Ռուսաստանի նախագահը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Հյուսիսային Կորեայի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիրը, որը երկու երկրների նախագահները ստորագրել էին չորս ամիս առաջ։ Այն, փաստացի ենթադրում է, որ Փհենյանն ու Մոսկվան ռազմական դաշինք են կնքում։
Հրապարակված փաստաթղթի չորրորդ հոդվածը, մասնավորապես, նշում է՝ եթե կողմերից որևէ մեկը ռազմական հարձական ենթարկվի այլ պետության կամ պետությունների կողմից, և հայտնվի պատերազմում, մյուսն անհապաղ ռազմական և այլ աջակցություն կցուցաբերի։
«Մենք Կրեմլի կողքին ենք նաև Ուկրաինայի դեմ պատերազմում», - անցած հունիսին հայտարարել էր Կիմ Չեն Ընը, հավելելով, - «Մենք կշարունակենք էլ ավելի ամրապնդել ռազմավարական հաղորդակցությունը Ռուսաստանի ու այդ երկրի ղեկավարության հետ ՝անգամ այդ բարդ աշխարհքաղաքական իրավիճակումև կշարունակենք աներկբա աջակցել Ռուսաստանի քաղաքականությանը»։
Անցած ամիսներին արևմտյան լրատվամիջոցները հաղորդեցին՝ Հյուսիսային Կորեան հրետանային արկեր է մատակարարում Ռուսաստանին։ Ոչ միայն զինամթերք, այլև՝ մարդուժ․ անցած մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Ուկրաինայի նախագահն է հայտարարում։
«Նոր հանդիպեցի կառավարության, հետախուզության ու զինուժի հետ՝ մի շարք հարցեր քննարկելու, դրանց շարքում հետախուզության զեկույցն էր՝ աշնան և ձմռան վերաբերյալ ռուսների պլանների, պատերազմում Հյուսիսային Կորեայի ակտիվ ներգրավվածության, ինչպես նաև այլ երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների մասին, որոնք, ցավոք, նպաստում են պատերազմի երկարաձգմանը», - երեկ երեկոյան ասել է նա։
Հյուսիսային Կորեայի ու Ռուսաստանի սերտ հարաբերությունները տասնամյակների պատմություն ունեն, և սկսվում են դեռ խորհրդային բռնապետ Ստալինից ու Կիմ Իլ Սոնգից, ով Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընի պապն էր։ Ինչպես այն ժամանակ, այսօր էլ կողմերին միավորում են արևմուտքին հակադրվող շահերը, ասում է Օքսֆորդի համալասարանի քաղաքագետ Էդվարդ Հովելը։
«Ռուսաստանն այս գործարքից ստանում է սպառազինություն, մեծաթիվ զենք-զինամթերք։ Հյուսիսային Կորեան՝ կանխիկ փող, պարենային օգնություն, և որ ամենակարևորն է, և ինչը Կիմ Չեն Ընն ամենից շատ է ուզում՝ առաջատար ռազմական, արբանյակային ու միջուկային տեխնոլոգիաներ։ Պուտինի ու Կիմ Չեն Ընի համատեղ հայտարարությունը ցույց տվեց, որ նրանց հարաբերությունները կարող են դուրս գալ Ուկարինայի դեմ պատերազմի շրջանակներից, դրանք երկարաժամկետ են», - ասել է Հովելը։
Ռազմական համագործակցության մասին նոր գործարքով կողմերը խոստանում են մեկը մյուսին օգնության գալ կարիքի դեպքում, ինչպես նաև չկնքել որևէ դաշինք, որը ուղղված կլինի Ռուսաստանի կամ Հյուսիսային Կորեայի դեմ։ Փաստաթղթի ծավալուն հոդվածներից մեկը վերաբերում է պատժամիջոցներին․ արևմտյան սահմանափակումների տակ գտնվող երկու երկրները պարտավորվել են մեկմեկու օգնել՝ դրանց դեմ պաւքարելու, այդ քայլերի հետևանքները մեղմելու կամ վերացնելու համար։ Ռուսաստանն անցած գարնանն, օրինակ, կիրառեց իր վետոյի իրավունքն ու թույ չտվեց, որ ՄԱԿ-ը դիտարկի՝ որքանով է Փհենյանը հավատարիմ սահմանված պատժամիջոցներին։
«Կարծում եմ՝ մենք տեսնում ենք վերադարձ Սառը պատերազմին, երբ Ռուսաստանը, կամ Խորհրդային Միությունն աջակցում էր Հյուսիսային Կորեային փոխօգնության պակտով, որը նրանք ստորագրել էին 1961-ին։ Այդ համաձայնագրում ևս դրույթ կար, ըստ որի, կողմերից որևէ մեկի վրա հարձակման դեպքում մյուսը պետք է միջամտեր», - ասում է Օքսֆորդի համալսարանի քաղաքագետը։
Փհենյանն այս գործարքից նաև մեկ այլ՝ խիստ կիրառական շահ ունի․ Ուկրաինայում՝ իրական պատերազմի դաշտում փորձարկել իր զորքն ու արտադրած ռազմամթերքը, որի արդյունավետության հարցում կան բազմաթիվ կասկածներ։
Բրիտանական The Guardian-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, թե վերջին ամիսներին Հյուսիսային Կորեայի ինժեներական զորքերի տասնյակ ներկայացուցիչներ են տեղակայվել ռուսական դիրքերում և աջակցում են Փհենյանի մատակարարած հրթիռների ու այլ զինամթերքի կիրառմանը Ուկրաինայի դեմ։ Կիևն այս ամսվա սկզբին հայտարարեց, թե ռուսների կողմից օկուպացված Դոնեցկում ռազմական գործողությունների զոհ են դարձել նաև հյուսկորեացի զինվորներ։
Կրեմլն այս տեղեկությունները կեղծիք է որակել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան ու Փհենյանը հայտարարում են հարաբերությունների նոր փուլի մասին