Արևմտյան Հայաստան - «Արևմտյան Ադրբեջան» վարչապետի զուգահեռը՝ քննադատության թիրախում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերությանը, 22-ը նոյեմբերի, 2024թ.

Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետը կանաչ լույս վառում Ադրբեջանի տարածքային հավակնությունների համար, երբ պատմական կեղծիքի դեմ պայքարելու փոխարեն հենց ինքն է այն դարձնում քննարկման առարկա. Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից խիստ զայրացած է Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ ինչպե՞ս է երկրի ղեկավարը նման զուգահեռ անցկացնում առանց մասնագետների հետ խորհրդակցելու:

«Զուգահեռներ երբ մենք անցկացնում ենք, դա նշանակում է, որ մենք պատմական կեղծիքը ադրբեջանցիների թույլ տված, որով նրանք «Արևմտյան Ադրբեջան» ասելով հասկանում են ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը՝ բացահայտ նկրտումներ ունենալով Հայաստանի տարածքի նկատմամբ և չբավարարվելով Արցախով, արդեն ինքնին դա ամեն ինչ պարզ էր, և մենք փաստորեն դրանով ջրաղացին ջուր ենք լցնում մեր հարևանների», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Մելքոնյանը:

Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյան, արխիվ

Ուրբաթ օրը Հանրայինին տված հարցազրուցում վարչապետ Փաշինյանը բացի Հայաստանի Անկախության հռչակագիրը քննադատելուց, այս անգամ արդեն նույն հարթության վրա դիտարկեց Արևմտյան Հայաստանն ու Բաքվի առաջ քաշած «Արևմտյան Ադրբեջան»-ը:

«Հիմա մենք ինչքան նեղվում ենք և շատ ծանր ենք տանում և պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞, բա մենք որ ասում ենք Արևմտյան Հայաստան, չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է: Ոնց որ ասում են «Արևմտյան Ադրբեջան», մեզ է գրգռում, տենց էլ ոնց որ ասում ենք Արևմտյան Հայաստան, որիշներին է գրգռում», - հայտարարեց վարչապետը:

Բաքուն ամենաբարձր՝ երկրի ղեկավարի մակարդակով Հայաստանի տարածքի մի մասն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», դրա վրա կառուցում պետական քաղաքականություն: Ամիսներ առաջ նախագահ Ալիևն անգամ պահանջում էր հստակ ասել՝ ինչպե՞ս կարող են ադրբեջանցիները վերադառնալ «իրենց պատմական հողերը»: Մինչդեռ Հայաստանում «Արևմտյան Հայաստանի» մասին խոսում են որպես պատմական հիշողություն, ոչ ավելին, վարչապետին հակադարձում է հրապարակախոս, պատմաբան Կարպիս Փաշոյանը: Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նախ Արցախի էջն է փորձում փակել:

«Ինքը ուզում է Արցախ եզրույթը, Արցախ գաղափարը ջնջի մարդկանց հիշողությունից, իսկ դրա համար ինչ է պետք՝ Արցախը կարգավիճակով հավասարեցնել կորուսյալ, միֆական հայրենիքին, այսինքն՝ Արցախ, Էրզրում, Կիլիկիա և այլն, և Արցախը հավասարեցնելով այդ կորուսյալ բնակավայրերին, կորուսյալ էրգրին, ջնջի», - «Ազատության» հետ զրույցում պնդեց Փաշոյանը:

Պատմության ինստիտուտի տնօրենը ևս վարչապետի ասածի տողատակում Արցախի հարցն է տեսնում. - «Քանի որ Արցախն այլևս մեր հսկողության ներքո չէ, էդ նշանակում է, որ Արցախի անունը տալ՝ նշանակում է վտանգել Հայաստանի Հանրապետությունը: Բացարձակապես... Բա Աստված մի արասցե՝ վաղը Սյունիքը գրավեն, ուրեմն՝ Սյունիքի անունը չպիտի տանք, վաղը, չգիտեմ, Վարդենիսը գրավեն՝ Վարդենիսի անունը չպիտի տանք, էդպես մինչև ո՞ւր ենք հասնելու»:

Վարչապետը, մինչդեռ, պնդում է, թե պատասխանատվությունից ելնելով է ժողովրդի հետ այդ մասին խոսում, այլապես երկիրը կտանի դեպի պետականության կորուստ: Փաշինյանի գործողությունները, ըստ հրապարակախոսի, ճիշտ հակառակի մասին են՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում պատասխանատու դարձնել անգամ տատիկ, պապիկներին:

«Ուզում է իր հետ նաև պատասխանատու դարձնել ամբողջ բնակչությանը, որ եթե վաղը հանկարծ խաղաղության գործընթացը չստացվի, պատասխանատվությունը բարդի տատիկ, պապիկների վրա, որոնք հիշում են Մուշը, Սասունը, Էրզրումը և մնացյալ բնակավայրերը: Այսինքն՝ «դուք եք մեղավոր, որովհետև դուք չփոխեցիք ձեր ինքնությունը, դուք չփոխեցիք ձեր մշակույթը», - նշեց Կարպիս Փաշոյանը:

Պատմաբանները մտավախություն ունեն, որ վարչապետ Փաշինյանի հայտարարությունները Բաքուն կօգտագործի Հայաստանին նոր պահանջներ ներկայացնելու համար:

«Զուգահեռները էնպիսին են, որ Ադրբեջանին հիմք են տալիս ասելու, որ, այ, տեսեք, դուք եք գրգռել մեր եղբայր թուրքերին Արևմտյան Հայաստան տերմինը գործածելով, մենք էլ մեր պատմական հայրենիքի նկատմամբ իրավունքներ ունենք, որպիսին Արևմտյան այսպես կոչված Ադրբեջանն է», - ընդգծեց Աշոտ Մելքոնյանը:

Հրապարակախոս Փաշոյանին մեկ այլ հանգամանք ևս մտահոգում է: Ասում է՝ Հայաստանի ղեկավարը, որ իշխանության գալուց հետո հայտարարում էր, թե Սևրի պայմանագիրը պաշտոնական Երևանի ուշադրության կենտրոնում է, այժմ մեկ այլ վտանգավոր քայլ է անում. - «Ոնց որ ռացիոնալի մորթի հագած գառներ լինեն՝ ՔՊ-ականները, էդ աստվածաշնչյան ձևակերպումներն եմ բերում. առերևույթ առաջնային պլան են մղում էդ իռացիոնալ միֆերը, որոնք մեր մոտ եղել են, մարդիկ դրա մասին խոսել են՝ էրգիր, հայրենիք, Հայ դատ, և այլն, բայց թիրախավորելով դրանք՝ ինքը կործանում է նաև տասնամյակների մեր պետության քաղաքականությունը»:

Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվող «Արևմտյան Ադրբեջանի» թեզը նույնիսկ փառատոնների անցկացման առիթ է դառնում, անցած տարի անգամ պաշտոնական Երևանն էր բողոքել, որ պետական հեռուստաընկերության եղանակի տեսությունում Հայաստանի մայրաքաղաքը ներկայացվել էր որպես ադրբեջանական տարածք։