Ամենայն Հայոց կաթողիկոսը երեկ Մայր Աթոռի միաբանների հետ Սարդարապատի հուշահամալիր հասավ ոստիկանական երեք պատեր հաղթահարելուց հետո:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետն այցելեց Սարդարապատ, ոստիկանները փորձել են արգելել Վեհափառի մուտքըՀայր Ասողիկը, տեր Տաճատը ոստիկանների հետ հրմշտոցի առաջնագծում էին, առաջին շղթան եպիսկոպոս-քահանաներով ճեղքեցին՝ ճանապարհ բացելով Վեհափառի համար, հետո՝ երկրորդը, այստեղ ուժայիններն ավելի են մոբիլիզացվում, հրմշտոցի ժամանակ Արցախի թեմի առաջնորդի եպիսկոպոսական պանակեն՝ հատուկ նշանն է պոկվում: Կադրերում չի երևում, բայց երրորդ պատը, ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարի, ճեղքել են ոչ թե ուժով, այլ՝ Վեհափառի հորդորով:
«Տեղի տվեցին Վեհափառի հորդորին և նաև պահանջին, որ ճանապարհը բացեն, որպեսզի ինքը անցնի, հուշակոթողին մոտենա», - «Ազատության» հետ զրույցում նշեց տեր Եսայի քահանա Արթենյանը:
Սարդարապատի «մարտից» Վեհափառի շքախումբը դուրս եկավ շփոթված, հուշահամալիրի մոտ ծաղկեպսակ դրեց Գարեգին երկրորդ կաթողիկոսը, աղոթեցին մայիսյան հերոսամարտի նահատակների հոգիների խաղաղության համար:
Այս ամենը տեղի էր ունենում երեկ 14:30-ին։ Բուն աղոթքը տևեց 2 րոպե։ Վարչապետ Փաշինյանը Սարդարապատ հասավ կես ժամ անց։ Ինչո՞ւ էին ոստիկանները փակել Կաթողիկոսի մայիս 28-յան ավանդական ճանապարհը, հարցրել են լրագրողներն այսօր խորհրդարան գնացած վարչապետին։
«Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյո՞ք Վեհափառ Հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելու, թե՞ այլ նպատակադրմամբ, և երբ որ ստացել են հավաստիացումներ, որ այցը ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառման տարածք», - հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոստիկանությունը Սարդարապատում Վեհափառից փորձել է ճշտել՝ եկել է շարունակելո՞ւ իր ղեկավարած շարժման «սադրող գործողությունները». ՓաշինյանՄայիսի 27-ի երեկոյից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր գլխավորած շարժման համակիրների հետ Սարդարապատում էր, գիշերեց այնտեղ։ Ենթադրաբար այդ պատճառով մայիսի 28-ի առավոտյան պաշտոնական արարողակարգային միջոցառումները, Փաշինյանի այցը հուշահամալիր հետաձգվեցին։ Ի վերջո, Կաթողիկոսն ու Փաշինյանը նույն ուղղությունը բռնեցին կես ժամվա տարբերությամբ։
«Մայր Աթոռի արարողակարգը և վարչապետի արարողակարգի հետ եղել է որոշակի բանակցություններ՝ ճշգրտումներ անելու, ժամերի առումով: Բայց Կառավարությունից որևէ հստակ բան չի եղել և որևէ հստակություն չի եղել, ավելի ճիշտ՝ ասել է, որ առավոտյան պիտի գնան», - ասաց տեր Եսայի քահանա Արթենյանը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը պնդում է՝ մինչև վերջին պահը պետական արարողակարգի ծառայությունն իրենց չի ծանուցել, թե ի վերջո Փաշինյանը երբ է հուշահամալիր գնալու, իրենք իրենց օրակարգով՝ պատարագն ավարտել ու գնացել են։
Գուցե հատո՞ւկ էր այդ ժամին եկել, «Ազատության» տաղավարում այսօր կասկածեց «Քաղաքացիական պայմանագրից» Արթուր Հովհաննիսյանը:
«Կաթողիկոսն ունի արարողակարգ, կարող էր ճշտել վարչապետի արարողակարգից՝ երբ է նախատեսվում այցը, որ նման տհաճ իրավիճակ չստեղծվեր՝ ոչ իրենց համար, ոչ էլ մեզ համար, որովհետև էնպես չի, որ էս իրավիճակը մեզ դուր է եկել, հաճելի էր էդ տեսարանները տեսնել: Չէ, հաճելի չի ընդհանրապես», - ասաց իշխանական պատգամավորը:
«Դուք ակնարկում եք, որ միտումնավո՞ր է նա այդ ժամին եկել Սարդարապատ», - այս հարցին Հովհաննիսյանն արձագանքեց. - «Միգուցե, ես չգիտեմ: Հաշվի առնելով, որ քաղաքական գործունեություն է ծավալում Կաթողիկոսը և հովանավորում է ընդդիմադիր շարժումը՝ Ռոբերտ Քոչարյանի շրջանակների կողմից իրականացվող, ինչո՞ւ ոչ»:
Տեր Եսայի քահանան անհեթեթ է որակում իշխանականների մեղադրանքը, թե գուցե Վեհափառը գնացել էր ընդդիմադիրների գործողությունները շարունակելու. - «Ամբողջությամբ ձևակերպումը անհեթեթություն է: Վեհափառը գնացել էր իր խոնարհումը բերելու մայիսյան հերոսամարտի զոհերի հիշատակին»:
Մայր Աթոռի ներկայացուցիչը հերքում է նաև Փաշինյանի այն պնդումը, թե ոստիկանությունը փորձել է ճշտել Վեհափառի այցի նպատակը. - «Ոստիկանությունը ոչ մի բացատրություն չի տվել և որևէ հարցում ճշտելու համար չի արել»:
Եկեղեցականների ու սևբերետավորների միջև հրմշտոցի տեսարանը, Ամենայն Հայոց կաթողիկոսի առջև Սարդարապատի հուշահամալիրի ճանապարհը փակելը երեկվանից դատապարտող հայտարարությունների թեմա է։ Երուսաղեմի Հայոց պատրիարքը ոստիկանների պահվածքը քստմնելի է որակել։ Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը կոչ է արել կանգնեցնել «ինքնաքանդումի ու ինքնասպանութեան ներկայ ընթացքը»։ Սփյուռքի թեմակալ առաջնորդները՝ 24 բարձրաստիճան հոգևորականներ, Սարդարապատի վերջին բախումը անարգանք են համարել ողջ քրիստոնյա հայության համար, Բարձրյալին խնդրում են, որ ողջամտություն պարգևի ոստիկաններին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները Սարդարապատի հուշահամալիրում են