Երկու շաբաթ՝ մինչ ընտրությունները. Հարիսն ու Թրամփը նախընտրական հավաքների իրենց գրաֆիկն էլ ավելի են ծանրաբեռնում

Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուները դեռ երկու շաբաթ ժամանակ ընտրողներին համոզելու համար։ Նոյեմբերի 5-ին Միացյալ Նահանգները կընտրի 47-րդ նախագահին:

Դեմոկրատ Քամալա Հարիսն ու հանրապետական Դոնալդ Թրամփն նախընտրական հավաքների իրենց գրաֆիկն էլ ավելի են ծանրաբեռնում՝ կենտրոնանալով այն նահանգների վրա, որոնց ձայնը վճռորոշ է համարվում:

Փոխնախագահ Հարիսն, օրինակ, նախօրեին միանգամից երեք նահանգ է այցելել: Փենսիլվանիայում նա հավատացրեց՝ իր քաղաքականությունը Բայդենի շարունակությունը չի լինելու:

«Ես իմ գաղափարներն եմ բերում, իմ փորձը, այստեղ խոսքը նաև վերջն տասնամյակի ամերիկյան խոսույթն անցյալում թողնելու մասին է, որը Դոնալդ Թրամփի ազդեցության տակ էր», - նշել է Հարիսը։

Նախագահի հանրապետական թեկնածուն էլ խիստ մրցակցային համարվող Հյուսիսային Կարոլինայում էր փորձում աջակցություն ստանալ՝ հորդորում էր գնալ ընտրատեղամասեր, չնայած դժվարություններին։ Քարոզչական օրվա ավարտին էլ Հարավային Կարոլինայում Թրամփը քրիստոնեական միջոցառման էր մասնակցում:

«Երբ հետ եմ նայում իմ անցած ճանապարհին, հասկանում եմ ՝ Աստծո ձեռքն է ինձ առաջնորդել այնտեղ, որտեղ հիմա եմ», - ասել է Դոնալդ Թրամփը:

Այս ընտրություններում ֆավորիտ չկա, թեկնածուների շանսերը գրեթե հավասար են գնահատվում։ Բայց մինչ նրանք վերջին արշավներն են անցկացնում, շատ ընտրողներ արդեն կողմնորոշվել են: Քիչ չեն նաև թեկնածուներից և ոչ մեկին չվստահողները:

Ակտիվ ընտրապայքարը մեկնարկեց ամիսներ առաջ․ արշավներ, հավաքներ, ելույթներ, բանավեճեր… ծախսված միլիոններ, շատերը պարզապես ցանկանում են, որ այս ամենը շուտ ավարտվի. - «Միանշանակ լարվում եմ, հիմա ես մի կետում եմ, երբ պետք է որոշել, թե ով է չարյաց փոքրագույնը»:

Պարբերաբար անցկացվող հարցումների համաձայն՝ Քամալա Հարիսը փոքր առավելություն ունի։ Ըստ «Ռոյթերս» գործակալության վերջին հարցման՝ նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 45 տոկոսը, Թրամփի օգտին՝ 42-ը։