Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։ Այս մասին հաղորդում է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Նաև թեմայի շուրջ «Ազատությունը զրուցել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս սահմանապահները հեռանում են Իրան-Հայաստան հսկիչ-սահմանային կետից«Ազատություն». - Երևանը պնդում է, որ իր նախաձեռնությամբ են ռուսները դուրս գալիս Իրանի անցակետից, արդյոք Ռուսաստանն այդքան հեշտ կհամաձայնե՞ր:
Բադալյան. - Ես կարծում եմ՝ փոխադարձ համաձայնությամբ: Այսինքն, սա մի որոշում է, որտեղ 2 կողմերն էլ տեսնում են իրենց համար ինչ-որ օգտակար մի բան: Սա վկայում է հենց էդ հանգամանքը, որ մենք այս որոշման, թե՛ ձևավորման փուլում, թե՛ նաև կայացման առումով չենք տեսել, առանձնապես էսպես դիմակայության դրսևորումներ: Ես կարծում եմ, եթե դրանք լինեին անկասկած ոչ ֆորմալ ձևով, այդուհանդերձ, հանրությանը հայտնի կդառնային: Եվ, ըստ իս, այս որոշումը փոխադարձ ընդունելության պայմաններում կայացված որոշում է:
«Ազատություն». - Պարզապես մենք հակառակն ենք տեսնում, որ ռուսներն ուզում են ամրանալ, այդ տարածաշրջանում ճանապարհն է կռվախնձոր դարձել և հիմա հանկարծ դուրս են գալիս Իրանի անցակետից:
Բադալյան. - Իմ գնահատմամբ, սրանք միմյանց հակասող զարգացումներ չեն, եթե անգամ առերևույթ կարող են թողնել այդպիսի տպավորություն: Նախ արձանագրենք, որ եթե խոսում ենք դուրս գալու մասին, ապա՝ այո, միայն անցակետից դուրս գալու վերաբերյալ է խոսքը: Երկրորդ՝ իր տողատակում ի՞նչ է նշանակում դուրս գալ անցակետից, իմ գնահատմամբ, սա նշանակում է, որ այդ անցակետի աշխարհաքաղաքական ստատուս քվոն, եթե կարող ենք այսպես ասել, հանձնվում է Իրանին: Ես կարծում եմ՝ հայ-ռուսական այս որոշումը չէր կարող կայացվել նաև առանց Իրանի հետ առնվազն որոշակի կոնսուլտացիաների: Ըստ իս, այդ քայլը՝ դուրս գալ անցակետից, իր աշխարհաքաղաքական համատեքստով որոշակի ժեստ է նաև Իրանի ուղղությամբ՝ վստահության ժեստ Իրանի ուղղությամբ: Չեմ բացառում, որ անգամ Իրանն ունեցել է այդպիսի ակնկալիք Ռուսաստանի հետ փոխհաբերությունների իմաստով, նաև Հայաստանի հետ փոխհարաբերության իմաստով: Մենք տեսնում ենք, որ ռուսներն ու Իրանը փորձում են գալ վերջնական համաձայնության մեծ ռազմավարական պայմանագիր ստորագրելու հարցում: Եվ հատկանշական է, որ հայ-ռուսական համաձայնություն այդ անցակետի վերաբերյալ փաստացի նախորդում է ահա այդ քննարկմանը: Ըստ այդմ, ես կարծում եմ, աշխարհաքաղաքական համատեքստով այս հանգամանքը չի հակասում այն խնդիրներին, որ Ռուսաստանը դնում է իր առաջ, իսկ ո՞րն է գլխավորը նույն ձեր նշած ճանապարհների հարցով: Ըստ իս, Ռուսաստանի համար գլխավորը թույլ չտալ արտառեգիոնալ որևէ վերահսկողության էդտեղ և թույլ չտալ թուրքական գերակայությամբ որևէ վերահսկողություն: Սա նաև Իրանի ցանկությունն է: Էս իմաստով, ես կարծում եմ, հակառակը, այս որոշումը տողատակային, համատեքստային առումով նույնիսկ փոխլրացնող է այս նպատակներին: Դե բոլորի համար հասկանալի է, որ Հայաստան-Իրան սահմանը դա միայն միջպետական սահման չէ, դա աշխարհաքաղաքական սահմանը և աշխարհաքաղաքական առումով է սահմանը խոշոր հաշվով ԽՍՀՄ - Իրան սահմանի կամ այսպես ասենք, ռուս-իրանական սահմանի տրամաբանությունն ունի:
«Ազատություն». - Այդ դեպքում կարող է կողմերի համար ընդունելի լինել Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ»-ը, որտեղ չկան արևմտյան ուժեր:
Բադալյան. - Ֆորմալ իմաստով «Խաղաղության խաչմերուկ»-ը որևէ մեկի համար անընդունելի լինել չի կարող: Որևէ մեկը չի արտահայտվի այդ «Խաղաղության խաչմերուկ»-ի դեմ, բայց ի՞նչ է «խաղաղության խաչմերուկ» ասվածը, դա այլ բան չէ, քան ընդամենը էտ աշխարհաքաղաքական շահերի բախման կետում որոշակի մանևրի հայաստանյան առաջարկ, գաղափար, որը, կարծում եմ, իրական քաղաքականության ռեժիմում մեծ հաշվով չի հետաքրքրում ոչ մեկին, որովհետև գերտերություններին կամ խոշոր ուժային խաղացողներին հետաքրքրողը ճանապարհների վերահսկողություն է, այսինքն, ոչ մեկը էնտեղ խաչմերուկով հետաքրքրված չէ, կամ եթե նույնիսկ հետաքրքրված է, ապա այն պարագայում, երբ ինքն է պայմանական ասած էդ խաչմերուկը կարգավորող պետավտոտեսուչը կամ պարեկը և «խաղաղության խաչմերուկ» ասվածի հանդեպ վերաբերմունքը տարբեր ուժային կենտրոնների պայմանավորվելու է հենց այդ իրական քաղաքական ռեժիմի տողատակով:
«Ազատություն». - Երևանի հայտարարության հետ համաձա՞յն եք՝ եռակողմ հայտարարության 9-րդ կետի մեկնաբանության, որ վերահսկողություն բառը չի նշանակում ռուսների ներկայությունն է ճանապարհին:
Բադալյան. - Ես կարծում եմ, սա այդքան էլ լուրջ մեկնաբանություն չէ, այլ հարց է, որ Երևանը տվյալ պահին ստորագրելով այդ փաստաթուղթը, հետո փորձել է խուսանավել դրա 9-րդ կետի կատարումից:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.