Մատչելիության հղումներ

Երևանն ակնկալում է վիզաների ազատականացման գործընթացն ավարտին հասցնել 2-ից 3 տարում


Հայաստանն ակնկալում է վիզաների ազատականացման գործընթացն ավարտին հասցնել 2-ից 3 տարում։ Ամեն դեպքում փոխարտգործնախարարներ Պարույր Հովհաննիսյանն ու Վահան Կոստանյանը կարծում են, որ մոտավորապես այդքան ժամանակ կպահանջվի Հայաստանից՝ անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնելու համար:

Բրյուսելի հետ վիզաների ազատականացման հարցով երկխոսությունը մեկնարկեց 2 օր առաջ:

«Կարծում եմ, որ իրատեսական է երկու-երեք տարում ավարտել գործընթացը։ Հայկական կողմը պատրաստակամ է, առանց ժամանակ կորցնելու, առաջ ընթանալ։ Հույս ունենք, որ կարճ ժամանակում կհասնենք դրական արդյունքների», - «Ազատության»-ն ասաց Կոստանյանը։

Հովհաննիսյանն էլ հավելեց․ - «Ամեն դեպքում անհաղթահարելի ոչ մի բան չկա։ Աշխատանք է պահանջվում բոլոր նախարարությունների հետ, ներառյալ արտգործնախարարությունը, թե՛ Բրյուսելի, թե՛ անդամ երկրների հետ, բայց կարծում ենք՝ այդ գործընթացը կկարողնանք տանել հնարավորինս արագ։ Ամեն դեպքում, բավականին լավատեսական ենք տրամադրված․ կարծում եմ՝ երկու-երեք տարի առնվազն պետք կլինի, որ ավարտենք այդ բոլոր գործընթացները»։

Հայաստանցիների համար Եվրամիության վիզային ռեժիմը կվերացվի, եթե Երևանը զգալի բարեփոխումներ անի մի շարք ուղղություններով՝ մարդու իրավունքներից, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարից մինչև առողջապահական համակարգի բարեփոխումներ։

«Տարբեր հարցեր են ներառվելու․ սկսկած տեխնիկականից, դա բիոմետրիկ անձնագրերի ներմուծումն է, սկսած առողջապահական ապահովագրությունների համակարգը բարելավելուց, որոշ օրենսդրական փոփոխություններ։ Հիմնականում մարդու իրավունքների ոլորտում, որ առանց էդ էլ մեզ մոտ բավականին առաջընթաց էր այս ուղղությամբ, բայց՝ լրացուցիչ քայլեր։ Սահմանի անվտանագության հետ կապված որոշակի հարցեր՝ բարելավում, մեր արտաքին սահմանների մասին է՝ հավաստիացումներ, որ երկիրը էֆեկտիվ իրականացնում է վերահսկողությունը», - ասաց փոխարտգործնախարար Հովհաննիսյանը։

Պարույր Հովհաննիսյան
Պարույր Հովհաննիսյան

Քանի որ վիզաների ազատականացման հարցով ԵՄ-Հայաստան երկխոսության օրակարգում է նաև Հայաստանի սահմանների անվտանգության և վերահսկողության հարցը, հնարավո՞ր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման բացակայությունը խոչընդոտի գործընթացին։

Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը վստահեցնում է ՝ նման հարց գոյություն չունի։

Հետխորհրդային մի շարք երկրների, մասնավորապես, Վրաստանի և Աբխազիայի, Մոլդովայի և Մերձդնեստրի հակամարտությունները չխանգարեցին, որպեսզի Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիներն առանց վիզայի Եվրամիության երկրներ ճամփորդելու հնարավորություն ստանան։

«Հայաստանի հետ շփումներում, վիզալիբերալիզացիայի կոնտեքստում, նման հարց չի բարձրացվել և կարծում ենք, որ չի էլ բարձրանա», - ասաց Կոստանյանը։

Վահան Կոստանյան
Վահան Կոստանյան

Ինչ վերաբերում է մի շարք ոլորտներում պահանաջվող բարեփոխումներին, ապա փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ասում է, որ բարեփոխումները նաև Հայաստանի ներպետական օրակագում են, որոնք համընկնում են Եվրամիության ազատականցման գործընթացի օրակարգի հետ։

«Նույն առողջապահության ապահովագրության հետ կապված գործընթացները՝ մենք ունեինք մեր ներքին որոշումը, որ դա պետք է ի վերջո իրականացվի, և դա ճիշտ բարեփոխում է, որով մենք պետք է առաջ գնանք», - ասաց Կոստանյանը։

Վիզաների ազատականացման համար պահանջվող առողջապահության ապահովագրության համակարգի առաջին փուլը Հայաստանում պետք է մեկնարկեր երկու ամիս առաջ, դեռ հունվարին խոստացել էր առողջապահության նախարարը։

«2024 թվականի հուլիսից ապահովագրական փաթեթը կգործարկվի», - հայտարարել էր Անահիտ Ավանեսյանը։

Անահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյան


Սակայն հուլիսին համակարգն այդպես էլ չգործեց։ Նոր ժամկետների մասին դեռ տեղեկություններ չկան։ «Այո՛, հունիս ամսին մենք չենք հասցնի», - վերջերս հայտարարեց առողջապահության նախարարը։

Մինչդեռ կառավարությունը ծրագրում էր, որ այս տարի ապահովագրական համակարգին կմիանան սոցիալական հատուկ խմբերը, 2025-ին՝ պետական աշխատողները, 2026-ին՝ մասնավոր հատվածի բոլոր աշխատողները, իսկ արդեն 2027-ին ապահովագրության փաթեթ պետք է ունենար բնակչության 95 տոկոսը։

Եվրամիության պահանջած մյուս բարեփոխման՝ բիոմետրիկ անձնագրերի վերաբերյալ էլ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ այժմ մասնավոր ընկերություն են ընտրում՝ համակարգի ներդրման համար։ Որակավորման փուլն, ըստ նրա, անցել են 3 ընկերություններ, որոնցից մեկը պետք է ընտրվի 2025-ի գարնանը։ Իսկ դրանից հետո արդեն մեկ տարվա ընթացքում, մինչև 2026-ի գարուն, այդ ընտրված ընկերությունը պետք է ներդնի բիոմետրիկ անձնագրերի համակարգը և սկսի անձնագրերի տրամադրումը։

Արմեն Ղազարյան
Արմեն Ղազարյան

Նույնիսկ, եթե կառավարությունն առողջապահության ապահովագրութան, բիոմետրիկ անձնագրերի ներդրման մեծածավալ աշխատանքը, ինչպես նաև օրենսդրական մի շարք փոփոխություններ իրականացնի իր իսկ նախանշած 2-3 տարում, այն դեռ վիզաների ազատականցում չի երաշխավորում։ Վերջնական հաստատման համար հարցը պետք է միաձայն հավանության արժանանա ԵՄ անդամ երկրների և Եվրոպական խորհրդարանի կողմից։

Եվրամիության հետ վիզաների ազատականացման ճանապարհն որոշ երկրների համար երկար ընթացք է ունեցել՝ Մոլդովայի դեպքում 3-4 տարի, Վրաստանից 5 տարի պահանջվեց, Ուկրաինայից՝ 9, իսկ Թուրքիայի հետ բանակցությունները 10 տարուց ավելի է դեռ շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG