Բաքուն այսօր հայկական կողմին է փոխանցել 2 հայ զինծառայողների դիակ - մասունքներ։ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են՝ ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ժամանակ զոհված զինվորներ են։
Այդ մարտերում մինչև այժմ անհետ կորած են համարվում 19-ամյա ժամկետային Թոռնիկ Սարգսյանն ու 33-ամյա պայմանագրային Շիրազ Խաչատրյանը։ Արդյոք նրանց մասունքներն են՝ կպարզվի գենետիկ փորձաքննությամբ։
Շիրազ Խաչատրյանի կինը շուրջ երկու տարի սպասում է որևէ տեղեկության։ Որ ամուսինը զոհված է՝ արդեն գիտեր, նրա մարմինը ամիսներ շարունակ Վարդենիսի Կուտական գյուղի միջդիրքային տարածքում էր՝ տեսանելի, բայց ադրբեջանական կողմը մոտենալ, մարմինը հանել թույլ չէր տալիս։
«Վերջին անգամ մարզպետին եմ հանդիպել, ասել ա՝ «թուրքը թույլ չի տալիս մտնենք էդ տարածք ու չենք կարա ասենք՝ մասունք կբերենք, թե՝ չէ»: Դրանից հետո ոչ մեկը կապ չի հաստատել իմ հետ», - նշեց Մարիամ Ղարագյոզյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նշանակվել են փորձաքննություններ. ՔԿ-ն՝ հայկական կողմին փոխանցված 2 հայ զինծառայողի մասունքների մասինՀայ-ադրբեջանական չեզոք գոտում մնացած Շիրազի մարմինը ոսկրացել է բաց երկնքի տակ, հայկական կողմից լուսանկարներ կան, որոնցով էլ կինը դատարան է դիմել ու միայն մեկ ամիս առաջ ամուսնուն զոհված են ճանաչել։
Երկու երեխաների հետ մենակ մնացած երիտասարդ կինը հիմա սպասում է գենետիկ փորձաքննության ավարտին, դեռ երկու տարի առաջ են Շիրազի ծնողներն ու փոքրիկ տղան նմուշ հանձնել նույնականացման համար։
Պաշտոնական Բաքուն 2 հայ զինծառայողների մարմինները փոխանցելը անվանում է մարդասիրություն, բարի կամք։ Շեշտում են, որ մասունքները 2023 թվականի սեպտեմբերից հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում են հայտնաբերվել։
Թե՛ Շիրազ Խաչատրյանի ու թե՛ Թոռնիկ Սարգսյանի մարմինների գտնվելու վայրը հստակ կոորդինատներով Ադրբեջանին է փոխանցվել ավելի վաղ, շեշտում է երկու զինծառայողների ընտանիքների շահերը Ստրասբուրգի դատարանում ներկայացնող Սիրանուշ Սահակյանը:
«Նրանք կարող էին ավելի վաղ վերցնել ու փոխանցել հայկական կողմին՝ մեղմելով ընտանիքներին պատճառվող տառապանքները: Այս դիերի չհայրենադարձվումը մենք միտումնավոր քայլ ենք որակում», - ասաց Սահակյանը:
Իրավապաշտպանը վստահ է՝ Ադրբեջանը մարդասիրություն է ցուցադրում, որովհետև միջազգային իրավական հարթակներում ՝ Ստրասբուրգից մինչև ՄԱԿ-ի հարթակներ բազմաթիվ գործեր կան:
«Նաև ընթանում են խաղաղությանն ուղղված քննարկումներ: Ադրբեջանն իրականում վարում է ժխտողական քաղաքականություն, սակայն պետք է կարողանա իմիտացնել դրական տեղաշարժեր ու համագործակցության պատրաստակամություն, ուստի պետք է այս տրամաբանության մեջ ընկալենք երկու դիի վերադարձման խնդիրը», - ընդգծեց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանինՍիրանուշ Սահակյանը չի բացառում, որ այս, իր բառով, իմիտացիան կշարունակվի, հնարավոր է նաև գերիների վերադարձ. - «Կոշտ կոչեր են հնչեցվում, ավելին, կա նախապատրաստվող մեծ միջոցառում՝ COP 29-ը, ինչպես նաև հանրային արշավներ են նախաձեռնված, որի նպատակը միջոցառման անցկացման արգելափակումն է, քանի դեռ Բաքուն չի լուծում որոշակի մարդասիրական խնդիրներ»:
22-ի սեպտեմբերյան մարտերից հետո Ճամբարակի զորամասի ժամկետային Թոռնիկ Սարգսյանը ո՛չ տուն եկավ, ո՛չ զորամաս վերադարձավ։ Վերին Շորժայի դիրքերում մնաց։ Նրա ծնողները երկու տարի պետական պաշտոնյաներից նույն բանն են լսում. - «Սպասեք»
Թե՛ Շիրազի ու թե՛ Թոռնիկի ընտանիքներն այսօր պետական կառույցներից որևէ զանգ չէին ստացել, այն մասին, որ երկու մարմին է Բաքուն փոխանցել, հնարավոր է, ենթադրվում է, գուցե ձեր ամուսնու, ձեր որդու մասունքներն են։ «Ազատությունը» Թոռնիկի ծնողների հետ այս երկու տարիներին մի քանի անգամ զրուցել էր, հավատում են, որ տղան գերի է, հավատում են, որ մի օր դուռը բացելու է:
Մասունքները դատաբժշկական կենտրոնում են։ Առողջապահության նախարարությունից ասում են՝ պարզ չէ, թե քանի օր կտևի փորձաքննությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Զոհվա՞ծ ա, թող զոհված բերեն տան մեզ». 19-ամյա զինծառայողի հայր