Պրահայի հանրային տրանսպրոտի եռամսյակային տոմսը ներկայիս փոխարժեքով 24 հազար 360 դրամ է. տրանսպորտը գրեթե միշտ կանգառ է հասնում ճիշտ ժամանակին, անգամ գիշերը հնարավոր է առանց ուշացումների տեղ հասնել: Փետրվարի 1-ից ուղիղ նույնչափ՝ 24 հազար դրամ կարժենա երևանյան տրանսպորտի եռամսյակային փաթեթը, ինչի դիմաց, սակայն, քաղաքապետարանը չի առաջարկում այս ծառայություններից և ոչ մեկը:
Այնտեղ՝ Չեխիայում միջին աշխատավարձը գերազանցում է 700 հազար դրամը, Հայաստանում մարդկանց իրական եկամուտները դրա կեսն էլ չեն կազմում: Ի՞նչ սկզբունքով են հաշվարկել այս սակագները, երևանցիների քանի՞ տոկոսն ի վիճակի կլինի դրան ձեռք բերել. այս հարցերն ուղղեցինք վճարային նոր համակարգի ճարտարապետերից փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին: Հստակ պատասխաններ չհնչեցին. քաղաքապետի տեղակալը հայտարարում է՝ իրենց որոշումները համայնքի ֆինանսական հնարավորություններով են պայմանավորված:
«Անվճար կամ էժան պրոդուկտ գոյություն չունի, կա՛մ քո համայնքային բյուջեն թույլ է տալիս, որ դրա ինքնարժեքը վճարես էլի քաղաքացու վճարածից, բայց անմիջական ուղևորից չվճարես, կա՛մ թույլ չի տալիս», - ասաց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Նոր տարի, նոր կանոններ. Երևանի ավտոբուսներում կանխիկով վճարել այսուհետ հնարավոր չէ«Պետք է շարունակել պայքարը». Երևանի իշխանություններն առաջարկում են ևս մեկ ամիս պահպանել տրանսպորտի ներկայիս սակագինըՄինչ փոխքաղաքապետի հանրային տրանսպորտի շեշտակի թանկացումների վերաբերյալ հարցերին ի պատասխան հիշեցրեց՝ փոխարենը Երևանում մանկապարտեզներն են անվճար, մեր հարցը, թե ըստ քաղաքային իշխանությունների՝ երևանցիների քանի տոկոսը ի վիճակի կլինի այսչափ ֆինանսական բեռի տակ մտնել, մնաց անպատասխան:
Փետրվարից ամսականը կվաճառվի 9 հազար դրամով, եռամսյակայինը 24 հազար կարժենա, տարեկան փաթեթի համար էլ անհրաժեշտ կլինի յուրաքանչյուր անձի համար միանվագ 90 հազար դրամ վճարել: Այսինքն՝ օրինակ, 4 հոգանոց ընտանիքը, որի բոլոր անդամներն ամեն օր տրանսպորտից օգտվում են,այս փաթեթներից ամենամատչելին՝ ամսականը ձեռք բերելու համար միանգամից 36 հազար դրամ պետք է նախատեսի:
Փոխքաղաքապետին ուղղված հարցը տրանսպորտից օգտվողներին էլ տվեցինք՝ այս դեպքում պատասխանը հստակ է, տարընթերցումների հնարավորություն չկա. - «Չեմ կարողանալու, թոշակառու եմ, չեմ պատկերացնում ոնց կլինի»:
Թանկացմանը զուգահեռ զեղչեր էլ կկիրառվեն, թոշակառուների համար՝ 30 տոկոս: Այսինքն նրանց համար եռամսյակային տարբերակը 16 հազար 800 դրամ կարժենա, 8-ից 17 տարեկանների փաթեթը կվաճառվի 19 հազար 200 դրամով: Նույն Պրահայում 65 տարեկանը լրացածների ու մինչև 15 տարեկան երեխաների համար քաղաքային տրանսպորտն առհասարակ անվճար է: