«Ձախողում բոլոր ուղություններով». Լևոն Զուրաբյանը՝ պաշտոնանկությունների մասին

«Ձախողում բոլոր ուղություններով», - անդրադառնալով երեկվա պաշտոնակնություններին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայ Ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զորաբյանը:

Նախօրեին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը և Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարեցին, որ լքում են պաշտոնները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ ինքն է խնդրել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների թողնել զբաղեցրած պաշտոնները՝ վստահեցնելով՝ պաշտոնանկություններն անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին խոսել է։

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Ինչո՞վ եք բացատրում վերջին պաշտոնանկությունները:

Զուրաբյան. - Ես հետևել եմ տարբեր վարկածների, էլ ինչ ասես չեն ասում՝ ընտրությունների է նախապատրաստվում, փորձում է ինչ-որ կարգուկանոն հաստատել և այլն: Ես կարծում եմ, որ բոլոր նման ասողները շատ հեռու են իրականությունից, որովհետև հնարավոր չի բռնես ու միանգամից մի ձեռքով տապոռով սաղին մաքրես, հանես և այլն, էդպիսի բան չի լինում, այն էլ ուժային կառույցներում: Անիմաստ ակցիա է, չնայած ես ասում եմ՝ նրանք և՛ կոռումպացված են, և՛ իրենց գործը լավ չեն կատարում և այլն, բայց պետք է շատ կոնկրետ անհատական հասցեագրված բաներ անել, ընդ որում, հիմնավորել: Ոչ մի նման հիմնավորում չի տրվում. արվում է հետևյալը՝ Նիկոլ Փաշինյանը վեր է կենում մի օր թրաշվում է, նկարում է այդ ամբողջ գործընթացը, մարտուցում մեր հանրապետությանը, մոտավորապես խորհրդանշական տպավորություն ստեղծելով, որ ես փոխվում եմ, ես նորից էն Արշակ Սադոյան Նիկոլն եմ, դուրս եմ գալիս բոլորին հայհոյում և այլ, էդ բանը ստեղծում, մյուս օրը գնում ասում է՝ իմ համբերությունը հատվել է, 18-ին համբերեցի, 19-ին համբերեցի, 20-ին համբերեցի: Ի՞նչ է նշանակում համբերել ու արդեն իշխանության էս 6 տարուց ավելի: Ինչի՞ ես համբերել էդքան ժամանակ:

«Ազատություն». - Ասում է՝ ինչ ուզել եք տվել եմ:

Զուրաբյան. - Այսինքն՝ 6 տարի տվել է, 6 տարի հետո նոր իր համբերության բաժակը լցվում է կամ հատվում է իր համբերությունը: Դա մանկապարտեզ է: Իրականությունը հետևյալն է. Նիկոլը շատ լավ հասկանում եմ, որ ինքը ձախողում է կառավարումը բոլոր բնագավառներում ու անվտանգության մասին չխոսենք, Ղարաբաղը կորսված է, մենք հայտնվել ենք անելանելի ու շատ ծանր, խոցելի վիճակում, պարզվեց տնտեսությունը, եթե ինչ-որ մի փոքր աճ գրանցել էր, դա կապված էր նաև, որ ռուսները, բելառուսները, ուկրաինացիք պատերազմից փախնելով եկել էին Հայաստան, էն էլ ոչ մի բան չարեց, որ նրանք մնան, բոլորը գնացին տարբեր երկրներ: Կրիմինոգեն վիճակը վերջին տարիների ընթացքում ամենավատն է. այսինքն՝ անվտանգությունը շատ ծանր վիճակում է գտնվում, սպանություններ, կողոպուտ և այլն. ձախողում բոլոր ուղություններով: