Աբխազիայի Ասլան Բժանիան մտադիր է չեղարկել Մոսկվայի և Սուխումիի միջև կնքված ներդրումային ծրագրերի մասին փաստաթուղթը՝ ինքնահռչակ հանրապետությունում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։
Ըստ Աբխազիայի նախագահականի հաղորդագրության՝
«Նման որոշում կայացվել է՝ հանրապետությունում իրավիճակը կայունացնելու նպատակով»։
Իրավիճակն այսօր առավոտից ծայրահեղ լարված էր. հարյուրավոր ընդդիմադիրներ խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի էին դուրս եկել, որը պետք է վավերացներ վիճահարույց համաձայնագիրը։ Բողոքի ակցիայի մասնակիցները շշեր և ձվեր են նետել ուժայինների ուղղությամբ, ապա տապալել են նաև ճաղավանդակն ու ներխուժել Խորհրդարանի շենք։ Ոստիկանությունը նախ արցունքաբեր գազ է կիրառել, սակայն հետո մի կողմ է քաշվել։
Սուխումիի ու Մոսկվայի միջև ներդրումային համաձայնագրի դեմ հանդես եկողները մտել են նաև կառավարական այլ շենքեր ու նախագահական նստավայր՝ պահանջելով Նախագահ Բժանիայի հրաժարականը։ Ընդդիմադիր առաջնորդներից Ադգուր Արձինբան հայտարարել է, որ պատվիրակություն են ուղարկել՝ Բժանիային հրաժարականի պահանջ ներկայացնելու։
Ասլան Բժանիան մինչև ցուցարարների մուտք գործելն արդեն հեռացել էր նախագահականից և հայտարարել է վիճահարույց համաձայնագիրը հետ կանչելու մասին։
Աբխազիայի և Մոսկվայի միջև ներդրումային համաձայնագրի մասին հայտարարվել էր գրեթե մեկ տարի առաջ։ Դրա հիմնական դրույթները վերաբերում են ռուսաստանյան խոշոր ներդրումներ անող ընկերություններին զգալի արտոնություններ տալուն՝ Աբխազիայում հողակտորներ, ավելի քան երկու տասնամյակ հարկային արձակուրդ, արտերկրից աշխատողներ բերելու թույլտվություն ու նաև շինարարության համար անհրաժեշտ նյութերի անմաքս ներմուծում։ Պահանջվող ներդրումների նվազագույն շեմը 2 միլիարդ ռուբլի կամ 20 միլիոն դոլար։
Քննադատները սա համարում են Աբխազիայի փոքր և միջին բիզնեսի շահերի ոտնահարում՝ առաջին հերթին զբոսաշրջության ոլորտում, որը չճանաչված հանրապետության բյուջեի եկամուտների մեկ երրորդն է ապահովում։ Ըստ նրանց՝ եթե համաձայնագիրն ուժի մեջ մտնի, ապա ռուսաստանցի ներդրողներին հնարավորություն կտրվի առանց Աբխազիայի քաղաքացիների մասնակցության՝ գործունեություն ծավալել, իսկ աբխազներին կվերապահվի միայն էժան վարձու աշխատողի դերը։
Բողոքի ցույց անցկացնողները՝ Աբխազիայի ընդդիմությունը նաև ՌԴ դրոշներ էին բերել՝ ընդգծելու, որ ցույցը քաղաքական բոյկոտ չէ Ռուսաստանին, և հակառուսական բնույթ չունի։
«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ այստեղ հակառուսական ուժեր չկան, սա ժողովրդի կամքն է, որն անտեսվել է ու չի լսվել», - հայտարարել է ընդդիմության առաջնորդներից Ադգուր Արձինբան՝ ապատեղեկատվություն որակելով նախագահի հայտարարությունները, թե թուրքամետ, արևմտամետ ուժեր փորձում են հեղաշրջում իրականացնել։
Աբխազական Ընդդիմությունը նաև հայտարարություն է արել այդ մասին՝ շեշտելով, որ նախագահ Բժանիային են համարում իրավիճակի մեղավոր։
Աբխազիան Ռուսաստանից ֆինանսապես կախման մեջ է, Մոսկվան ֆինանսավորում է Աբխազիայի բյուջեի մոտավորապես կեսը։ Այս աշնան սկզբին Աբխազիան չէր վավերացնում նաև Ռուսաստանի համար մեկ այլ կարևոր պայմանագիր՝ տնտեսական գործերով դատական և արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին մասին։ Սեպտեմբերի սկզբին Սուխումի իշխանությունները հայտնեցին, որ Ռուսաստանը կասեցրել է աբխազ ուսուցիչների և բժիշկներին լրացուցիչ սոցիալական վճարումները։ Սեպտեմբերի վերջին՝ Աբխազիայի խորհրդարանը հաստատեց արբիտրաժային որոշումների ճանաչման մասին համաձայնագիրը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան պատժամիջոցներ է կիրառում Աբխազիայի դեմ