Մատչելիության հղումներ

Նշանակվել են փորձաքննություններ. ՔԿ-ն՝ հայկական կողմին փոխանցված 2 հայ զինծառայողի մասունքների մասին


Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ նշանակվել են փորձաքննություններ՝ Երևանին փոխանցված անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Այսօր ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ:

«2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ սանձաազերծված ագրեսիվ պատերազմի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ՝ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ», - գրել է Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում։

ՔԿ խոսնակը հիշեցնում է, որ 2022-ի սեպտեմբերին Հայաստանի դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով մինչ օրս անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը։

2022-ի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական բանակը երեք ուղղություններով ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք՝ օկուպացնելով Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի մի շարք հատվածներ։ Հայկական կողմը 224 զոհ ունեցավ, Ադրբեջանն, իր հերթին, հաղորդել է իր կողմից 80 զոհի մասին։ Մարտերից հետո Բաքուն հայկական կողմին վերադարձրեց 156 զինծառայողի մարմին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG