Ադրբեջանի արևելյան շրջաններից դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի տարածքով, երեկ Kanal7-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ նշելով՝ առաջին դեպքում խոսքը 61 կմ երթուղու մասին է, երկրորդ դեպքում՝ մոտ 43 կիլոմետրի։
Անկախ երթուղու վերջնական որոշումից, ըստ թուրք նախարարի, տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցություններ այնուամենայնիվ կստեղծվեն։
«Այսպես թե այնպես, մենք այս նախագիծն իրականացնում ենք Ադրբեջանի հետ միասին։ Որոշակի խնդիրներ կան, բայց դրանք կարող են լուծվել առաջիկայում։ Ժամանակի հարց է», - ասել է Ուրալօղլուն։
Թուրք նախարարի խոսքով՝ որևէ երկիր չպետք է դեմ լինի իր տարածքը Պեկինը Լոնդոնին կապող միջազգային տրանսպորտային զարկերակի վերածելուն։ «Պարզապես անխոհեմ է նման գաղափարին ընդդիմանալը»,- ընդգծել է Ուրալօղլուն՝ շեշտելով՝ թեև Անկարան ուղղակիորեն չի մասնակցում Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների վերականգնման բանակցություններին, սակայն մշտական կապի և համակարգման մեջ է Բաքվի հետ։
Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցում Իրանի բացասական դիրքորոշմանը՝ Ուրալօղլուն կարծիք է հայտնել, թե «Իրանի կողմից այս հարցի մերժման պատճառը հնարավոր է բացառապես իրանական տարածքով միջանցք ստեղծելու Թեհրանի ցանկության մասին է»։
Անցած տարեվեջին Բաքուն հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը»՝ նշելով՝ այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։ Սակայն այս տարեսկզբից Ադրբեջանը հարցը կրկին օրակարգ է բերել՝ պնդելով, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։
Երևանն էլ հայտարարում է, որ պատրաստ են ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար` առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու:
Իրանն էլ իր հերթին ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում՝ նշելով, որ դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց՝ Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ադրբեջանը մտահոգված է, որ նախագիծը Հայաստանին միլիարդավոր օգուտներ կբերի»․ ինչու «Խաղաղության խաչմերուկն» իրականություն չի դառնում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Իրանը «Զանգեզուրի միջանցքը» վնասաբեր է համարում Հայաստանի համար». Թեհրանն ու Երևանը քննարկել են ապաշրջափակման հարցը