Իշխանությունն օրեր շարունակ չի պարզաբանում՝ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ինչո՞ւ չի համաձայնեցվում

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների հայկական և ադրբեջանական կողմերի համանախագահներ, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյան և Շահին Մուստաֆաև

Սահմանազատման հայկական հանձնաժողովը ղեկավարող Մհեր Գրիգորյանի գրասենյանը չի պարզաբանում՝ Բաքվի հետ համատեղ աշխատանքի կանոնակարգի համաձայնեցումն ինչո՞ւ է ձգձգվում։ «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան նախընտրել են չխոսել պատճառների մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ սահմանազատման հանձնաժողովները սահմանված ժամկետում չհամաձայնեցրին կանոնակարգի նախագիծը

Վերջնաժամկետը հուլիսի 1-ն էր, հայ ու ադրբեջանցի պաշտոնյաների ստորագրությամբ ամրագրված պայմանավորվածությունը, սակայն, չպահպանվեց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանված ժամկետի ավարտին Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը

Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն իշխանական այն պատգամավորներից է, որն իրատեսական էր համարում նախօրոք հայտարարված ժամկեըի պահպանում: Հիմա, երբ խախտվեց, դա չի կարևորում:

«Ինչ-որ բան ստացվել է, ինչ-որ բան չի ստացվել: Ոչինչ, խնդիր չի, ժամկետը չի կարևորը, կարևորն ընթացքն է, իսկ ընթացքը գնում է, աշխատանքները շարունակվում են, բանակցությունները շարունակվում են. մի օր այն կողմ, մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ, մեկ ամիս այս կողմ կամ այն կողմ, դա բովանդակային բան չի փոխում», - ասում է Եղոյանը:

Իշխանությունն օրեր շարունակ չի շտապում պարզաբանել՝ վիճելի խնդիրը ո՞րն է։ Իսկ Տավուշի ու Ղազախի հատվածում ադրբեջանական չորս գյուղերի վերադարձի ժամանակ վարչապետի աշխատակազմը ծավալուն պարզաբանում էր տալիս։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն նախնական համաձայնեցրին սահմանագծի 4 առանձին հատվածները

Թե երբ կավարտվի համաձայնեցման գործընթացը, մոտավոր ժամկետ նույնիսկ չեն նշել։ Գրավոր պատասխանում նույնությամբ կրկնել են չորս օր առաջ տարածած հաղորդագրության ձևակերպումները. - «Հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ: Համաձայնեցման գործընթացը նախատեսվում է ավարտել առաջիկայում»։

Չնայած պայմանավորվածության ժամկետները խախտվեցին, փոխվարչապետի գրասենյակը պնդել է, թե ադրբեջանական կողմի հետ բանակցությունները կառուցողական են։

«Սա բանակցային գործընթաց, սահմանի ճշգրտման գործընթաց չի, սա նախապայմանների կատարման գործընթաց է»

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը թափանցիկության բացակայությունն է շեշտում:

«Երկու ժամկետ է նշվել. փաստացի մենք ունենք իրավիճակ, երբ զորքերը ետ քաշվեցին, այսինքն՝ ինչ որ պահանջում էր Ադրբեջանը, տեղի ունեցավ իր ասած ժամկետներում, բայց այն, ինչ թույլ կտար մեզ ավելի լավ պատկերացնել, թե ինչ գործընթաց է տեղի ունենում, գուցե կկարողանար Ադրբեջանի հետագա գործողությունները սահմանափակել, մի խոսքով՝ խաղի կանոններ կսահմաներ գոնե ինչ-որ չափով, մենք էդ թուղթը, որ պիտի գար մինչև հուլիսի 1-ը, էդպես էլ չտեսանք դա: Էդ ժամկետը խախտվեց ամբողջությամբ՝ հնարավորություն չտալով մեր հանրությանը ավելի խորքային պատկերացում կազմել՝ ինչ գործընթացի մասին ենք խոսում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Վարդանյանը:

«Ինչու է այս ոչ-թափանցիկությունը՝ որովհետև սա բանակցային գործընթաց, սահմանի ճշգրտման գործընթաց չի, սա նախապայմանների կատարման գործընթաց է, միակողմանի զիջումների», - պնդում է ընդդիմադիր պատգամավորը:

Ինչո՞վ է կարևոր կանոնակարգի համաձայնեցումը։ Նախ՝ պայմանավորվածությունը, որ սահմանազատումն Ալմա-Աթայի հռչակագրով է իրականացվելու, որպես սկզբունք այս նախագծում պետք է ամրագրվի։ Ու այս հարցն իշխանությունն անպատասխան է թողնում՝ արդյոք հենց հռչակագրին հղումն է աշխատանքային սկզբունքների շուրջ տարաձայնությունը։ Բացի այդ, սահմանի մյուս հատվածների սահմանազատումը կշարունակվի կանոնակարգի հաստատումից հետո միայն՝ անկլավ-էքսկլավները ներառյալ։

Հայ - ադրբեջանական ավելի քան 900 կիլոմետրանոց սահմանից մոտ 12 կիլոմետրն է սահմանազատված։ Ադրբեջանը ստացավ չորս գյուղերը՝ այս պահին շարունակելով մնալ Հայաստանից օկուպացրած տարածքներում։

Ընդդիմադիր պատգամավորը կարծում է՝ Հայաստանի տարածքների ապագա բռնազավթման հեռանկարն աչքի առաջ ունենալո՛վ Ադրբեջանը չի ցանկանում իր գործողությունները փաստաթղթերով սահմանափակել:

«Գնում են գետնի վրա զիջումները պարտադրելու ճանապարհով: Ալմաթիի հռչակագրով, Ադրբեջանը մեկնաբանում է, որ ինքը ամրագրում է Արցախի բռնազավթումը, բայց էդպես էլ որևէ կերպ դա իր համար հիմք չի հանդիսանում սահմանների ճշգրտման համար: Մինչդեռ Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչները փորձում են մեզ համոզել, որ Ալմաթիի հռչակագրով կա ինչ-որ սահման, որ էդ ամբողջ սահմանի երկայնքում տեղի է ունենում սահմանազատում և սահմանագծում: Եթե այդպես է, պարզ հարց է առաջանում՝ ինչո՞ւ ենք մենք հատվածական սահմանագծում և սահմանազատում իրականացնում, որտեղ սկզբունքները տարբեր կարող են լինել Սյունիքում և Տավուշում», - ընդգծեց Քրիստինե Վարդանյանը:

Փոխվարչապետի գրասենյակից չեն պատասխանել նաև «Ազատության» հարցին՝ արդյոք կա պայմանավորվածություն, թե ինչ ժամկետներում Երևանն ու Բաքուն պետք է կազմակերպեն կանոնակարգի ներպետական հաստատումը։ Խոստացել են «մնացյալ հարցերը պարզաբանել առաջիկայում»։