ գիտնականի քրեական գործի մասին «Ազատության» ադրբեջանական ծառայության հարցումներին չեն պատասխանել։
Աբիլովի փաստաբանն է փոխանցել, որ իր պաշտպանյալն անգամ չի հասկանում ինչում են իրեն մեղադրում։
Իրավապաշտպաններն իրենց հերթին փաստում են՝ չնայած ակնկալիքներին, թե նոյեմբերին Բաքվում կայանալիք միջազգային կլիմայի համաժողովին՝ COP 29-ին ընդառաջ նախագահ Ալիևը կթուլացնի բռնաճնշումներն, իրականում այժմ ամենախիստ հետապնդումն է այլախոհների նկատմամբ վերջին տասնամյակների ընթացքում։
Բանտերում են ավելի քան 300 քաղբանտարկյալներ՝ ամենամեծ թիվը Ալիևի քսանամյա նախագահության ընթացքում, նշում է BBC-ն։ Ազատազրկված են բազմաթիվ լրագրողներ, բնապահպան ակտիվիստներ, իրավապաշտպաններ ու ընդդիմադիր առաջնորդներ։ Ընդ որում, վերջին շաբաթներին նրանցից շատերին առաջադրված մեղադրանքն էլ ավելի է խստացվել։ Իշխող վերնախավի կոռուպցիոն գործարքները բացահայտած մի խումբ հետաքննող լրագրողների, մասնավորապես, այժմ սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ COP 29. Քերիմլին պահանջում է բնապահպանական խնդիրներին զուգահեռ քաղբանտարկյալների հարցը բարձրացնել