Սահմանին կրակոցների մասին լուրերի նպատակը՝ տարաբնույթ. մեկնաբանություններ

Արխիվային լուսանկար

Սահմանին ամեն ինչ նորմալ է. պնդում են Խաչիկ գյուղում

«Կրակել եք», «սուտ է՝ չենք կրակել». երկրորդ օրն է՝ Ադրբեջանը պնդում է, թե հայկական կողմից կրակ են բացում իրենց դիրքերի վրա, շատ արագ Երևանը հերքում է դրանք։ Երեկ երկու, այսօր արդեն մեկ պնդում ու հերքում է տարածվել։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը մատնանշել էր Խաչիկ բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերը, ինչը հայկական ՊՆ-ն հերքել էր։

Խաղաղ է՝ կրակոցի ձայներ չկան, հաստատում են Խաչիկ գյուղում։

«Սահմանին ամեն ինչ նորմալ է, ժողովուրդը զբաղված է իրենց առօրյա աշխատանքով, ոչ մի կրակոց էլ չկա», - ասաց համայնքի ղեկավար Հովիկ Ամբատյանը։

Այսօր ԵՄ դիտորդները ևս հաստատեցին՝ Ադրբեջանի հետ սահմանին որևէ արտառոց շարժում կամ միջադեպ չեն տեսել։

«Ադրբեջանն ագրեսիայի հիմք կարո՞ղ է ստեղծի, կարծում եմ՝ ոչ». Անդրանիկ Քոչարյան

Գուցե Նախիջևանի սահմանին կրակոցների մասին լուրերով թեժացնելու նպատակը սահմանազատման գործընթացն արագացնե՞լն է։ Ըստ Պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ ոչ։

«Պաշտպանության նախարարությունը հերքեց չէ՞, վերջ, իսկ Ադրբեջանն ագրեսիայի հիմք կարո՞ղ է ստեղծի, կարծում եմ՝ ոչ», - ասաց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը ապատեղեկատվություն է որակում ադրբեջանական դիրքերը գնդակոծելու Բաքվի հերթական պնդումը


Անդրանիկ Քոչարյանը չի կարծում, որ կրակոցների մասին պնդումները Բաքվի նոր ագրեսիայի նախերգանքն են, որովհետև ըստ նրա՝ հիմա խաղաղությանը միտված գործընթացներ են։ Եվ ընդհանրապես, ըստ իշխանական պատգամավորի, կրակոցը եթե հրահանգված չէ, ձայն է ընդամենը, խաղաղության օրերում էլ ադրբեջանցի խմած զինվորը կարող է կրակել։

Տիգրան Աբրահամյանը չի բացառում, որ Ադրբեջանը լարվածության ֆոն է ստեղծում


Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը չի բացառում, որ Ադրբեջանը կեղծ տեղեկություններով լարվածության ֆոն է ստեղծում՝ Հայաստանի իշխանությանը շտապեցնելու, սահմանազատման հաջորդ փուլը մոտեցնելու համար։

«Հայտնի 4 գյուղերի հանձնումից հետո պետք է կողմերն աշխատեն հանձնման ենթակա հաջորդ 4 գյուղերի մասով, որից երեքը Տավուշում է, մեկը` Տիգրանաշենը, Արարատի մարզում (Նախիջևանի ուղղությամբ): Ադրբեջանը բնականաբար փորձելու է հնարավորինս արագ Հայաստանից հերթական զիջումները կորզել, որովհետև ավելի հարմար իրավիճակ, քան Հայաստանում գործող այս իշխանության պայմաններում է, չի էլ կարող պատկերացնել», - նշել է պատգամավորը:

Ադրբեջանը ցանկանում է սահմանային լարվածություն ցուցադրել, որ խաղաղության պայմանագիր չստորագրվի. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, վերլուծելով պաշտոնական Երևանի քաղաքական հայտարարությունների արձագանքը Բաքվում, մի եզրահանգում ունի՝ Ադրբեջանը ցանկանում է սահմանային լարվածություն ցուցադրել, որպեսզի խաղաղության պայմանագիր չստորագրվի։

«Այնտեղ շատ ակտիվ քննարկվում է հայտարարությունը Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի առ այն, որ Ադրբեջանն իրավունք չունի միջամտել Հայաստանի ներքին գործերին, հատկապես Սահմանադրության փոփոխման հետ կապված հարցեր բարձրաձայնել, և ադրբեջանական քարոզչական աղբյուրները, տարբեր պաշտոնյաներ, Ալիևի տարբեր ոչ պաշտոնական խոսնակներ նշում են, որ առանց դրա Ադրբեջանը որևէ թուղթ Հայաստանի հետ չի ստորագրելու», - ասաց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմության կարծիքով՝ Երևանը չի պատասխանում Ալիևին, քանի որ վախենում է. իշխանությունից արձագանքում են
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտոնական Երևանը մեղադրում է Ադրբեջանի նախագահին՝ խաղաղության գործընթացը տորպեդահարելու համար


Հայրապետյանի դիտարկմամբ՝ ուժի սպառնալիքով հաջողության հասնելու ալիևյան մղումն արդարացրել է իրեն. - «Քանի որ Հայաստանի իշխանությունները, ցավոք, ընդունել են Ադրբեջանի այդ գործելաոճը, որ ուժով, ուժի սպառնալիքով խնդիրներ են լուծվելու, դրա համար Ադրբեջանը շարունակում է այդ քաղաքակությունը, այսինքն՝ մտածում է, որ լարվածություն կստեղծվի, դրանից հետո Հայաստանն իրենց օգտին հերթական միակողմանի զիջումը կանի»։

Տաթևիկ Հայրապետյանը հիշեցնում է՝ Տավուշում սահմանազատման գործընթացին էլ նախորդեց լարվածության աճ. ադրբեջանական զինուժը կրակում էր Տավուշի, Սյունիքի, Վարդենիսի հայկական դիրքերի ուղղությամբ, զուգահեռ մեղադրում Երևանին, թե հայկական զինուժը «սադրանքներ է նախապատրաստում։ Նա չի կասկածում՝ Բաքուն «խաղաղության գործընթաց»-ում ստանում է այն, ինչ ուզում է, խաղաղության պայմանագիր ոչ մեկ ամսում, ոչ մինչև տարեվերջ ու երբեք չի ստորագրի, որովհետև դրա համար պետք կլինի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու հեռացնել իրենց զորքերը հայկական տարածքներից։