ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը սահմանամերձ Խաչիկ գյուղում հետևում է գյուղատնտեսական աշխատանքներին, ապրիլ, 2024թ.

Եվրամիությունն Ադրբեջանի իշխանություններին տեղյակ է պահել Հայաստանում իր դիտորդական առաքելության մասին, և առաքելությունը պատրաստ է հետագա համագործակցությանն Ադրբեջանի հետ, «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով խոսնակ Պիտեր Ստանոն՝ արձագանքելով Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետի նախօրեի քննադատությանը։

Քերիմ Վալիևը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականի հետ հանդիպման ժամանակ թարմացրեց Հայաստանում ԵՄ առաքելության վերաբերյալ Բաքվի դժգոհությունը՝ հայտարարելով, թե դիտորդների տեղակայումը Հայաստանի տարածքում սրում է իրավիճակը Հարավային Կովկասում, խոչընդոտում հայ - ադրբեջանական կարգավորմանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ԵՄ առաքելության տեղակայումը ՀՀ տարածքում պայմանական սահմանին սրում է իրավիճակը»․ Ադրբեջանի ԳՇ պետ

Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականի այդ հայտարարությունը հնչեց պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Կալիբեր» կայքի այն հրապարակման ֆոնին, թե եվրոպացի դիտորդները և հայ զինվորականները համատեղ «լրտեսում են Ադրբեջանի տարածքը՝ հնարավոր նոր սադրանքի» նախապատրաստման համար:

Եվրամիության առաքելությունը կտրականապես հերքել է բոլոր մեղադրանքները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է որակում կողմնակալության մեղադրանքները

ԵՄ ներկայացուցիչ Պիտեր Ստանոն նաև «Ազատությանն» է փոխանցել՝ Բրյուսելը «լիովին հավատարիմ է՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին»։

Մինչ Ադրբեջանը կրկին ակտիվացրել է բողոքները, Հայաստանի իշխանությունը ԵՄ առաքելության երկարաձգման կարևորությունից է խոսում։

«Տրամաբանական կլինի, որ առաքելությունը շարունակի իր գործունեությունը Հայաստանի տարածքում, և որպես նաև, գիտե՞ք, տեղեկատվության վստահելի աղբյուր Եվրամիության համար», - երեկ «Ազատությանը» ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տրամաբանական կլինի, որ ԵՄ առաքելությունը շարունակի իր գործունեությունը Հայաստանում. Խանդանյան

«Ամենայն հավանականությամբ, դիտորդական առաքելության ժամկետը կերկարաձգվի»

«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը չի կարծում, թե Բաքուն հետևողական դժգոհություններով հույս ունի կանխել առաքելության երկարաձգումը։ Երկու տարով տեղակայված առաքելության ժամկետն ավարտվում է փետրվարին՝ չորս ամսից։

«Ամենայն հավանականությամբ, դիտորդական առաքելության ժամկետը կերկարաձգվի, կարծում եմ՝ նվազագույնը երկու տարով, չեմ բացառում, որ նաև անդամների թիվը է՛լ ավելի կբարձրանա, հիմա 209 են: Գրեթե բոլոր առաքելությունները երկարաձգվում են առնվազն մեկ, նաև մի քանի անգամ, Վրաստանում առաքելությունը 15 տարի տեղակայված է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պողոսյանը՝ շարունակելով. - «Ես ավելի շատ չեմ բացառում, որ սա տեղավորվում է ռուս-ադրբեջանական ջերմացող հարաբերություններում: Մենք գիտենք, որ Ռուսաստանն ինչ-որ հայտարարություններ է անում նույն դիտորդական առաքելության դեմ, նրան մեղադրում են տարբեր պետությունների լրտեսական գործունեություն իրականացնելու հարցում, և ինձ թվում է՝ այս հայտարարություններով Ադրբեջանը հերթական անգամ փորձում է Ռուսաստանին ուղերձ հղել, որ «Հայաստանը քեզ դավաճանել է, անցել է քո թշնամիների կողմը, բայց ոչինչ, դու մի մտահոգվիր, դու Հարավային Կովկասում քո շահերի պաշտպանությունը կարող ես իրականացնել նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավմամբ»:

Երբ ադրբեջանական հարձակումների ֆոնին ՀԱՊԿ-ն ու ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանը չարձագանքեցին Հայաստանի օգնության դիմումներին, Երևանը սկսեց խոսել անվտանգային դիվերսիֆիկացիայի մասին, իսկ հայ - ադրբեջանական սահմանին իրավիճակի համեմատական կայունությունը հենց եվրոպացիների գալով պայմանավորեցին։

Դիտորդները սահմանային պարեկություն են անում միայն Հայաստանի տարածքում։ Անդրադառնալով Եվրամիության հավաստիացումներին, թե առաքելությունը պատրաստ է հետագա համագործակցությանը նաև Ադրբեջանի հետ, Բենիամին Պողոսյանը կարծիք հայտնեց՝ Եվրամիությունը չի ցանկանում, որ դիտորդների տեղակայումն ընկալվի որպես հակաադրբեջանական քայլ, մանավանդ որ Բրյուսելը հայտարարում է՝ Ադրբեջանն իր էներգետիկ գործընկերն է։

ԵՄ-ում որոշում կայացնողներն, ըստ քաղաքագետի, այնքան միամիտ չեն, որ ենթադրեն, թե Ադրբեջանը կհամաձայնի եվրոպական դիտորդական առաքելություն տեղակայել սահմանին՝ իր տարածքում։ Ադրբեջանը, կարծում է, դեմ է եվրոպացիների մուտքին, քանի որ նրանք կխանգարեն իր ռազմավարական նպատակի իրագործմանը՝ Թուրքիայի հետ ուղիղ ցամաքային կապի հաստատմանը։

Քաղաքագետ Բենիամին Պողոսյան, արխիվ

«Վարչապետը չասաց, չէ՞, որ մենք եվրոպական դիտորդներ ունենք, նրանք կֆիքսեն, որ Ադրբեջանը հարձակվում է, հետևաբար՝ Ադրբեջանը երբեք չի հարձակվի: Սա էլ է արդեն ցույց տալիս, որ, այո, եվրոպական դիտորդները քաղաքական զսպման գործիքակազմի ինչ-որ տարր են, սակայն ակնկալել, որ նրանք կարող են բացառել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը՝ բնականաբար ոչ, որովհետև Տավուշում մենք տեսանք ուժի կիրառման սպառնալիք, Հայաստանը տեղի տվեց այդ սպառնալիքին, հիմա ունենք այն, ինչ ունենք», - նշեց Պողոսյանը:

Այստեղ քաղաքագետն ադրբեջանական երկու սցենար է տեսնում՝ կա՛մ ստիպել Հայաստանին, որ իր կամքով՝ պայմանագրով ստեղծի այդ միջանցքը, կա՛մ Հայաստանի տարածքի մի մասն օկուպացնի։

Պողոսյանն էլ չի բացառում, որ COP29-ից հետո արդեն դեկտեմբերից Ադրբեջանը կարող է գործի դնել կամ ուժի գործադրման սպառնալիքը կամ գնալ հենց ուժի կիրառման. - «Կարող է սկսեն անկլավներից, օրինակի համար՝ ասեն՝ «ինձ վերադարձրեք, չգիտեմ, Սոֆուլուն, Բարխուդարլուն, կամ Տիգրանաշենը, եթե ոչ՝ ես կիրառում եմ ուժ», կարող է ոչ մի բան չհայտարարել և գնալ որոշակի էսկալացիայի և հետո Հայաստանին ասել՝ «եթե ցանկանում ես, որ էսկալացիաները չշարունակվեն, ուրեմն զիջումների գնա», բայց Ադրբեջանի ռազմավարական նպատակը դա Թուրքիայի հետ ցամաքային կապի հաստատումն է: Դա հնարավոր է միայն արտատարածքային միջանցքի ձևով, իսկ դրան կարելի է հասնել՝ կա՛մ ստիպել Հայաստանին, որ դրան համաձայնի պայմանագրով, կա՛մ ուղղակի որոշակի տարածքներ գրավել»:

Ադրբեջանի հետ երկուսուկես տարի խաղաղության շուրջ բանակցող Հայաստանի իշխանությունները ևս վերջին շրջանում չեն բացառում Բաքվի հարձակման հնարավորությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՀ Սահմանադրության հետագա տեքստում որևէ բան չկա, որ հնարավոր լինի մեկնաբանել որպես որևէ երկրի դեմ ուղղված տարածքային պահանջ․ ՀՀ ԱԳՆ խոսնակԵրևանը Բաքվին տարածքային նկրտումների մեջ է կասկածում Ալմա-Աթայի հռչակագրի մեկնաբանության ֆոնին Միրզոյանը Վարշավայում խոսել է մտահոգություններից, որ Ադրբեջանը ռազմական նոր գործողությունների է պատրաստվումԲաքուն հիմնավորում է վերլուծությունները, որ ամեն ինչ կանի COP29-ից հետո նոր ագրեսիայի համար. ԱԳՆ