Մատչելիության հղումներ

Մոսկվան պատժամիջոցներ է կիրառում Աբխազիայի դեմ


Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Շամբա, արխիվ
Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Շամբա, արխիվ

Ռուսաստանը սկսել է պատժամիջոցներ կիրառել իր մերձավորագույն դաշնակիցներից մեկի՝ Աբխազիայի դեմ։ Այս մասին Սուխումիում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարում էր ինքնահռչակ հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Շամբան։

«Երևի արդեն տեղյակ եք, որ սեպտեմբերի 1-ից դադարեցված է սոցիալական ֆինանասավորումը։ Խոսքը նախևառաջ ուսուցիչների, բժիշկների և ուժային կառույցների [աշխատակիցների] մասին է։ Սրանք, ըստ ամենայնի, առաջին քայլերն են։ Բացի այդ, հարցն այնպես է դրված, որ այսուհետ [Ռուսաստանից] էլեկտրաէներգիայի այն հոսքի համար, որին մենք ամեն տարի ձմռանն ենք բախվում, հարկավոր է լինելու վճարել առևտրային գներով», - հայտարարում էր աբխազական ԱԳՆ ղեկավարը։

Մոսկվայի և Սուխումիի միջև հակասությունները ծագեցին Աբխազիայում օտարերկրացիներին անշարժ գույքի վաճառքի շուրջ տարիներ առաջ սկիզբ առած և վերջին ամիսներին կրկին ակտիվացած քննարկումների ֆոնին։ Աբխազական օրենսդրության համաձայն, այլ երկրների՝ այդ թվում Ռուսաստանի քաղաքացիներն այստեղ անշարժ գույք գնել չեն կարող։

Դրան զուգահեռ, սակայն, ռուսաստանցի գործարարները ցանկանում են ինքնահռչակ հանրապետության արևելյան շրջաններում՝ 150 հեկտար տարածքի վրա 10 հազար նոր բնակարան կառուցել։ Աբխազիայում մտավախություն ունեն, որ փաստացի նոր քաղաքի այդ շինարարությունը կարող է խախտել ժողովրդագրական հավասարակշռությունը, և դրա նոր բնակիչները, որոնց մեծամասնությունն, ըստ ամենայնի, ռուսներ են լինելու, ի վերջո աբխազական անձնագիր կստանան ու կսկսեն մասնակցել տեղական ընտրություններին։ Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիան պնդում է, որ իշխանությունները կանեն ամեն ինչ դա թույլ չտալու համար։ Պաշտոնական Մոսկվան, իր հերթին, պահանջում է կատարել ստանձնած պարտավորությունները։

«Մեր կողմից ստանձնած պարտավորությունների չկատարումը կարող է որոշակի պատժամիջոցների հանգեցնել, մեզ այդ մասին տարբեր մակարդակներում զգուշացրել էին», - հայտարարում էր Շամբան։

Դիվանագիտական սկանդալն է՛լ ավելի թեժացավ, երբ տեղական լրատվամիջոցները հրապարակեցին Աբխազիայի ղեկավարի և Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի օգոստոսի 19-ին կայացած հանդիպման արդյունքով ընդունված փաստաթուղթը։ Դրանում ռուսական կողմը հստակորեն զգուշացնում է, որ պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Աբխազիան չի վավերացրել տնտեսական խնդիրներին վերաբերող դատական և արբիտրաժային վճիռների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը և չի վերացրել ռուսաստանցի ներդրողների առջև հարուցվող խոչընդոտները՝ նախևառաջ անշարժ գույքի շուկայում։ Փաստաթղթի ամենասկանդալային կետերից մեկը Աբխազիայի կողմից ստանձնած ևս մեկ պարտավորության մասին է։ Դրանով ինքնահռչակ հանրապետության նախագահ Ասլան Բժանիան պարտավորվում է մինչև սեպտեմբերի 20-ը տեղեկություններ ներկայացնել ընդդիմության այն առաջնորդների մասին, որոնք ռուսական քաղաքացիություն ունենալով՝ «վնաս են հասցնում Ռուսաստանի Դաշնության շահերին, խոչընդոտում են ռուս-աբխազական համագործակցությանը»։ Կոզակ-Բժանիա արձանագրության հեղինակները պնդում են, որ այդ տեղեկատվությունն օգտագործվելու է աբխազ ընդդիմադիներին Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու հարցը քննարկելու համար։

Չնայած Մոսկվայից հնչող այս սպառնալիքներին՝ աբխազ ընդդիմադիրները նահանջել չեն պատրաստվում։ Այս շաբաթ ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերը հայտարարեցին մեկ դրոշի ներքո հանդես գալու պատրաստակամության մասին։ Աբխազական ընդդիմությունը, սակայն, հայտարարում է, որ պայքարում է ոչ թե Ռուսաստանի, այլ ռուսական օլիգարխիկ շրջանակների դեմ՝ ճիշտ այնպես, ինչպես, իրենց բնորոշմամբ, դա անում է Բելառուսի նախագահը։

«Ռուսաստանի կառավարությունը պետք է դադարի հովանավորել այդ կլանները, օլիգարխիկ այդ խմբերը, որոնք սերտաճելով իշխանության հետ՝ առաջ են մղում խոշոր բիզնեսի շահերը՝ արգելափակելով մեր հարաբերությունները։ Սա ասում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ճիշտ է ասում», - Սուխումիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր աբխազական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Ադգուր Արձինբան։ Նա նաև Մոսկվային խորհուրդ էր տալիս պատժամիջոցներ սահմանելուց առաջ հիշել, որ Բելառուսը, Աբխազիան և Հարավային Օսիան միակն էին, որ պաշտպանեցին Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում։

Վրաստանում ռուս-աբխազական այս բանավեճին բավական զուսպ են հետևում։ Վարչապետ Կոբախիձեն սահմանափակվեց կարճ հայտարարությամբ՝ պնդելով, թե Մոսկվայի և Սուխումիի միջև «բավական հետաքրքիր պրոցեսներ են ընթանում»։

Ավելի կտրուկ են արտահայտվում նախկինում Աբխազիայում ապրած վրացիները։ Աբխազիայի վտարանդի խորհրդարանի նախագահ Ջեմալ Գամախարիան, օրինակ, պնդում է, որ Ռուսաստանի կողմից ֆինանսավորման դադարեցումը չի կարող չազդել Աբխազիայի ռազմական կարողությունների և սոցիալական վիճակի վրա։

«Կրճատումները նախևառաջ վերաբերում են ուժային բլոկին։ Դա թերևս ամենացավալին է, քանի որ Ռուսաստանը ֆինանսավորում է Աբխազիայի ուժային կառույցների ծախսերի գրեթե կեսը։ Կրճատվել են նաև առողջապահությանն ու կրթությանը հատկացվող գումարները։ Այստեղ ևս աշխատավարձերի ֆինանսավորման գրեթե կեսը Ռուսաստանից էր։ Ամսական դա կազմում է շուրջ 2 միլիոն դոլար, ինչը Աբխազիայի համար փոքր գումար չէ», - հայտարարում էր Գամախարիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG