Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության միանգամից հինգ անդամ մանդատը վայր դնելու դիմում է գրել։
Ո՞րն է պատճառը. կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանը պնդում է, թե ավագանու անդամներն իրենք են որոշել մանդատները վայր դնել՝ Գյումրիի ավագանիում խմբակցության գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով սկսված կուսակցական վերադասավորումներին ընդառաջ։
«Այդ տրամաբանության արդյունքում մեր գործընկերները որոշել են մանդատները վայր դնել և ոչ թե ինչ-որ նեղացվածության կամ պարտադրանքի.... այլ որևէ բան չկա, իրենք շարունակում են մեր կուսակցության անդամ լինել, շարունակում են մեր գործընկերները լինել, և իրենց փոխարինելու են ցուցակի այնպիսի թեկնածուներ, ովքեր պատրաստ են այն քաղաքական օրակարգը, որը դրված է մեր կուսակցության առջև, իրենք իրականացնեն Գյումրու ավագանու խմբակցությունում», - ասաց Սարուխանյանը:
Մանդատները վայր դրած ավագանու անդամներից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։ Նրանց այս որոշումը հետևում է անցած շաբաթ վարչապետի գլխավորությամբ անցկացված կուսակցության վարչության նիստին, որի ընթացքում, ըստ հաղորդագրության, հենց Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքի հետ կապված հարցեր էին քննարկվել։
ՔՊ-ն Գյումրիում ընդդիմություն է։ Տարածքային կառույցի ղեկավարն ասում է՝ վերադասավորումների արդյունքում իրենց քաղաքական թիմը ավագանիում ավելի քաղաքական ու ավելի ուժեղ կդառնա։
«Մենք ստանալու ենք ավելի քաղաքական թիմ, և մեր նպատակն է, նաև այդ կոնտեքստում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կառուցի ստեղծումը, և վերջերս մենք ակտիվ գործունեություն ենք ծավալում Գյումրի քաղաքում: Այո, մեր ֆրակցիան, մեր խմբակցությունը Գյումրու ավագանու պետք է ավելի քաղաքական լինի, ավելի ուժեղ լինի, ու այս վերադասավորումներն այդ տրամաբանության մեջ են», - ընդգծեց Սարուխանյանը:
Հստակ չէ՝ ովքեր կփոխարինեն մանդատները վայր դրած ավագանու անդամներին
ՔՊ-ում այս պահին շատ չակերտներ չեն բացում, թե ինչ է փոխվելու խմբակցությունում, բայց թեժ աշուն են խոստանում։ Այս պահին դեռ հստակ չէ, թե ովքեր կփոխարինեն մանդատները վայր դրած ավագանու անդամներին։ Առաջիկա օրերին ընտրատարածքային հանձնաժողովը նոր մանդատները կհանձնի հաջորդող համարներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Քաղաքացիական պայմանագիրը» չի թաքցնում Գյումրիում իշխանության գալու մտադրությունըԻ դեպ, մանդատները վայր դրած ավագանու 5 անդամներից երկուսը քրեական գործերով են անցնում։ Աղասի Մաթևոսյանը Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ ավազակություն կատարելու և նրանցից գումար հափշտակելու համար է մեղադրվում։ Իսկ Երվանդ Խանամիրյանը, ըստ իրավապահների, անցած տարի աջակցել էր 50-ամյա մի տղամարդու ծեծած, նվաստացրած ու նրա վրա կրակած մի գյումրեցի գործարարի։ 2-ի գործով էլ ընթանում են դատական նիստեր, դատական ակտեր դեռ չկան։
Հայաստանի իշխող ուժը Գյումրիում իշխող «Բալասանյան» դաշինքի հետ կոալիցիոն հուշագիրը խզելուց հետո ութ ամիս է ընդդիմություն է։
ՔՊ-ն մի քանի այլ համայնքներում պարտվելուց հետո կարողացավ տարբեր սցենարներով իշխանություն վերցնել։ Գյումրիում առայժմ դա չի հաջողվում, քաղաքապետին անվստահություն հայտնելու համար, օրինակ, բավարար մանդատներ չունեն, բայց չեն թաքցնում, որ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում էլ իշխանություն դառնալու նպատակ ունեն։
Ավագանու խմբակցության վերդասավորումներին զուգահեռ արդյոք այլ պրոցեսներ էլ են ընթանում արտահերթ ընտրությունների միջոցով Հայաստանի 2-րդ քաղաքում իշխանությունը վերցնելու համար։
«Մենք այս պահին նման որոշում կամ նման քննարկում չունենք, մենք որպես քաղաքական թիմ, քաղաքական ուժ, պատրաստվում ենք գալիս ընտրություններին, իսկ թե այդ ընտրությունները երբ կլինեն, հերթական, թե Ձեր ասած տրամաբանության մեջ ինչ որ բան կփոխվի, մենք ցանկացած պահի պատրաստվում ենք այդ ընտրություններին», - ասաց Սարուխանյանը:
Գյումրիում ՏԻՄ հերթական ընտրություններին երկու տարուց մի փոքր ավելի ժամանակ է մնացել։