Ինչո՞ւ Հայաստանը չի կատարել Եվրոպական հանձնաժողովի կոռուպցիայի դեմ պայքարի խմբի՝ GRECO-ի մի շարք հանձնարարականները, մասնավորապես չի ստեղծել Ազգային ժողովում էթիկայի մշտական հանձնաժողով։
Սա այն հանձնաժողովն է, որտեղ պետք է քննարկվի պատգամավորի բացասական վարքագիծը, կայացվեն որոշումներ նրա հետագա գործունեության վերաբերյալ։
«Պետք է ասել, որ երևի թե քաղաքական կամք չկա», - ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում. այս վերնագրով GRECO-ի վերջին զեկույցում նշվում է՝ 18 հանձնարարականներից 9-ը Հայաստանը բավարար չափով է կատարել, 9-ն էլ՝ մասնակի։ Այս շարքում են պատգամավորների վարքը գնահատող էթիկայի մշտական հանձնաժողով ունենալու, նաև պատգամավորների վարքագծի կանոնագրքի ընդունման պահանջները։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է՝ էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու իրենց դիմումներին իշխանությունները պատասխանում էին, թե կա սահմանադրական արգելք։
«Օրենսդիր մարմնի ներկայացուցիչների վարքագծի հետ կապված խնդիրները, երբ որ քննարկվի, դա կբարձրացնի պատասխանատվությունը», - ընդգծեց Սաքունցը:
Սահմանադրությամբ խորհրդարանը կարող է ունենա առավելագույնը 12 մշտական հանձնաժողով։ Սաքունցը, սակայն, ուշադրություն է հրավիրում միջազգային այդ մարմնին տված իշխանության խոստումներին։ Իրենց պատասխանում չեն խոսել սահմանադրական արգելքի մասին, ավելին՝ վստահեցրել են, թե մինչև 2024-ի ավարտը մշտական հանձնաժողով ու պատգամավորի վարքագծի կանոններ կունենան։ Բայց այս տարվա ավարտին մնացել է երկու շաբաթ, ու այս փոփոխությունների մասին որևէ խոսք չկա։
«Համառորեն քաղաքական մեծամասնությունը չի նախաձեռնում, որովհետև ինքը կարող է նախաձեռնել ու ինքն ունի բավարար ձայներ», - ընդգծեց Սաքունցը:
Փաստաբան Արա Ղազարյանն, իր հերթին, կարծում է, որ իշխանությունները կարող են հաղթահարել սահմանադրական արգելքն ու լուծել էթիկայի հանձնաժողով ունենալու հարցը. - «Բնականաբար, եթե մշտական հիմքունքներով հանձնաժողով պետք է ստեղծվի, Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ արվեն»:
Ղազարյանը, սակայն, չի կարծում, որ իշխանությունները կգնան այդ քայլին։ Ընդգծում է՝ իշխող թիմը բավարարվում է կուսակցության ներսում հարցեր քննարկելով միայն, այն էլ դա անում է ոչ հրապարակային։ Ղազարյանը նաև օրինակ է բերում Փաշինյանի իշխանության օրոք նրա թիմի պատգամավորների վարքագիծը, դրանցից էր սփյուռքահայի տղամարդու վրա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թքելը։ Այս միջադեպն անցավ առանց որևէ հետևանքի, Սիմոնյանը բավարարվեց միայն Հայաստանի քաղաքացիներից ներողություն խնդրելով։
Թե՛ նրա, թե՛ մյուս պատգամավորների վարքն այդպես էլ քննության առարկա չի դարձել անգամ ժամանակավոր հանձնաժողովներում, ասում է Ղազարյանն ու ընդգծում՝ իշխանականների ձայները բավարար էին դա անելու համար, բայց չգնացին այդ քայլին, ուր մնաց՝ մշտական հանձնաժողով ստեղծեն։
«Բազմաթիվ պատգամավորների միջև բարեվարքության էթիկական խնդիրներ են ծագել, բայց կոնկրետ որևէ գործով վաղուց չենք լսել որևէ հանձնաժողովի որոշման մասին», - ընդգծեց փաստաբանը:
Իշխող թիմն այժմ ընդդիմության հետ այս հարցով քննարկումների մեջ է. Լիլիթ Մինասյան
Իշխող թիմն այժմ ընդդիմության հետ այս հարցով քննարկումների մեջ է, «Ազատությանը» փոխանցեց իշխանական պատգամավոր Լիլիթ Մինասյանը։ Ասաց՝ քննարկում են փոխզիջումային տարբերակ, որ չխախտեն Սահմանադրությունը, այլ մանրամասներ չհայտնեց։
GRECO-ն գնահատել է նաև դատական համակարգում իր առաջարկների կատարումն ու եզրակացրել՝ որոշ հարցեր մասնակի են լուծվել։ Կառույցն առաջարկել էր ստեղծել դատավորների կարգապահական տույժերը բողոքարկելու մեխանիզմ, նվազեցնել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում Արդարադատության նախարարության դերը։ Բայց միջազգային կառույցի առաջարկները մնացել են թղթի վրա։
Արա Ղազարյանի գնահատմամբ՝ այս հարցում ևս իշխանությունները միտումնավոր հապաղում են. - «Ես չգիտեմ, թե քաղաքական իշխանությունն ինչ նպատակ է հետապնդում, փաստն այն է, որ այնտեղ, որտեղ դատական իշխանությունը լուրջ հակակշիռ է ուզում գործադիր իշխանությանը, այդ հակակշիռը չի ստեղծում»։
Հայաստանի իշխանությունները GRECO-ին հայտնել են, թե այս տարեսկզբին Սահմանադրական դատարանը հաստատել է Արդարադատության նախարարի՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասությունը։ Եվ այս իրավասությունը կչեղարկեն, երբ դատավորների Ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը սկսի արդյունավետ գործել։ GRECO-ին փոխանցված տվյալներով, դատավորներից բաղկացած այս հանձնաժողովը մի քանի հարյուր գործերից միայն 13 կարգապահական վարույթ է հարուցել և դրանցից միայն մեկն է ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ, որ վերջինս լուծի դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը։ Իսկ Արդարադատության նախարարությունն ավելի ակտիվ է այս հարցում։
Ինչ վերաբերում է դատավորներին պատասխանատվության ենթարկելու որոշումները բողոքարկելուն, ապա իշխանությունները GRECO-ին հայտնել են, որ նման մեխանիզմ կա. ԲԴԽ կազմում պետք է հանձնաժողով գործի, բայց դեռ չկա որոշում՝ չորս անդամից բաղկացած հանձնաժողով ստեղծելու մասին։ Այն մշակվում է Եվրոպայի խորհրդի փորձագիտական աջակցությամբ։ Արա Ղազարյանը, սակայն, պնդում է՝ դատավորներին պետք է պատասխանատվության ենթարկեն միայն դատավորները, այն էլ ոչ թե քննեն նրանց կայացրած որոշումները, այլ՝ վարքագիծը։