Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ պետքարտուղարի տեղակալն ընդգծել է, որ ԱՄՆ շարունակելու է նպաստել երկու երկրների միջև իրական խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովմանը:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության միջոցառումներին վերաբերող հարցեր: Այս համատեքստում, կարևորվել է միջազգային հանրության շարունակական աջակցությունը:
Պետքարտուղարի տեղակալի խոսքով՝ Հայաստանի հետ համագործակցության զարգացումն ու ամրապնդումն ԱՄՆ վարչակազմը մեծապես կարևորում է և մեր երկրին ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված տեխնիկական ու ֆինանսական աջակցությունը կրելու է շարունակական բնույթ:
Զրուցակիցները քննարկել են նաև կրթության բնագավառում հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության 300 դպրոցների և 500 մանկապարտեզների, ինչպես նաև Ակադեմիական քաղաքի ծրագրերին:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան Թբիլիսիից Երևան է ժամանել երեկ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Թբիլիսիից ժամանել է Երևան