«Այգիները չորացել են, ոռոգման ջուրն է պատճառը». մի քանի տասնյակ լոռեցիներ դատի են տվել հանքարդյունաբերող ընկերությանը

Մի քանի տասնյակ լոռեցիներ փորձում են դատարանում պաշտպանել առողջ միջավայրում ապրելու իրենց իրավունքը։ Դատի են տվել հանքարդյունաբերող ընկերությանը, բայց դատարանում տասնյակ միլիոնների ծախսի տակ են ընկել։ Պետք է անձամբ ապացուցեն, որ առողջական ու տնտեսական վնասներ են կրել հենց իրենց քթի տակ գործող հանքարդյունաբերության հետևանքով։

«Ոչ միայն մեր գյուղում, այլ ամբողջ Նոյեմբերյանի ցածրադիր տարածաշրջանում, որտեղ Դեբեդ գետի ջրերով են ոռոգում այգիները, հիմնականում դեղձի այգիները չորացել են, դեղնում չորանում են: Գյուղացիների մեծ մասի կարծիքով ոռոգման ջուրն է պատճառը», - ասաց բնակիչներից մեկը:

Ճոճկան գյուղում այգեգործությամբ զբաղվող Սամվել Սիրադեղյանը դատարան դիմած 60 հայցվորներից մեկն է։ Ասում է՝ տարիներ առաջ մեկուկես հեկտարի վրա մոտ 600 դեղձի ծառ ուներ։ Չնայած այգի մշակելու հարցում մասնագետ է, այգեգործության բոլոր կանոններին հետևում էր, բայց 600 ծառերն աստիճանաբար չորացան։ Համոզված է՝ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պատճառով աղտոտված Դեբեդի ջրերն են չորացրել ծառերը։ Ստիպված անմշակ է թողել գետի ափամերձ այգին ու ավելի հեռու նոր այգի գցել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեծ Այրումի բնակիչներն Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատից փոխհատուցում են պահանջում

Ախթալա քաղաքի ու հարակից գյուղերի 60 բնակիչները դատարանում Լեռնահարստացման կոմբինատից պահանջում են փոխհատուցել պատճառած էական վնասը, բայց գործը փակուղի է մտել։ Դատարանը որոշել է, որ բնակիչները պարտավոր են կոնկրետ հաշվարկներ ներկայացնել կրած վնասների մասին՝ քանի՞ ծառ է չորացել, որքա՞ն բերք կտային, եթե դրանք չչորանային, կամ արդյոք այդ ծառերը հենց հանքի պատճառո՞վ են չորացել։

Գյուղացիներն իրենց հարյուրավոր վերացած ծառերի վնասը հաշվարկելու համար ստիպված են անկախ փորձագիտական կենտրոններին առնվազն 12 միլիոն դրամ վճարել, ասում է փաստաբան Մերի Կարապետյանը։

«Այստեղ խնդիր է առաջանում, որ եթե մենք չկարողանանք դա ապացուցել, անձանց սեփականության իրավունքը շարունակաբար խախտվում է և չեն կարողանում պաշտպանել այդ իրավունքն այն պատճառով, որ համապատասխան ֆինանսական միջոցներ չունեն: Ֆինանսական միջոցները չպետք է խոչընդոտ լինեն դատարան դիմելու կամ դատարանի մատչելիության տեսանկյունից», - նշեց Կարապետյանը:

Մեկի տան, մյուսի այգու կամ աղբյուրների կողքին են ընկերության հանքն ու պոչամբարը, որտեղ թունավոր նյութեր են լցվում։ Բնապահպաններն ու տեղի բնակիչներն անցած տարիներին բազմաթիվ տեսանյութեր են հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես է մուգ դեղնավուն կամ կապտավուն զանգված թափվում Դեբեդ գետը։ Տարիներ շարունակ մարդիկ պնդել, ընկերությունը՝ հերքել է, թե իրենք են աղտոտում գետը։

Դատախազությունից ասում են՝ երկու տարում դեռ գետի ջրի փորձաքննության պատասխանները չունեն

Պետական ստուգող մարմինները բազմաթիվ անգամներ բնապահպանական խախտումներ են արձանագրել։ Գործն անգամ տուգանքներին ու քրեական վարույթներին է հասել։ Դեռ 6 տարի առաջ հանքից արտահոսք էր եղել ու մոխրագույն զանգվածը հասել Ախթալայի դպրոցի տարածք, որտեղ օրեր շարունակ սուր հոտ էր տարածված, իսկ հարակից ծառերը տարօրինակ նյութով էին պատվել։ Բայց պետությունը սահմանափակվել էր 200 հազար դրամ տուգանքով։

Դեռ երկու տարի առաջ դատախազությունը խոսում էր նաև այս ընկերության դեմ քրեական վարույթի մասին։ Բնապահպանները կոմբինատի արտանետումները վկայող տեսանյութեր տարածեցին՝ ինչպես էր գետի գույնը փոխվել։ Իրավապահները կասկածներ ունեին, որ անթույլատրելի վնասակար նյութեր են եղել ու քրեական վարույթ հարուցեցին։

«Նշանակվել են դատաէկոլոգիական ու դատաքիմիական համալր փորձաքննություն պարզելու իրականում թունավոր նյութեր առկա են, թե՝ ոչ», - ասել է Լոռու մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Բայց մինչ օրս առաջընթաց չկա. Դատախազությունից «Ազատությանն» ասացին՝ երկու տարում դեռ գետի ջրի փորձաքննության պատասխանները չունեն։ Դրա փոխարեն դատարան դիմած բնակիչների ձեռքի տակ միջազգային փորձագիտական կազմակերպությունների եզրակացություններն են Ախթալայում ու հարակից բնակավայրերում հանքարդյունաբերության ազդեցությունների մասին։

Դեռ 2018-ին չեխական «Արնիկա» կազմակերպությունը հայաստանյան հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ուսումնասիրել ու պարզել էր, որ Լոռու մարզի Թեղուտ, Շնող, Ախթալա և Ալավերդի բնակավայրերում, հողը, գետերի ջուրն ու սննդամթերքը աղտոտված են: Հանքարդյունաբերական այս շրջաններում բնակվող մարդկանց մազերում ծանր մետաղներ, հավկիթներում, հողում ու ջրում՝ վնասակար աղտոտիչ էին հայտնաբերել, որոնք մի քանի անգամ գերազանցել էին թույլատրելի սահմանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լոռու հանքարդյունաբերական շրջանների բնակիչների մազերում ծանր մետաղներ են հայտնաբերվել

Անգամ եթե դատարանը դիտարկի հանքարդյունաբերության վնասների բոլոր այս ապացույցները, միևնույնն է, վնասի հաշվարկը մնում է հայցվորի վրա։ Օրենսդրական փոփոխություն է պետք, ասում է փաստաբանը։ Հակառակ դեպքում սահմանադրական իրավունքի պաշտպանությունն անմատչելի է քաղաքացիների համար։

«Այն, որ միանշանակ է, որ այստեղ իրավունքների շարունակական խախտումներ են ու պետությունը պարտականություն ունի պաշտպանելու, երաշխավորելու, որի շրջանակում է հենց իրավական համապատասխան մեխանիզմներ ստեղծելը, որպեսզի այսպիսի խնդիրների առաջ անձինք չկանգնեն», - նշեց փաստաբանը:

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի ներկայացուցիչները դատարան են ներկայացրել տարբեր տարիներին կառավարության տված թույլտվություններն ու պնդել՝ պետական մարմինները պարբերաբար վերահսկել են իրենց ու որ ընկերությունն օրինական դաշտում է գործում։

Մինչդեռ առողջական ու տնտեսական վնասների դիմաց փոխհատուցում պահանջող քաղաքացիներն այստեղ նաև պետության մեղքն են տեսնում։ Դատարանն ավելի վաղ մերժել է բնակիչների հայցը գործադիրի դեմ։ Բայց հայցվորները նախատեսում են առաջիկայում դարձյալ քայլեր ձեռնարկել կառավարության դեմ նոր դատական գործընթաց սկսելու ուղղությամբ՝ պարզելու՝ որքանով են արդարացի ու բավարար հանքին տրված թույլտվությունները, պետության վերահսկողությունն ու շրջակա միջավայրին հասցվող վնասները նվազեցնելու քայլերը։