«Արդեն վեց տարուց ավելի զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը՝ ասում եմ, որ արդարություն հաստատելու օրակարգն այսօր նույնքան հրատապ է Հայաստանի Հանրապետությունում, որքան հրատապ էր 2018 թվականին կամ 2019 թվականին», - անցած շաբաթավերջին՝ Քննչական կոմիտեի հիմնադրման 10-ամյակի միջոցառման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյան. Արդարություն հաստատելու օրակարգն այսօր նույնքան հրատապ է, որքան 2018-ին«Ես ո՞նց ասեմ՝ արդարություն կա, երբ որ արդեն 17 տարի է՝ ես փողոցում արդարություն եմ փնտրում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գոհար Սարգսյանը:
Որդեկորույս մայրը չգիտի` ինչու իշխանությանը չի հաջողվում արդարություն հաստատել, բայց գոնե մեկ օրինակ ունի, թե ինչպես Փաշինյանն անձամբ իրեն ու բախտակից ծնողներին տված խոստումը՝ «ձեր հարցերով շատ հրատապ ձևով կզբաղվենք», դեռ չի կատարել:
17 տարի առաջ բանակում խաղաղ պայմաններում որդուն կորցրած կինը այլ ծնողների հետ 2018-ի մայիսին, ապա հունիսին հենց վարչապետից էր արդարության խոստում լսել։ Ծնողներին ընդունած Փաշինյանի հրամանով նոր հանձնաժողով էր ձևավորվել, որ բացահայտվեն զինվորների մահվան պատասխանատուները։ Գործերն ուսումնասիրել էին ու եզրահանգել՝ տարիներով սխալ քննություն է ընթացել:
«Ես կմիջնորդեմ, որպեսզի իրավապահ մարմինները այդ գործերով զբաղվեն, և փորձենք արդյունքներ ունենալ», - ասել էր վարչապետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բանակում 14 տարի առաջ մահացած զինծառայողի մայրը գոհ է աշխատանքային խմբի եզրակացությունիցԶինծառայողների մահվան հինգ աղմկահարույց քրեական գործ կվերանայվիՆիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը նոր հույս է արթնացրել որդեկորույս ծնողների մոտՈրդեկորույս մայրն այս և այլ տեսագրությունները ամուր պահել է հեռախոսի մեջ, որ Փաշինյանին նորից հանդիպելու դեպքում հարցնի՝ ինչո՞ւ որդու մահվան գործը էլի փոշոտվեց դատախազների ու քննիչների դարակներում։ Բայց հիմա արդեն հանդիպել չի ստացվում։ Նամակները վերահասցեագրում են որդու մահվան գործը քննող իրավապահներին, որոնց կինն այլևս չի վստահում։
«Իր խոստումն եմ ասում՝ պարոն վարչապետի, որ ասեց՝ «ոչ մեկին մի դիմեք», ընդունելության ժամանակ ասեց՝ «ինչ հարց կունենաք՝ ինձ կդիմեք», - նշեց Գոհար Սարգսյանը:
19 տարեկանում բանակում մահացած Տիգրան Օհանջանյանի քրեական գործը տարբեր կաբինետներով է անցել, բայց որևէ զինվորական այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել։
Սկզբում՝ ամուսնու հետ, իսկ նրա մահից հետո՝ արդեն միայնակ պետական դռները ծեծող կինը որերորդ անգամ է պատմում, որ Էլեկտրահարման վարկածը վաղուց հերքել են։ Եվրոպական դատարանն էլ անցած տարի արձանագրեց, որ իրավապահները չեն կարողացել հայտնաբերել զինվորի մահվան պատճառը։ Բայց իր կասկածները, որ որդուն սպանել են, չհամոզեցին քննիչներին փոխել հոդվածն ու փորձել գտնել հնարավոր սպանության հետքը, նույնիսկ բարձրաստիճան զինվորականի անունն է փոխանցել, բայց՝ ապարդյուն։
«Հենց էդ իրեղեն ապացույցներ փչացնողը գիտի՝ ով է մարդասպանը, բայց էսքան տարիներ՝ ցրտին, շոգին, անձրևի տակ, կարկուտի, մենք արդարություն ենք պահանջում փողոցից», - ընդգծեց տիկին Գոհարը:
Կինը հիշում է այս տարի գլխավոր դատախազի ելույթը խորհրդարանում. Աննա Վարդապետյանը հայտարարել էր, որ Տիգրան Օհանջանյանի գործի ապացույցները ոչնչացված են։
«Վերացվել են գործի հենց քննության ընթացքում, այս առումով Դատախազության կողմից տրված հանձնարարություններից մեկը վերաբերում է՝ իդենտիֆիկացնել այն անձանց, ում մեղքով և չարամիտ կամ անփույթ վարքագծի արդյունքում են այս ապացույցները վերացվել, և քրեաիրավական գնահատականի արժանացնել պաշտոնատար անձանց վարքագիծը», - ասել էր Վարդապետյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Չնայած ՄԻԵԴ վճռին՝ որդեկորույս մայրը հույս չունի, թե իսկապես կբացահայտվի որդու սպանությունը«Չբարեփոխված դատական համակարգում ճշմարտությունը դժվար թե գտնվի». որդեկորույս մայրերՏղայի մահվան գործն անգիր արած կինը ցույց է տալիս 54 անունից բաղկացած մի ցուցակ՝ քննիչներ, դատախազներ, փորձագետներ են: Ցուցակը կազմել են և ուղարկել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որը վարչապետի օգնականի պաշտոնում զինվորների հարցերով ստեղծված աշխատանքային խմբի անդամներից էր։ Բայց այսօր Գլխավոր դատախազությունը, որ հսկում է այս գործը, պատասխան չի տալիս՝ ինչո՞ւ սպանության վարկածը չեն քննում, ինչո՞ւ ապացույցները ոչնչացրածները մեղադրյալի փոխարեն պաշտոնյաներ են։
«Մեղադրյալին ունեն, իսկ ինչո՞ւ չեն առաջադրում էդ մեղադրանքը՝ որովհետև էն քննիչները, էն դատախազները, ովքեր ժամանակին կոծկել են էս քրեական գործերը, հիմա աշխատում են, հիմա ավելի բարձր պաշտոնում են աշխատում», - ասաց որդեկորույս մայրը:
Որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում, արձանագրել են նաև միջազգային կառույցները։ ԱՄՆ Պետդեպն, օրինակ, անցած տարվա իր զեկույցում եզրահանգել էր՝ զինվորականների մահվան դեպքերի հետաքննության ամենամեծ խոչընդոտը հիմնականում ապացույցների ոչնչացումն ու չպահպանումն է՝ ինչպես զինվորական հրամանատարության, այնպես էլ՝ քննչական մարմինների կողմից։
«Հերթական անգամ շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար, ինչ-որ առումով Քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձն ուզում եմ համարել զրոյական կետ. որ այդ զրոյական կետից ամեն հաջորդող կետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգացողությունը, համոզմունքը պիտի ավելի ու ավելի խորանա Հայաստանի Հանրապետությունում արդարության, արդարադատության, օրենքի և օրինականության առկայության առումով», - ուրբաթ օրը հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
Որդեկորույս մայրը դիտել էր Քննչական կոմիտեի 10-ամյակի առիթով վարչապետ Փաշինյանի ելույթն ու զայրացել, որ այսքանից հետո անձամբ ինքը ինչպե՞ս հավատա, որ մի օր մարդիկ իսկապես կհամոզվեն արդարության մեջ։
«Արդյունքում՝ մենք ոչինչ չունեցանք», - ընդգծեց Գոհար Սարգսյանը: