Շարժման ակտիվ փուլի հանրահավաքներից հետո, Ազգային ժողովի շենքի մոտ բախմանը հաջորդող շրջանում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր Տավուշի մարզում էր. Կիրանց այցելելուց հետո մեկնեց Ոսկեպար:
Օրվա երկրորդ կեսին Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը մեզ չթույլատրեցին շարունակել աշխատանքը Կիրանցում, հորդորեցին հեռանալ գյուղից ու աշխատել այլ տարածքից:
Մեկուկես ամիս առաջ սահմանազատման դեմ պայքար սկսած Բագրատ սրբազանը հենց Տավուշից, ավելի կոնկրետ՝ Կիրանց գյուղից էր քայլերթով Երևան եկել, ինչից հետո մայիսի 9-ին մայրաքաղաքում հանրահավաք եղավ, ապա սկսվեցին բողոքի ակցիաները, ցույցերը:
Բագրատ Գալստանյանը Կիրանցում և Ոսկեպարում զրուցեց գյուղացիների հետ: Նա ևս մեկ անգամ կրկնեց այն պնդումը, որ սահմանազատման գործընթացը Տավուշում անթույլատրելի է, հիշեցրեց, որ գյուղի նորակառույց դպրոցն այս ամենի հետևանքով սահմանագծից մի քանի տասնյակ մետր հեռավորություն վրա է լինելու:
«Կիրանցով չի վերջանում մեր կյանքը, Ոսկեպարով չի վերջանում, Սյունիքն ի՞նչ է լինելու, Վարդենիսն ի՞նչ է լինելու, Տիգրանաշենն ի՞նչ է լինելու, ամբողջ Հայաստանի վրա է սա տարածված», - նշեց Գալստանյանը:
Կիրանցի ավելի քան 5 տասնյակ սեփականություն սահմանազատման գործընթացի հետևանքով ադրբեջանական կողմին է անցնելու, կառավարությունն էլ փոխհատուցումների գործընթաց է սկսել, որի մասին մինչ այժմ շատ բան հայտնի չէ:
«Մարդկանց սեփականության իրավունքն էլ է խախտվել, ոչ միայն խախտվել, գողացել են ուղղակի», - հայտարարեց Բագրատ սրբազանը:
Գյուղացիներն այսօր նշեցին, որ իրավաբանական օգնություն չեն ստացել:
Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ նման օգնություն հենց շարժման կողմից չի եղել, Բագրատ Գալստանյանը նշեց. - «Այն ժամանակից դիմվել է, փաստաբաններ էլ են եկել, այդ գործընթացն արել են, որքան գիտեմ նաև որոշակի իմաստով դատական կամ իրավական գործընթացի մեջ են մտել, բայց հավանաբար շարժման հետ միասին էդ գործընթացն էլ կանգնեց»:
Արքեպիսկոպոսն, անդրադառնալով այն կարծիքներին, թե իր գլխավորած շարժումն արդեն մարել է, ասաց՝ նման բան չկա:
Կիրանցում շարունակվում է այլընտրանքային ճանապարհի շինարարությունը, այն տները, որոնք անցնում են ադրբեջանական կողմին, այլևս իրենց տեղում չեն. մեկն ամբողջությամբ քանդվել է, իսկ վագոն տնակը տեղափոխվել է այլ վայր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Գնում ենք, տեսնենք՝ փշալար է, ցանկապատ է, կա՞, թե չկա»․ Բագրատ սրբազանը Կիրանց մեկնելու մասին