Հենրի Կուելյարին ներկայացրած մեղադրանքները չի ընդունում
Անցած շաբաթավերջին Միացյալ Նահանգների դատախազությունը պաշտոնական մեղադրանք առաջադրեց Ներկայացուցիչների տան դեմոկրատ անդամ, Տեխասից ընտրված Հենրի Կուելյարին և նրա կնոջը՝ պնդելով, որ ամուսնական զույգը տարիներ շարունակ մեծ գումարներ է ստացել Ադրբեջանից և Մեքսիկայից՝ անօրինական լոբբիստական գործունեություն իրականացնելով։
Դատախազության պնդմամբ՝ Հենրի և Իմելդա Կուելյարները 2014-ից 2021 թվականներին 600 հազար դոլար ընդհանուր ծավալի կաշառք են ստացել՝ «Ադրբեջանի պետական էներգետիկ ընկերությունից և Մեքսիկայում գործող բանկերից մեկին»։
Կուելյարն ու նրա կինը ձերբակալվել են անցած ուրբաթ օրը՝ մի քանի ժամ անց ազատ արձակվելով 100 հազար դոլար գրավի դիմաց։
Ինքը՝ ամերիկացի օրենսդիրը ներկայացրած մեղադրանքները չի ընդունում՝ պնդելով, թե որևէ անօրինական բան չի արել։
Իրավապահների պնդմամբ, սակայն, ավելի քան երկու տարի շարունակված հետաքննության ընթացքում Կուելյարի և նրա կնոջ մեղքը վկայող մի շարք լուրջ ապացույցներ են հավաքագրվել։ Ըստ ամերիկյան դատախազության՝ կոնգրեսականն ու նրա կինը շուրջ յոթ տարի շարունակ արտերկրից ոչ միայն մեծ գումարներ են ստացել, այլև դրանք օրինականացնելու նպատակով հատուկ սխեմա են ստեղծել։
«Որպես կաշառք ստացված գումարները լվացվել են խորհրդատվական ծառայությունների մատուցման վերաբերյալ կեղծ պայմանագրերի միջոցով։ Դրանց իրականացումը վստահվել է Իմելդա Կուելյարի անունով գրանցված կեղծ ընկերություններին կամ դրանցում աշխատող ֆիկտիվ միջնորդներին», - կարդում ենք մեղադրական եզրակացության տեքստում, որի հեղինակների պնդմամբ՝ «այդ ընկերությունները պայմանագրերով նախատեսված գործունեություն, ըստ էության, չեն ծավալել»։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Բաքվից ստացված կաշառքների դիմաց Հենրի Կուելյարը խոստացել է ազդել ամերիկյան արտաքին քաղաքականության այն ասպեկտների վրա, որոնք ուղղակի առնչություն ունեն Ադրբեջանի հետ։
«Բացի այդ, Կուելյարը խոստացել էր ազդել օրինագծերի այն փաթեթի վրա, որ վերաբերում էր Ադրբեջանի հակամարտությանը հարևան Հայաստանի հետ, Ներկայացուցիչների տան և դրա կազմում գործող մշտական կոմիտեների զեկույցներում Ադրբեջանին ձեռնտու ձևակերպումներ ներառել, ադրբեջանամետ ելույթ ունենալ Ներկայացուցիչների տան նիստին և խորհուրդներ տալ Ադրբեջանի ներկայացուցիչներին՝ ԱՄՆ կառավարությունում լոբբիստական ջանքեր ծավալելու վերաբերյալ», - նշված է մեղադրական եզրակացության մեջ։
ԱՄՆ դատախազությունը ներկայացրել է Էլին Սուլեյմանովի և ամերիկացի կոնգրեսականի նամակագրության որոշ հատվածներ
Ամերիկյան դատախազությունը ներկայացրել է նաև այն անձանց և կազմակերպությունների ցանկը, որոնց հետ շփումները Հենրի Կուելյարին և նրա կնոջը մեղադրանք ներկայացնելու հիմք են հանդիսացել։ Ու թեև ամերիկացի իրավապահները գործով անցնող կառույցների անվանումներն ու անձանց անունները չեն հրապարակում, սակայն դրանց մանրամասն նկարագրությունից պարզ է դառնում օրինակ, որ փաստաթղթերում որպես «ադրբեջանական ընկերություն» ներկայացվողը SOCAR-ն է՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը։
Դատախազության փաստաթղթերում որպես «ադրբեջանցի դիվանագետ» անցնող անձն էլ 2011-ից 2021 թվականներին Վաշինգտոնում որպես Ադրբեջանի դեսպան պաշտոնավարած Էլին Սուլեյմանովն է։ Մեղադրական եզրակացությանը կցված են դիվանագետի և ամերիկացի կոնգրեսականի նամակագրության որոշ հատվածներ։ Դրանցից օրինակ տեղեկանում ենք, որ 2015 թվականին դեմոկրատ կոնգերսականը դեսպան Սուլեյմանովի հետ համաձայնեցրել էր այն ելույթի տեքստը, որ պետք է հնչեցներ Ադրբեջանի անկախության օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։ 2016 թվականին՝ ապրիլյան պատերազմից մի քանի օր անց Կուելյարը պաշտոնական նամակով դիմում է Սպիտակ տուն՝ Հայաստանը որպես «Ռուսաստանի գործիք» ներկայացնելով, որի միջոցով Մոսկվան փորձում է «ահաբեկել ԱՄՆ դաշնակիցներին՝ մասնավորաբար Ադրբեջանին»։
2017-ի սեպտեմբեր ամսով թվագրված մեկ այլ հաղորդագրությամբ Ադրբեջանի դեսպանը Հենրի Կուելյարին խնդրում է Կապիտոլիումում շրջանառության մեջ դրված օրինագծերից մեկից հեռացնել հայամետ կոնգրեսականների հեղինակած լրացումը, որով Միացյալ Նահանգները պատրաստակամություն էին հայտնում 1․5 միլիոն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղին՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար։ Սուլեյմանովի այս նամակին ի պատասխան Կուլեյարը խոստանում է անձամբ միջամտել՝ փորձելով կանխել գումարի տրամադրումը։
2020 թվականի հուլիսին, Տավուշում ընթացող մարտերի ժամանակ, Ադրբեջանի դեսպանը տեխասցի կոնգրեսականին գրում է. - «Ռուսները [Ադրբեջանի տարածքով անցնող] խողովակաշարերի և տրանսպորտային ուղիների գործունեությունը խափանելու համար ջանք չեն խնայում։ Հավատս չի գալիս, որ Կոնգրեսի անդամներից շատերը պաշտպանում են հայ-ռուսական այս հարձակումը»:
Երկուսի մտերմության ևս մեկ ապացույցը այն դիմելաձևն է, որն օգտագործում էր Ադրբեջանի դեսպանը՝ կոնգերսականի հետ նամակագրության ընթացքում՝ նրան դիմելով կամ Boss կամ էլ El Jefe: Երկուսն էլ ղեկավար՝ «շեֆ» բառի համապատասխանաբար անգլերեն և իսպաներեն տարբերակներն են։
Իսկ թե երբ Սուլեյմանովի կողմից որպես «շեֆ» ներկայացվող Կուելյարն ու նրա կինը կկանգնեն դատարանի առջև, առայժմ հայտնի չէ։ Հստակ է միայն, որ եթե դատարանը նրանց մեղավոր ճանաչի, ապա Ներկայացուցիչների տան 68-ամյա դեմոկրատ անդամն ու նրա կինը առաջիկա մի քանի տասնամյակները կարող են անցկացնել ճաղերի հետևում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն ամերիկյան լոբբիստների օգնությամբ փորձում է միլիոնավոր դոլարներ ստանալ Բայդենի վարչակազմից. Politico