Նախնական տվյալներով Վանաձորից մինչև Այրում երկաթգիծը վնասվել է մոտ 2.5 կմ չափով
Նախնական տվյալներով Վանաձորից մինչև Այրում կայարան երկաթգիծը վնասվել է մոտ 2.5 կմ չափով: Թե ե՞րբ կվերականգնվի այն, պաշտոնյաները դեռ չեն հայտնում:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ասաց, որ գտել են ժամանակավոր լուծում՝ բեռները Հայաստան տեղափոխելու համար. - Միայն ներմուծումը չէ, նաև արտահանման հետ կապված մեր հանքերի հումքերը հիմնականում արտահանվում են երկաթուղու միջոցով, որը մեծ խնդիր է: Հացահատիկի մի մասը գնացքով է, մի մասը՝ բեռնատարով, վառելիքի հիմնական մասը տեղափոխվում է գնացքով: Մենք այս օրերին աշխատել ենք այն ընկերությունների հետ, որոնք զբաղված են ներմուծմամբ, փորձել ենք հասկանալ նրանց մոտ առկա պաշարները, կարծես բավարար պաշար կա որպեսզի այս մի քանի օրը մենք կարողանանք իմ ասած տարբերակով լուծում գտնել՝ մինչև Այրում կայարան հասցնել, որից հետո բեռնատարներով տեղափոխել»:
Ինչպես նախարարը նշեց, վառելիքը Հայաստան է հասնում բացառապես երկաթուղու միջոցով, նաև հացահատիկի զգալի մասը: Եթե ներկրումների հարցը հնարավոր է ինչ-որ կերպ լուծել, ապա արտահանումների դեպքում կառավարությունը դեռևս որևէ լուծում չի առաջարկում:
Այսօրվանից Ալավերդիում գործում է միասնական տեղեկատվական շտաբ
Այսօրվանից Ալավերդիում գործում է միասնական տեղեկատվական շտաբ աղետի գոտի հայտարարված համայնքների մասին տեղեկություններ տալու համար:
Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ 430 մարդ տարհանվել է իրենց հեղեղված բնակավայրերից: Քարկոփ բնակավայրը, որը Ախթալայի կամրջի քանդման հետևանքով մեկուսացման մեջ է հայտնվել և գրեթե բոլոր տները վնասված են, տարհանվել է ամբողջովին: Այսօր առավոտից այնտեղ սկսվել են մաքրման, վերականգնման աշխատանքներ: Տեխնիկան հնարավոր է եղել գյուղ հասցնել 5 կիլոմետրանոց այլընտրանքային ճանապարհով:
Նախարարը նշեց, որ Մ6 միջպետական ճանապարհը վնասված է 10-ից ավելի հատվածներում, որոշ դեպքերում փլուզվել է ամբողջ ճանապարհահատվածը, մի քանի դեպքերում՝ մասնակի:
Յոթ բնակավայր դեռևս կտրված է արտաքին աշխարհից՝ կամուրջների փլուզման հետևանքով, սակայն նախարարի հավաստմամբ սննդային մատակարարումներ արվում են: Փորձում են ժամանակավոր լուծում գտնելու համար հետիոտնային կամուրջներ կառուցել այդ համայնքների հետ կապն ապահովելու ու սննդի մատակարարումն ավելի հեշտացնելու համար, մինչ հնարավոր կլինի սկսել հիմնական երթևեկելի կամուրջների կառուցումը: Թե երբ կսկսեն, նախարարը կոնկրետ ժամկետներ չի նշում:
Նախարարը հերքեց, թե Լոռու մարզի որևէ ՀԷԿ-ում պատվար է փլուզվել կամ ջրի մեծ քանակի բացթողում եղել
Նախարարն այսօր հերքեց, թե Լոռու մարզի որևէ գործող ՀԷԿ-ում պատվար է փլուզվել կամ ջրի մեծ քանակի բացթողում եղել: Նշեց, որ ՀԷԿ-ի գործունեության տարածքում չի առաջանում այնքան ջրի պաշար, որը կառաջացներ գետի այսչափ վարարում:
Պաշտոնապես դեռ վնասի չափեր չեն նշվում: Համեմատության համար Սանոսյանը ներկայացրեց, որ այսօր գետում ջրի քանակը կազմում է 140 խորանարդ մետր, իսկ հեղեղի օրն այն կազմել է մոտ 5 անգամ ավելի՝ 650 խորանարդ մետր: Նախարարի պնդմամբ՝ որևէ ՀԷԿ-ից ջրի բացթողման արդյունքում չէր կարող ջրի այդպիսի ծավալ առաջանալ:
Դեռ ապրիլի 19-ին Լոռու մարզպետի աշխատակազմն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր «ՁորաՀԷԿ»-ի տնօրինության հայտարարությունը, որում ասվում էր՝ «ՁորաՀԷԿ-ի» շահագործման ընթացքում էներգահամակարգի աշխատանքի խափանումներով պայմանավորված, առաջիկայում հնարավոր է կայանի կանգ, որն էլ իր հերթին մինչև օգոստոս ամիս կարող է հանգեցնել ջրի բացթողումների կայանի ջրամբարից», և նախազգուշացրել էին գետամերձ տարածքի բնակիչներին գետերի հնարավոր վարարման մասին: «Վերջինս կարող է Ձորագետ և Դեբետ գետերի վարարումների պատճառ դառնալ», - նշված է հաղորդագրությունում:
ՆԳՆ փրկարար ծառայությունը մայիսի 26-ին հաղորդել էր, որ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին։ «Հարավկովկասյան երկաթուղին» չեղարկել էր մայիսի 26-ի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները՝ սելավահոսքի առաջացման պատճառով։