«Գուցե վերջին օդանավով հասցրեցինք դուրս գալ Սիրիայից». Հալեպի գրավումից առաջ Հայաստան տեղափոխված սիրիահայ

Հալեպի գրավումից մոտ երկու շաբաթ առաջ Ծովիկ Հալաջյան-Թորոսյանն ամուսնու հետ լքել է երկիրը՝ թողնելով տուն-տեղ, բիզնես... արդեն զգում էին՝ մի բան այն չէ:

«Գուցե և վերջին օդանավով հասցրեցինք դուրս գալ Սիրիայից», - ասաց նա։

Անորոշություն է, իսլամիստ զինյալների վերահսկողության տակ անցած երկրում սպասողական վիճակ է... Տիկին Ծովիկն անհանգիստ է հարազատների համար։ Այսօր առավոտյան հասցրել էր զրուցել քրոջ աղջկա հետ, վախեր ունեն. հեշտ չէ 13 տարի պատերազմով անցնելուց հետո 2 օրում նոր իրականության մեջ հայտնվել։

«Ամեն մարդու արդար իրավունքն է՝ հանգիստ ապրել», - ասում է սիրիահայ կինն ու ավելացնում՝ Հայաստանի հետ իր կապը նոր չէ, գնացել-եկել է, հիմա էլ ծանոթ - բարեկամներն են օգնել, որ Կինոյի տան հարակից գետնանցումում մի փոքրիկ կրպակ բացի, հագուստ վաճառի։ 25 տարվա բիզնես ուներ Սիրիայում, հույս ունի, որ աշխատանքային փորձը կօգնի Հայաստանում էլ առաջ գնալ։

«Հուսամ լավ կլինի՝ լինի այստեղ, լինի այնտեղ», - նշեց Ծովիկ Հալաջյան-Թորոսյանը:

Հարևան կրպակում սիրիական անուշեղեն ու համեմունքներ վաճառող Պետրոս Քիրազյանի օրինակը հուսադրող է։ Սիրիահայ տղամարդը 2011-ին՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկին է ընտանիքով դուրս եկել երկրից։

Բարեկամների հետ զրույցներում քաղաքական շատ հարցեր չեն քննարկում, ասում է՝ մտահոգությունները շատ են, հանկարծակի վրա հասած նոր իրականությունը անլուծելի խնդիրներ է առաջացրել։

13 տարիների ընթացքում սիրիական արտադրանքով Հայաստանում բիզնես հիմնած տղամարդը չգիտի՝ քաղաքական անորոշությունն ինչպե՞ս կանդրադառնա իր բիզնեսի վրա։

Սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր ավելի քան 20 հազար հայ է ժամանել Սիրիայից Հայաստան։ Բոլորի համար, սակայն, մայր հայրենիքը վերջին կանգառ չդարձավ։

Հիմա հստակ տվյալներ չկան, թե այս պահին որքան հայ է բնակվում Սիրիայում, պարզ չէ նաև՝ կկայանա՞ արդյոք ավելի վաղ հայտարարված Դամասկոս-Երևան դեկտեմբերի 14-ի չվերթը։

Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.