ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է աշխահի շուրջ 200 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում կրոնական ազատությունների մասին տարեկան իր զեկույցը:
Վկայակոչելով ՀՀ Սահմանադրությունը՝ զեկույցը նշում է, որ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատություն։ Ընդգծվում է, որ ՀՀ Սահմանադրությունը ճանաչում է «Հայ առաքելական եկեղեցու» (ՀԱԵ) որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը՝ միևնույն ժամանակ նկատում՝ «ՀՀ Սահմանադրությունն արգելում է կրոնի վրա հիմնված խտրականությունը և սահմանում է կրոնական կազմակերպությունների և պետության տարանջատում, արգելում է կրոնի ազատության իրականացման իրավունքի խոչընդոտումը, ինչպես նաև ատելության խոսքը կամ կրոնական հիմքով անհատի կամ խմբի նկատմամբ բռնություն հրահրելը»։
Զեկույցը հիշեցնում է, որ չնայած Եկեղեցու առարկություններին, 2023-ին իշխանությունները սկսեցին աստիճանաբար հանել «Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն» առարկան պարտադիր դպրոցական ծրագրից՝ ներառելով այն հայագիտության ավելի լայն ուսումնական ծրագրում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տաճարը, փողոցը, մոմն ու Աստվածաշունչը. իշխանության և եկեղեցու միջև լարվածությունը խորանում է ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի գործողությունները, Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը բերեցին Արցախի կորստին. Գարեգին Բ
Զեկույցն անդրադարձել է նաև Եկեղեցի-Փաշինյան հեռակա բանավեճին՝ նշելով, որ 2024-ին Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականները շարունակել են առանց սահմանափակումների մասնակցել քաղաքացիական դիսկուրսին։
Վկայակոչելով լրատվամիջոցներում առկա տեղեկությունները՝ նշվում է, որ Կառավարություն-Եկեղեցի հարաբերությունները շարունակել են մնալ լարված՝ ուղեկցվելով «հրապարակային բացասական հռետորաբանությամբ»։
Ընդգծվում է նաև, որ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին կոչեր է հնչեցրել, իսկ Փաշինյանը հայտարարել է, որ «եկեղեցին պետությունից բարձր լինել չի կարող»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ստահոդ ու անհիմն հայտարարություններ». Մայր Աթոռից արձագանքում են իշխանականների մեղադրանքներինԱյլ դեպքեր
Զեկույցում մի շարք դեպքեր են նշված, որոնք ենթադրաբար կարող են կապ ունենալ կրոնական հայացքների հետ։ Մասնավորապես չնայած 2023 թվականին եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ դատական գործընթացի դադարեցմանը, իշխանությունները շարունակել են նրան «Թշնամություն հրահրելու» մեղադրանքի առաջադրումը, ու նրան ձերբակալելու որոշումն ակտիվ է մնացել։
Հոկտեմբերին Երևանի դատարանը բապտիստ Դավիթ Նազարեթյանին դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից ու զորակոչից խուսափելու համար։ Չնայած այլընտրանքային քաղաքացիական ծառայություն անցնելու նրա շարունակական դիմումներին, դատարանը հայտարարել է, թե նա չի կարողացել ապացուցել, որ զինվորական ծառայությունը հակասում է նրա կրոնական համոզմունքներին։
Մեղադրող կողմը դիմել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետ՝ խնդրելով ստուգել Նազարեթյանի կրոնական համոզմունքները, նշվում է զեկույցում։ Իրավապաշտպաններից մեկը քննադատել էր դատախազի դիմումը՝ գտնելով, որ ֆակուլտետը հիմնականում Հայ Առաքելական Եկեղեցունն է և հետևաբար չի կարող անկողմնակալ լինել։
«Եհովայի վկաներ» կազմակերպությունը հայտնել է բանավոր վիրավորանքների և կրոնական նյութեր ցուցադրող վահանակների վրա ֆիզիկական հարձակումների մի շարք դեպքերի մասին։
Հունիսի 2-4-ը ցուցարարները բռնությամբ խափանել են «Եհովայի վկաներ»-ի տարածաշրջանային կրոնական ժողովը Երևանում, մինչ ոստիկանությունը նայում էր, բայց չէր միջամտում, նշվում է Պետդեպի զեկույցում։ Ոստիկանությունն այնուհետև ապահովել է «Եհովայի վկաներ»-ի մեկ այլ միջոցառման անվտանգությունը և քրեական գործ հարուցել հունիսի 2-4-ի իրադարձության ժամանակ տեղի ունեցած բռնության մասնակիցների դեմ։
Հոկտեմբերին և նոյեմբերին անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել Երևանում գտնվող միակ սինագոգը։ Տարվա վերջին կառավարությունը աջակցել էր հետաքննել դրսի հնարավոր առնչությունը այդ միջադեպերին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում հրեական սինագոգի վրա հարձակման դեպքով մեկ անձի մեղադրանք է ներկայացվելԸստ հրեական համայնքի որոշ ներկայացուցիչների՝ հակասեմական դավադրության տեսությունները տարածվել են ներքին մարգինալ խմբերում, ինչպես նաև առցանց՝ կապված սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության հետ, որի ընթացքում Ադրբեջանը օգտագործել է իսրայելական զենք։
Զեկույցի համաձայն՝ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականության որոշ ներկայացուցիչներ շարունակել են սոցցանցերում տեսանյութերի տարածումը և հարցազրույցները, որտեղ կրոնական փոքրամասնությունների խմբերին կոչել են «սեկտաներ» և նրանց բնորոշել «սպառնալիք ազգային անվտանգությանը»։
Ըստ թիրախավորված ավետարանական խմբի՝ թեև այս գործողություններն արտացոլում էին առանձին հոգևորականների վերաբերմունքը և ոչ թե ՀԱԵ-ն որպես հաստատություն՝ սոցիալական ցանցերում նման գրառումների և հարցազրույցների շարունակական հայտնվելը ցույց է տալիս, որ «ՀԱԵ ղեկավարությունն աչք է փակում այդ գործողությունների վրա»:
Կրոնական փորձագետների կարծիքով՝ թեև տարվա ընթացքում հիմնական լրատվամիջոցները մեծ մասամբ չեզոք էին կամ նվազ խտրական կրոնական կազմակերպությունների հանդեպ՝ սոցիալական մեդիան և տաբլոիտ մամուլը շարունակել են այնպիսի հրապարակումները, որոնք կրոնական խմբերն ատելության խոսք են որակել։
2022 թվականի մարդահամարի համաձայն՝ Հայաստանի շուրջ 3 միլիոն բնակչության 97,5 տոկսը իրեն համարում է հայ առաքելական, նշված է Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում։