Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե

Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ մամուլի հրապարակումներն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար, «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից:

Պատգամավոր Աղազարյանի հեռախոսը հենց Հակակոռուպցիոն կոմիտեում էին առգրավել, վստահեցրել պատգամավորին, թե այն իրենց հետաքրքրում է բացառապես Քննչականի նախկին պետ Քյարամյանի հետ միջադեպի գործով: Հետագայում դրա պարունակությունը, այդ թվում՝ Աղազարյանի պնդմամբ՝ անձնական նամակները, հասան վարչապետին և մյուս ՔՊ-ականներին:

Աղազարյանի շուրջ այս պատմությանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը: Կառավարության ղեկավարն SMS հաղորդագրությամբ երկու պատգամավորի էր դիմել մանդատը վայր դնելու հարցով: Նարեկ Զեյնալյանը հաջորդ օրն առանց քննարկելու կատարել էր Փաշինյանի խնդրանքը, իսկ Աղազարյանը՝ դիմադրել:

Վարչապետը խորհրդարանում հայտարարեց՝ տարբերակ կգտնեն նախկին թիմակցին մանդատից զրկելու համար:

Աղազարյանը նախկին թիմակիցներին, նրանք էլ Աղազարյանին մի քանի անգամ առաջարկել են հանրայնացնել այն, ինչ համարում են պետական անվտանգությունը խաթարող տեղեկություն: