Գյումրիի Դանիելյան փողոցում, որտեղ սուբվենցիոն ծրագրով այս տարի փողոցը պետք է հիմնանորոգվեր, որևէ շինարարական աշխատանք չի իրականացվում։ Դանիելյան փողոցը միակը չէ. շինաշխատանքները չեն մեկնարկել 2024 թվականի համար կառավարությանը ներկայացված ու սուբվենցիոն ծրագրում ընդգրկված 20 փողոցներից որևէ մեկում։
Մինչ այդ քարուքանդ Դանիելյան փողոցի բնակիչներն անհամբեր սպասում են իրենց հերթին։ Նրանցից մեկը, ով չցանկացավ տեսանկարահանվել, դժգոհեց՝ խոստացան, բայց ամեն ինչ մնաց թղթի վրա։
«Բնականաբար խոստացել էին, բայց, ինչպես տեսնում եք, ոչ մի բան արված չէ։ էս փոքրիկ տնակ ասեմ, բուտկա ասեմ, փողոցի վրայից ապրիլ ամսին հանել տվեցին, մի հատ էլ ներքևը, որ պտի գային ասֆալտերն ու փաստացի խաբեցին, չեկան չասֆալտեցին ու ըդպես էլ մնաց ու հույս էլ չունինք, որ վերջնական ստեղ ասֆալտ պտի տեսնինք», - ասաց բնակիչը։
Սուբվենցիոն ծրագրով նորոգվելիք 20 փողոցների համար 915 մլն դրամը հատկացվել է Գյումրիի տեղական բյուջեից, ևս 748 մլն դրամը կառավարությունն է տրամադրելու։ Բայց գործադիրը մինչ օրս չի հաստատել ծրագիրը։ Ինչո՞ւ այդքան ձգձգվեց, երբ արդեն աշուն է ու ասֆալտապատում անելն արդեն աննպատակահամար։
Տարածքային կառավարման նախարարության խոսնակ Սոնա Հարությույնանն «Ազատության»-ը միայն փոխանցեց, թե ժամկետից ետ ընկնելու պատճառը լրամշակումներն են։ Գյումրիի քաղաքապետարանից հրաժարվեցին մեկնաբանել։ Մարզպետարանից էլ ասացին, թե իրենք միայն վերահսկողություն են իրականացնում։ Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն այս տարվա փողոցաշինության սուբվենցիոն ծրագիրն արդեն ձախողված է համարում։
«Կարող ենք փաստել ու արձանագրել, որ 2024 թվականին նախատեսված 20 փողոցները, որոնք պետք է հիմնանորոգվեին սուբվենցիոն ծրագրերով ձախողված են, նույնիսկ այս պահին էլ, որ կառավարությունը հաստատի, հաստատ եղանակային պայմանները թույլ չեն տալու, որ կարողանան իրականացնել այդ աշխատանքները», - նշեց Մալխասյանը։
Գյումրիի ավագանիում ընդդիմություն դարձած ՔՊ-ում մինչդեռ մտահոգված չեն։ Ասում են՝ ոչինչ, այս տարվա ծրագիրը հաջորդ տարի գարնանը կսկսեն։ Խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը մատնացույց է անում նախորդ տարվա փողոցաշինության սուբվենցիոն ծրագիրը, որը դեռ չի ավարտվել։
«Դե եթե աշնանն էլ չլինի, ապա գարնանը, կարծում եմ, փողոցաշինությունը կլինի, որովհետև նախորդ տարվա փողոցաշինության ծրագիրը դեռևս ամբողջությամբ ավարտված չէ, դեռ անելիքներ կան այս մասով։ Կարծում եմ տրամաբանական է, որ նախորդ 29 փողոցները ավարտեն, հանձնվեն, որ անցնեն հաջորդիվ», - ասաց Հարությունյանը։
Իսկ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը մտահոգ է, որ հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրով փողոցաշինության ծրագիրն էլ կգումարվի ու արդյունքում հաջորդ տարի միանգամից այդ ծավալի աշխատանքների իրականացումը որակի հաշվին կլինի։
«Շատ դժվար կլինի իրականացնել․ և շինարարի աշխատանքի ծավալը նկատի ունեմ, շինարարի կողմից հնարավոր չի լինի իրականացնել, իրականացնելու դեպքում էլ նաև որակի խնդիր մենք կունենանք, քանի որ պետք է արագ իրականացնել՝ պահպանելով ժամկետները, որը հնարավոր չէ, քանի որ միշտ էլ տեսնում ենք, որ սահմանված ժամկետներից միշտ էլ խախտումներ են լինում, ուր մնաց թե մի տարի անց արդեն այդ մեծ ծավալի 20 փողոցի փոխարեն 40 կամ 50 փողոց հիմնանորոգել», - ընդգծեց Մալխասյանը։
Ավագանու անդամը մի կասկած էլ ունի, թե սուբվենցիոն ծրագիրը ձգձգվում է, որ 25 թվականին երկու տարվա ծրագրերը միանգամից իրականացվեն ու 26 թվականի խորհրդարանի ընտրություններին ընդառաջ իշխանությունները մեծ ծավալ ցույց տան։
ՔՊ-ից հրաժարվեցին մեկնաբանել ավագանու իրենց գործընկերոջ այս պնդումը։ Իսկ Գյումրիում հիմնանորոգման հերթին դեռ 60-70 կմ ճանապարհ է սպասում։