Կադաստրի կոմիտեի ղեկավարը հաստատում է՝ Կիրանցի հատվածում Ադրբեջանին անցած, բայց սեփականության իրավունքով Հայաստանի քաղաքացիներին պատկանող հողերը ներառված էին տվյալ համայնքի վարչական սահմաններում: Սուրեն Թովմասյանը միևնույն ժամանակ շեշտում է՝ իրավապահները դեռ պետք է պարզեն, թե որքանով էր վարչական սահմանը ժամանակին ճշգրիտ արտացոլվել:
«Եթե տրվել է վկայական, նշանակում էր՝ չէր կարող, չէ՞, ներառված չլինել ու ստանալ վկայական: Հենց դա է պատճառը, որ խնդիրն այսպիսին է, որ այդ գրանցումները կատարվել են՝ օգտագործելով ոչ ճշգրիտ տեղեկատվություն», - նշեց Թովմասյանը:
Տավուշում հատվածական սահմանազատումից հետո պարզվեց՝ Ադրբեջանին անցնող տարածքներում 50-ից ավելի հողակտորի դեպքում մարդիկ սեփականության վկայականներ ունեն: Ինչպե՞ս են այդ տարածքներն ադրբեջանական, եթե Կադաստրի կոմիտեն գրանցել է նրանց սեփականության իրավունքը: Ընդ որում, բոլոր դեպքերում գրանցումը եղել է համայնքի ղեկավարի որոշման, կադաստրային քարտեզի, նոտարի կողմից վավերացված պայմանագրի հիման վրա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խեյրումլին Ադրբեջանի՞, թե՞ Հայաստանի տարածք. հեռակա բանավեճ՝ Արդարադատության նախարարության և սահմանադրագետի միջև«Այստեղ խնդիրն այն է, թե ինչպես են ստեղծվել այդ կադաստրային քարտեզները, ինչ իրավական փաստաթղթերի հիման վրա, ինչ մեթոդաբանությամբ և ինչ փաստաթղթերի արդյունքում», - ընդգծեց Կադաստրի կոմիտեի ղեկավարը:
Այս հարցերի պատասխանը Կադաստրի պետն ինքն էլ չունի, բայց առանց դրա էլ վստահ է՝ գործընթացում սխալ է եղել։ Փաստարկում է՝ հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է մարդիկ սեփականության վկայականներ ունենային այն տարածքներից, որոնք իշխանությունը համարում է ադրբեջանական:
Որ իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա ավելի վաղ պնդել էր նաև Արդարադատության նախարարությունը: Ե՞րբ է պարզվել որ կադաստրային քարտեզներում ոչ ճշգրիտ տվյալներ կան: Կառույցի ղեկավարն ասում է՝ դեմարկացիայից և դելիմիտացիայից հետո:
Կադաստրային քարտեզներում, կառավարության նշած ոչ ճշգրիտ տվյալներից, երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավարից փորձեց պարզաբանում ստանալ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Արայիկ Հարությունյանն ասաց, թե Գլխավոր դատախազությանը գրություն է ուղարկվել՝ պարզելու այդ քարտեզներում հնարավոր անճշտությունները։ Օրվա երկրորդ կեսին իրավապահ կառույցից «Ազատությանը» փոխանցեցին՝ նման գրություն չեն ստացել: Այդուհանդերձ, եթե իրավապահները դեռ պետք է ուսումնասիրեն քարտեզները և նոր միայն պարզեն՝ եղել է սխալմունք, և եթե՝ այո, ում կողմից, ինչո՞ւ է կառավարությունը մինչ այդ արդեն պնդում, որ սեփականության իրավունքները տրամադրվել են սխալմունքի արդյունքում:
«Որովհետև ՀՀ պետական սահմանը ամրացված է, այսինքն՝ լիազոր մարմինների կողմից ամրացված է ՀՀ պետական սահման, եթե ՀՀ պետական սահմանն ամրացված է, նշանակում է, որ ՀՀ պետական սահմանի ներսում պետք է գրանցումները կատարված լինեին», - հայտարարեց Սուրեն Թովմասյանը:
Կադաստրային քարտեզագրումը, ըստ կառույցի ղեկավարի, սկսվել է 90-ականների վերջերից և շարունակվել է մինչև 2005 թվականը: Կիրանցում սեփականությունը կորցրած գյուղացիներից մեկը այդ սեփականության հետ կապված գործարք էր արել ընդամենը 2 տարի առաջ՝ գործող իշխանության օրոք: