Աղազարյան․ ինձ նման խոշորագույն գործչին վարչապետը չի ստիպի մանդատից հրաժարվել

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը կասկած չունի` ոչ վարչապետ Փաշինյանը, ոչ էլ նրանից ներքև՝ թիմակիցները իր կամքին հակառակ քայլեր չեն անի․ չեն ստիպի, որ պատգամավորի մանդատը վայր դնի։

Կառավարության անդամների հրաժարականների օրերին լրատվամիջոցները գրեցին՝ մանդատները վայր դնելու հորդորներ վարչապետից պատգամավոր Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանն էլ են ստացել։ Պատգամավորական աթոռից հրաժարվելու մասին Զեյանլյանը երեկ գրառում արեց՝ առանց որևէ բացատրության։

Աղազարյանը պնդում է՝ Փաշինյանն անգամ ակնարկ չի արել իր հեռանալու մասին՝ նշելով. - «Ես մեր թիմում սիրված ու հարգված պատգամավոր եմ, ու եթե մի բան այն չեմ անում, բոլոր կրտսեր ընկերներն ինձ կարող են դիտողություն անել, ես ընդունում եմ, հետևաբար իմ մանդատի գլխին որևէ մեկը տրամադրված չի քար գցելու»:

Ազգային ժողովում Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպից հետո ՔՊ-ում կարգապահական վարույթ է հարուցվել։ Հովիկ Աղազարյանը երեկ հրավիրվել է կուսակցություն՝ հարցաքննության․ վարչապետն էլ է ներկա եղել, բայց հարցեր չի տվել։ Վարչության մյուս անդամներն են բացատրություններ պահանջել՝ ի՞նչ հանգամանքներում է Աղազարյանը «արա»-ով դիմել Քննչականի ղեկավարին, ինչո՞վ է բացատրում Քյարամյանի հայտարարությունը, թե պատգամավորը փորձել է միջամտել որդուն առնչվող քրեական գործին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ոտքից գլուխ արան ես». «տղայական» լեզվակռիվ Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի միջև ԱԺ-ում

Կուսակցականների ու պատգամավոր Աղազարյանի հարցաքննությունը մոտ 30 րոպե է տևել։ Մանրակրկիտ բացատրել է՝ ինչու բորբոքվեց։ Ի՞նչ տպավորություն ստացավ հարցաքննությունից. կուսակցական վարույթն իր դեմ, թե՞ օգտին կհանգուցալուծվի՝ Աղազարյանը դժվարանում է կանխատեսել։

Հովիկ Աղազարյանը դեռ այս քննարկումներից առաջ էր «Ազատության» հետ զրույցում անկեղծացել՝ շատ է ուզում հաջորդ Ազգային ժողովում էլ պատգամավոր աշխատել, որ բնակարանի հիպոթեքը կարողանա փակել։ Վիրավորված է, որ այս օրերին այդ խոստովանությունը շահարկում են, թե մանդատ կորցնելուց հետո վարկը ոնց կփակի։

«Եթե վարկ ունեմ, պետք է կաշկանդված լինե՞մ», - զայրանում է իշխանական պատգամավորը։

Աղազարյանը միայն կուսակցությունում չէ, որ հրավիրվում է հարցաքննության, Հակակոռուպցիոն կոմիտեից էլ հանգիստ չեն տալիս։ Ինչպես ինքն իրեն բնութագրեց՝ պետական խոշորագույն գործչին մանր եղջերավորների գործով են տանում - բերում։ Քրեական մի վարույթով կասկած կա, որ Աղազարյանը ոչխարների արտահանման բիզնես է հովանավորել։ Այս գործով էլ իշխանական պատգամավորի ճակատագիրը դեռ հայտնի չէ, նա որևէ կարգավիճակ չունի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հովիկ Աղազարյանը մանր եղջերավորների գործով հրավիրել է Հակակոռուպցիոն կոմիտեՄանր եղջերավորների արտահանման գործով մեծ պատմության մեջ է ընկել Հովիկ Աղազարյանը