Առողջության համապարփակ ապահովագրությունը մյուս տարի էլ ուժի մեջ չի մտնի

Առողջության համապարփակ ապահովագրությունն անգամ 2025-ին ուժի մեջ չի մտնի։

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, «Ազատության» հարցին ի պատասխան, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ 2025-ի բյուջեում դրա համար միջոցներ պլանավորված չեն։

«Ծախսերը ներգրավված չեն 2025-ի բյուջեում, դրա համար միջոցներ պլանավորված չեն», - ասաց նախարարը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ 2024-ի հուլիսից ապահովագրական փաթեթը կգործի այն քաղաքացիների համար, որոնք այսօր պետական պատվերի շահառու են: Հետո սակայն այս ժամկետն էլ ձգձգվեց:

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ ֆինանսների նախարարությունը չի հաստատում ծրագիրը, Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Գտել ենք, որ նախապատարստական որոշակի աշխատանքներ պետք է արվեն՝ համակարգը սահուն ներդնելու համար: Կարծում ենք, որ պետք է ավելի լավ նախապատրաստվեն՝ ոլորտի բարեփոխումներ, թվային համակարգեր, ռիսկերի կառավարում, հիվանդանոցային կարողություններ…: Երբ համակարգը ներդրվի, կտրուկ կբարձրանա առողջապահական ծառայությունների պահանջակը»:

Դիտարկմանը, թե իշխանությունը մի կողմից խոսում է վիզաների ազատականացման մեկնարկի մասին, մյուս կողմից պարզվում է, որ դրա կարևոր բաղկացուցիչ մասերից մեկն՝ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը, ձգձգվում է ու 2025-ին էլ չի լինի և հարցին, թե սա չի՞ նշանակում, որ այդ պրոցեսն առնվազն մեկ տարի փակուղի է մտնում, սա ձախողում չէ՞, նախարարը պատասխանեց․ - «Ես վիզաների ազատականացման նախապայամններից տեղյակ չեմ: Արդյո՞ք դա նախապայամն է, թե ոչ՝ չգիտեմ: Մենք ասում ենք կունենան, բայց , երբ՝ չեմ կարող ասել»:

Բրյուսելի հետ վիզաների ազատականացման հարցով երկխոսությունը մեկնարկեց այս տարվա սեպտեմբերին։

Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ ակնկալում է գործընթացն ավարտին հասցնել 2-ից 3 տարում։ Փոխարտգործնախարարներ Պարույր Հովհաննիսյանն ու Վահան Կոստանյանը կարծիք էին հայտնել, որ մոտավորապես այդքան ժամանակ կպահանջվի Հայաստանից՝ անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնելու համար:

Հովհաննիսյանը մանրամասնել էր՝ հայաստանցիների համար Եվրամիության վիզային ռեժիմը կվերացվի, եթե Երևանը զգալի բարեփոխումներ անի մի շարք ուղղություններով՝ մարդու իրավունքներից, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարից մինչև առողջապահական ապահովագրությունների համակարգի բարելավում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ակնկալում է վիզաների ազատականացման գործընթացն ավարտին հասցնել 2-ից 3 տարում

Առավել մանրամասն տե՛ս այստեղ