Մատչելիության հղումներ

Ալավերդու և Ախթալայի բնակիչները կարող են հնարավորություն ստանալ դիմել դատարան՝ առողջության վնասի փոխհատուցման պահանջով


Եթե ապացուցվի, որ հանքարդյունաբերությունն ազդել է Ալավերդի և Ախթալա համայնքների բնակիչների առողջության վրա, ապա փոխհատուցման պահանջով դատական գործընթացներն անխուսափելի են։ Հանքարդյունաբերության ազդեցությանը ենթարկված համայնքների գրեթե բոլոր բնակավայրերում արդեն երեք օր ուսումնասիրություն է իրականացնում չեխական «Արնիկա» բնապահպանական կազմակերպությունը։ Փորձանմուշներ են վերցնում այդ տարածքներում աճող մրգից, բանջարեղենից, հողից ու մարդկանց մազերից։

Ծրագրի համակարգող Միրոսլավա Յոպկովան ասում է՝ ցնցված է միջավայրի աղտոտվածությունից։ Դա անգամ առանց փորձաքննության է տեսանելի, ասում է չեխ բնապահպանը։ Ուսումնասիրության օրերին ականատես են եղել, թե ինչպես են պոչանքները թափվում գետերի մեջ։

«Արնիկա» կազմակերպությունն անցած տարի ևս Ալավերդիում հետազոտություն է իրականացրել, պարզել, որ Թեղուտում, Շնողում, Ախթալայում և Ալավերդիում հողը, գետերի ջուրն ու սննդամթերքը աղտոտված են: Չեխիայի լաբորատորիաներում արված փորձաքննությամբ հավի ձվի մեջ չբերություն առաջացնող դիոքսինի անթույլատրելի չափաբաժին էին հայտնաբերել։

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր՝ եթե պարզվի, որ հանքարդյունաբերությունն է որոշ հիվանդությունների առաջացման ու զարգացման պատճառը, պետությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել, բայց կատարված ուսումնասիրությունը բավարար չէր համարել հանքարդյունաբերության ազդեցության գոտիներում ծանր մետաղների առկայության և բնակիչների հիվանդությունների պատճառահետևանքային կապի համար։

«Արնիկա» կազմակերպության համակարգող Միրոսլավա Յոպկովան ասում է՝ մեկ տարի անց կրկին վերադարձել են Լոռի՝ այդ կապը ապացուցելու համար․ - «Անցած տարի մենք հետազոտել ենք հողն ու նստվածքները, և ապացուցել, որ այս տարածքներում աղտոտված է միջավայրը։ Այժմ մենք փնտրում ենք պատասխանը՝ որքանով է այդ աղտոտվածությունը փոփոխության ենթարկում սննդամթերքն ու ազդում մարդկանց առողջության վրա։ Մենք ուզում ենք իմանալ, եթե մարդիկ ձուկ են ուտում գետից, դա որքանով է անդրադառնում նրանց վրա»։

Մեծ Այրում բնակավայրում է գտնվում Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի արդեն լցված պոչամբարը։ Դրա անմիջապես հարևանությամբ ապրող Ղարագյոզյանների ընտանիքում բոլորը միաբերան խոսում են պարբերական գլխացավերից ու անընդհատ կրկնվող հիվանդություններից։

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը չեխական «Արնիկա» կազմակերպության հայաստանյան գործընկերն է։ Ասում է՝ մի քանի ամսից կունենան լաբորատոր փորձաքննությունների պատասխաններն ու, եթե պարզվի շրջակա միջավայրում ծանր մետաղների վտանգավոր չափաբաժնի և մարդկանց հիվանդությունների միջև անմիջական կապը, ապա կաջակցեն մարդկանց՝ դիմելու դատարան ստեղծված իրավիճակի իրական մեղավորներից պատասխանատվություն պահանջելու համար։

«Դա պետական մարմիններն են համապատասխան, որ էսքան տարիներ լռել են ու ոչինչ չեն արել, դա տեղական ինքնակառավարման մարմիններ են, որոնք նույնիսկ երբեմն պայքարելով սեփական ժողովրդի դեմ, պայքարում էին, որ այս վիճակը շարունակվի և շարունակվում է», - ասում է Դուլգարյանը:

Հանքարդյունաբերության ազդեցության գոտում ուսումնասիրություն իրականացնելու ծրագիրը ֆինանսավորում է Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը։

Փորձաքննություններն անցկացվելու են Պրահայի քիմիական ինստիտուտի գերժամանակակից լաբորատորիաներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG