Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպումը

Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ հայտնում է, որ ՆԱՏՕ -ի շրջանակներում, ԱՄՆ պետաքրտուղարի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի են ունենում Ադրբեջան- Հայաստան բանակցություններ՝ խաղաղության համաձայնագրի և միջպետական հարաբերությունների հաստատման շուրջ։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում են՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Ադրբեջանի արտգործնախարարը Վաշինգտոն մեկնելուց առաջ կրկին հիշեցրեց խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքվի գլխավոր նախապայմանը՝ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի։

Վերջին շրջանում Բաքուն խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայման է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ խնդրահարույց համարելով, որ Մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագրում խոսվում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին։

Երևանը պարբերաբար հայտարարում է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է և Ադրբեջանը չի կարող պահանջ ներկայացնել Հայաստանին՝ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման հետ փոխկապակցելով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ ակնկալել Միրզոյան- Բայրամով-Բլինքեն հանդիպումից. փորձագետի համոզմամբ՝ սեղանին ՀՀ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջն է