Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու

Փաշինյանի երբեմնի թիմակիցը՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանը համարյա կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու ու արտահերթ ընտրություններ են լինելու։

Արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կամ հնարավորության վերաբերյալ ընդդիմության պնդումներին իշխանությունից մշտապես հակադարձել են, որ իրենց օրակարգում այդպիսիք չկան:

Նախկին իշխանականի կանխատեսումներն ինչի՞ հիման վրա են, ինչի՞ց է եզրակացրել Աղազարյանը. - «Ընկերական շրջապատում հիմնավորումները տալիս եմ, սենց չեմ ասի»:

Հովիկ Աղազարյանը, որ մինչև տարեվերջ իշխող թիմի անդամ էր ու տեղյակ իշխանության խոհանոցից ու ոմանց հետ էլ դեռ շարունակում է շփվել, տրամաբանում է՝ Հայաստանի արտաքին գծով զարգացումներ կան, որ արտահերթ ընտրությունները հենց Փաշինյանի իշխանության շահերից են բխում։ Հիմա ավելի մեծ է հնարավորությունը իշխանությունը նորից վերցնելու ու իր ծրագրերը առաջ տանելու համար, բացատրում է նախկին ՔՊ-ականը։

«Այդ իրադարձությունները կան և ոչ միայն իրադարձությունները, այստեղ ուրիշ պատճառներ էլ կան, որոնք իշխանության շահերից են բխում, որպեսզի գնան արտահերթ ընտրությունների», - նշեց Աղազարյանը:

Պատգամավոր Աղազարյանը Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հնաբնակներից էր, հավատարիմ թիմակիցներից։ Նրան իշխող թիմից հեռացրին Նիկոլ Փաշինյանի խնդրանքը չկատարելու ու մանդատը վայր չդնելուց հետո։

Արտահերթ ընտրությունների կանխատեսումների ֆոնին էլ ձեռքերը ծալած չի նստել, Աղազարյանը կուսակցություն է բացում, պատրաստ է իշխանությունը վերցնել ու Հայաստանը կառավարել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը կուսակցություն են հիմնում. կպայքարեն իշխանության համար

Երկար քննարկումների արդյունքում ինքն ու ընկերը կանգ են առել սեփական կուսակցությունը բացելու որոշման վրա. - «Կուսակցության կորիզը պարոն Ասլանյանն է, իմ տղաներից մեկը և ես ու ևս մի քանի երիտասարդ»:

Նախկին թիմակիցները հետաքրքրվա՞ծ են իրենց կուսակցությունով, կա՞ն դեմքեր, որ կպոկվեն ՔՊ-ից ու կգան Աղազարյանենց կուսակցություն։ «Կարծում եք, որ եթե էս խնդիրները չլինեին, ապա պարոն Ասլանյանն ու ես հանդե՞ս էինք գալու կուսակցություն հիմնելու նախաձեռնությամբ, ոչ», - նշեց նա:

Հովիկ Աղազարյանը կուսակցության ծրագիրն էլ է հրապարակել։ Մեխը կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարն է, որ խոստանում է իշխանություն վերցնելուց հետո էլ նույն կամքով շարունակել։

Իսկ հնարավո՞ր է այդ կուսակցությամբ փորձում է պաշտպանվել իրեն առնչվող քերական գործերից, որոնցից մեկը կոռուպցիոն բնույթի է, մյուսը՝ ենթադրաբար պետական գաղտնիքի հնարավոր արտահոսքի։ Վստահեցրեց, թե նույնիսկ պատգամավորական մանդատը երաշխիք չէ, ուր մնաց կուսակցությունը։

Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.