Մատչելիության հղումներ

Բանակում 14 տարի առաջ մահացած զինծառայողի մայրը գոհ է աշխատանքային խմբի եզրակացությունից


14 տարի առաջ բանակում խաղաղ պայմաններում կյանքից հեռացած իր որդու մահվան հանգամանքների բացահայտումը պահանջող Գոհար Սարգսյանին գոհացրել է վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի խորհրդատվական եզրակացությունը։ 2020-ի օգոստոսին ստեղծված խմբի առաջին եզրակացությունը տիկին Գոհարի որդուն՝ Տիգրան Օհանջանյանին է վերաբերում։

«Ճիշտն ասած չէինք մտածում, որ սենց արդյունք կունենանք կամ վերջը խումբը կաշխատի, նորմալ կլինի, բայց պատկերացրեք, որ աշխատանքից շատ գոհ ենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը։

Աշխատանքային խմբի եզրակացությունը խորհրդատվական բնույթ է կրում և ի գիտություն ուղարկվելու է նախաքննություն իրականացնող մարմնին։

Տարիներ շարունակ տարբեր պետական մարմինների դռներ թակող մահացած զինծառայողների հարազատներին երեկ ընդունել է վարչապետի պաշտոնակատարը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ շարքային Տիգրան Օհանջանյանի մահվան հանգամանքների մասին 140 էջանոց խորհրդատվական եզրակացությունում մի շարք խախտումներ են արձանագրված։ Դրանք հիմնականում վերաբերում են գործի համար էական նշանակություն ունեցող ապացույցների ձեռքբերման ընթացքում կատարված քննչական գործողություններին։

2007-ին մահացած Տիգրան Օհանջանյանի մահվան նախնական վարկածն էլեկտրահարումն էր, մայրը, սակայն, արդեն 14 տարի է պնդում է՝ որդու մարմնի վնասվածքները վկայում են ծեծելով սպանված լինելու մասին։

Էլեկտրահարման հետևանքով մահանալու վարկածը դատարանը հերքել է, բայց իրավապահներն այլ վարկած այդպես էլ առաջ չեն քաշել, գործը մի քանի անգամ կասեցվելուց հետո մոր բողոքի արդյունքում բացվել է։

«Առաջին կասեցումը 2015-ին էր, գործը բողոքարկեցինք, վերաբացեցին, 2017 թվականին նորից կասեցրեցին, 2017 թվականին նորից բողոքարկեցինք, վերաքննիչ դատարանը վերաբացեց, 2020 թվականի դեկտեմբերի 25-ին նորից կասեցրեցին գործը, հիմա բողոքարկել ենք, մայիսի 14-ին առաջին դատավարությունն է», - ասաց Գոհար Սարգսյանը։

Նրա գնահատմամբ՝ զինծառայողների մահվան առթիվ քրգործերն ուսումնասիրող աշխատանքային խումբն իր կողմից տարիներ շարունակ բարձրաձայնած հարցերին անդրադարձել է. - «Այդ հարցերի պատասխանները, որ հիմա քննչական մարմինները տան, հանցագործությունը կբացահայտվի և մեղավորն իր պատիժը կստանա»։

Աշխատանքային խումբը հաջորդիվ ուսումնասիրելու է Նանա Մուրադյանի որդու, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն գործած Վալերիկ Մուրադյանի մահվան դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործը։ Հետո կուսումնասիրվի ևս վեց գործ։

XS
SM
MD
LG