Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել ՌԴ մի շարք պաշտոնյաների բառապաշարի վերաբերյալ

Պուտին-Փաշինյան հանդիպում Կրեմլում, 8-ը հոկտեմբերի, 2024թ․

Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի կառավարության խոսույթը դռնփակ և դռնբաց ֆորմատներում նույնական է, Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո տարածած հաղորդագրությունում նշել է Նիկոլ Փաշինյանի խոսնակը։

Ըստ Նազելի Բաղդասարյանի՝ վարչապետ Փաշինյանը Պուտինին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, նրան է փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, ինչպես նաև մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ռուսաստանցի մի շարք պաշտոնյաների կիրառած ձևակերպումների և բառապաշարի վերաբերյալ։

Այսօր ավելի վաղ՝ Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև հանդիպումներից հետո Կրեմլի խոսնակը հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահը կես ժամ տևած հանդիպումներում «Զանգեզուրի միջանցքի» հարցն է քննարկել։

Ի դեպ, մինչև վերջերս պաշտոնական Մոսկվան պնդում էր, թե Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը չի կիրառում, իրենք խոսում են Ադրբեջանի արևմտյան շրջանները Սյունիքով Նախիջևանին կապելու ճանապարհի մասին։ Այդ մասին ամիսներ առաջ հատուկ շեշտել էր արտգործնախարարի խոսնակը։

Տարածաշրջանի ապաշրջափակման թեման վերջերս հայ-ռուսական լարվածության ևս մեկ առիթ էր դարձել։ Պաշտոնական Երևանը պնդում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուս սահմանապահները ոչ թե պետք է տեղակայվեն Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհին, այլ ընդամենը մոնիտորինգի գործառույթ իրականացնեն։ Ռուսական կողմը մինչդեռ մեղադրում է Երևանին ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները «սաբոտաժի» ենթարկելու մեջ։

Ռուսաստանի նախագահը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումների բաց մասում երկկողմ տնտեսական համագործակցություն, աճող առևտրաշրջանառության վրա կենտրոնացավ։ Հրապարակված տեսանյութերում ոչ մի խոսք չհնչեց հայ - ադրբեջանական կարգավորման մասին, թեև ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնականն ասել էր, որ օրակարգում հենց այդ հարցն է լինելու։

Մոսկվա, 8-ը հոկտեմբերի, 2024թ․

Չնայած հայ - ռուսական բարդ հարաբերություններին, Պուտինի հետ հանդիպման բաց մասում վարչապետ Փաշինյանն ասաց, թե շատ ուրախ է արձանագրել, որ վերջին ամիսներին ունեցել են բավական ակտիվ քաղաքական երկխոսություն, փոխվարչապետ Օվերչուկն է ժամանել Երևան, ԵԱՏՄ միջկառավարական նիստ է անցկացվել Երևանում։

Ռուսաստանի նախագահն էլ խոսեց Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունից, ասելով, որ այն հասել է 7,4 միլիարդ դոլարի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում այն աճել է 2,5 անգամ՝ հասնելով 8,2 միլիարդ դոլարի:

Ապա Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետին հրավիրեց Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։

«Կարծում եմ՝ դա կլինի և՛ օգտակար, և՛ հետաքրքիր», - ասել է Պուտինը։

Փաշինյանն ավելի վաղ հաստատել էր իր մասնակցությունը հաջորդ շաբաթ կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, որին ակնկալվում է նաև Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությունը։

Իլհամ Ալիևին Պուտինն ընդունել էր Փաշինյանից առաջ։ Ալիևն ընդգծել է, թե ռուս-ադրբեջանական հարաբերություններում զգալի առաջընթաց է արձանագրվել Վլադիմիր Պուտինի այս ամռանը Ադրբեջան կատարած այցից հետո։ Պուտինն էլ իր հերթին ասել է, թե Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները դրական են զարգանում: Երկու երկրների երկկողմ առևտրաշրջանառությունը կազմում է 4.3 միլիարդ դոլար, իսկ ռուսական ուղիղ ներդրումները ադրբեջանական տնտեսության մեջ գերազանցել են 4 միլիարդը։

Ի դեպ, եռակողմ հանդիպում Մոսկվայում այդպես էլ տեղի չունեցավ։ Ամեն դեպքում Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր ասել էր, որ թեև Ռուսաստանը դեմ չի եղել նման ֆորմատով հանդիպմանը, բայց այն չի հաջողվել կազմակերպել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայում եռակողմ հանդիպում դեռ պլանավորված չէ․ Ուշակով

«Ոչ, եռակողմ հանդիպման վերաբերյալ չենք պայմանավորվել։ Այդպիսի գաղափար եղել է, բայց այն ինչ -որ մեկի կողմից չի ողջունվել», - նշել է Ուշակովը։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները երեկ մասնակցել են ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ընթրիքին։ Այդ ընթացքում ևս Ալիև- Փաշինյան շփումների մասին չի հաղորդվել։

Անցած օգոստոսին Բաքու կատարած այցից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել էր Ադրբեջան կատարած այցի մասին, ապա ևս մեկ անգամ առաջարկել Մոսկվայի աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, սահմանազատման գործընթացի, ինչպես նաև տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում։

Այս հեռախոսազրույցից օրեր անց, վարչապետ Փաշինյանը հրավիրած ասուլիսում հայտարարեց, թե ճիշտն Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով աշխատելն է և այդ մասին ասել է նաև Ռուսաստանի նախագահին։

«Կարող ենք ասել, որ երկկողմ ձևաչափն այս ընթացքում որոշակի արդյունավետություն է ցույց տվել։ Քանի դեռ այդ ձևաչափով կարողանում ենք առաջ գնալ, կարծում եմ, ճիշտն այդ ձևաչափն է», - ասել է Հայաստանի վարչապետը։