Գյումրիի քաղաքապետի թեկնածուների ցանկն ընդլայնվում է

Գյումրիի քաղաքապետի աթոռին հավակնողների ցանկն օրեցօր ընդլայնվում է: Այսօր տեղական արտահերթ ընտրություններին իր մասնակցությունը հաստատեց խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

Երեկ երեկոյան ֆեյբուքյան իր էջում որպես իշխանությունների դեմ պայքարող հանրային գործիչ հանդես եկող Ռուբեն Մխիթարյանը ևս հայտարարեց, որ մասնակցելու է արտահերթին:

Այսօր նաև «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ներկայացրեց իր թեկնածուներին: Ցուցակը գլխավորելու է Գյումրու ավագանու նախկին ԲՀԿ-ական, հետո անկուսակացական դարձած Արտյոմ Ղարաղազարյանը:

«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը կգլխավորի քաղաքապետի պաշտոնակատար, բոլորովին վերջերս իշխող ուժի շարքերը համալրած Սարիկ Միասյանը:

Ընտրապայքարին Կոմկուսի ցուցակով կմասնակցի նաև Գյումրիի երկարամյա նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Մասնակցության ցանկության մասին հայտնել են «Ապրելու երկիր» «Հանուն Հանրապետության», Դաշնակցություն, ԴՕԿ կուսակցությունները:

Գյումրիի փողոցներում արդեն կարելի է տեսնել «Մենք» ՀԿ-ի ղեկավար Կարեն Սիմոնյանի պաստառները, որը գլխավորելու է «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը:

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի արտահերթ ընտրությունները մարտի վերջին կանցկացվեն:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Your browser doesn’t support HTML5

Գյումրիի քաղաքապետի թեկնածուների ցանկն ընդլայնվում է