Պուտինը «լայնածավալ սադրանք» է որակում ուկրաինական բանակի ներխուժումը Կուրսկ, «կոշտ հակահարված» խոստանում

Ռուսաստան - Ավերածությունները Սուջայում, 6-ը օգոստոսի, 2024թ.

Ռուսաստանի նախագահը «լայնածավալ սադրանք» է որակել ուկրաինական բանակի ներխուժումը Կուրսկ, որն, ըստ պաշտոնական Մոսկվայի, կասեցվել է երկօրյա կատաղի մարտերից հետո։ Սա Ռուսաստանի տարածք ուկրաինական ամենամեծ ներթափանցումն է 2022-ին պատերազմի սկսվելուց ի վեր։

«Ռուսական հակահարվածը կլինի կոշտ», - այսօր հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ ինտենսիվ ռազմական գործողությունների մեկնարկից մեկ օր անց միայն մեկնաբանելով սահմանամերձ շրջանում ստեղծված իրավիճակը:

«Ինչպես գիտեք, Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել։ Նրանք անկանոն կրակում են տարբեր տեսակի զենքերից, այդ թվում՝ հրթիռներից, քաղաքացիական շենքերի, բնակելի շենքերի և շտապօգնության մեքենաների ուղղությամբ», - ասել է ՌԴ նախագահը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Լայնածավալ սադրանք». Պուտինը՝ Կուրսկում ռազմական գործողությունների մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ կեսօրն անց էր առաջին հաղորդագրությունը տարածել, պնդելով, թե առավոտից հակառակորդն ավելի քան 300 զինվորներով, 11 հրասայլերով ու 20 զրահապատ մեքենաներով հարձակվել է ռուսական դիրքերի վրա՝ սահմանամերձ շրջաններում։ Երեկոյան արդեն տեսանյութեր տարածվեցին, որտեղ երևում է, որ մարտերում նաև ռազմական ավիացիա է ներգրավվել։

Այսօր կեսօրն անց Պուտինի հրավիրած խորհրդակցությանը Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը զեկուցել է, թե Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը կասեցվել է։ Դատելով Գերասիմովի խոսքերից, սակայն, զեկուցման պահին առնվազն ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածքում դեռ շարունակվում էին. - «Ներկայումս «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները շարունակում են սահմանամերձ հատվածներում ոչնչացնել հակառակորդին: Գործողությունը կավարտվի հակառակորդին ջախջախելով և պետական սահման հասնելով»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կուրսկի շրջանում ուկրաինական հարձակումը կասեցվել է. Գերասիմով

Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած որոշ Telegram ալիքների համաձայն՝ Ուկրաինայի զինուժը Կուրսկի շրջանում ավելի քան մեկ տասնյակ գյուղ է գրավել, շուրջ հինգ հազար բնակչություն ունեցող Սուջա քաղաքն էլ անցել է ուկրաինական բանակի վերահսկողության տակ, հաղորդվում է, որ տեղում մարտեր են ընթանում: Այս պահին անկախ աղբյուրներով հնարավոր չէ ստուգել այս հաղորդումների իսկությունը, հայտնի է միայն, որ քաղաքը զրկվել է էլեկտրաէներգիայից, ջրամատակարարումից և կապի միջոցներից:

Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովն այսօր առավոտյան տարածաշրջանում իրավիճակը վերահսկելի էր գնահատել:

«Տարածաշրջանային օպերատիվ շտաբը գործում է շուրջօրյա։ Տարածաշրջանում իրավիճակը վերահսկելի է: Մենք կազմակերպեցինք հրետակոծված սահմանամերձ շրջաններից բնակիչների դուրսբերումը, պատրաստեցինք ժամանակավոր կացարաններ և ապահովեցինք նրանց անհրաժեշտ ամեն ինչով, աշխատում են հոգեբանները», - ասել է նահանգապետը:

Նրա խոսքով՝ սահմանամերձ շրջաններից մի քանի հազար մարդ է արդեն հեռացել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարտերի մասին տեղեկությունների ֆոնին՝ Կուրսկի շրջանի իշխանությունները բնակչությանը կոչ են անում արյուն հանձնել

Ուկրաինական կողմը մինչ այս պահը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել վերջին զարգացումները։ Միաժամանակ հաղորդվեց, որ Ուկրաինայի իշխանությունները ժամեր առաջ սկսել են տարհանել Կուրսկի հետ սահմանակից հինգ շրջանների բնակիչներին։ «Տարհանումը կլինի պարտադիր, կտեղափոխվի մոտ 6 հազար մարդ, այդ թվում՝ 425 երեխա», - հայտարարել է Սումիի նահանգապետը։

Փորձագետները փաստում են՝ երեկ, երբ իրավիճակը Ռուսաստանի սահմանամերձ գոտում սրվեց, տպավորություն էր, թե ուկրաինական կողմը դիվերսիոն-հետախուզական գործողություն է իրականացնում, ինչը պատահել էր նաև անցած տարի։ Բայց դատելով մարտերի ինտենսիվությունից՝ այս անգամ ամեն ինչ ավելի լուրջ է։ Հաղորդվում է, որ ռուսական կողմը հավելյալ ուժեր է տեղափոխում այս տարածաշրջան՝ պաշտպանությունն ամրապնդելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կուրսկի նահանգապետի պաշտոնակատարը հաստատում է Ուկրաինայի կողմից սահմանը անցնելու լուրերը