Մատչելիության հղումներ

ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար


Կոնգրեսական Հենրի Կուելարը, արխիվ
Կոնգրեսական Հենրի Կուելարը, արխիվ

ԱՄՆ Ներկայացուցիչների տան դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելարին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից մոտ 600 հազար դոլար կաշառք ստանալու համար, այս մասին ասվում է Տեխասի դաշնային դատարանի մեղադրական եզրակացությունում։

Դրանում նշվում է, որ նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը՝ Իմելդա Կուելարը։ Դատարանի մեղադրական եզրակացության համաձայն՝ ամերիկացի օրենսդիրը գումարները ստացել է 2014 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի նոյեմբեր Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունից, որը փոխանցումն իրականացրել է մեքսիկական բանկի միջոցով։

«Ադրբեջանական նավթագազային ընկերության վճարած գումարների դիմաց կոնգրեսական Կուելյարը, ենթադրաբար, համաձայնել է օգտագործել իր պաշտոնը հօգուտ Ադրբեջանի ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա ազդելու համար», - հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։

Կոնգրեսականին և նրա կնոջը մասնավորապես մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու դիմաց դավադրության, օտարերկրյա գործակալի դերում պետական պաշտոնյաների արգելքը խախտելու, փողերի լվացման հոդվածներով։ Մեղավոր ճանաչվելու դեպքում քաղաքական գործչին ու կնոջը սպառնում է տասնյակ տարիների ազատազրկում:

Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն՝ զույգը երեկ առաջին անգամ ներկայացել է դատարան, որոշում է կայացվել 100 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակել նրանց։ Կոնգրեսականը երեկ հրապարակած հայտարարությամբ պնդել է՝ անմեղ է թե՛ ինքը, թե՛ իր կինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG