Խաղաղության պայմանագրի համաձայնեցված հատվածներում արդեն իսկ կա հղում Ալմա-Աթայի հռչակագրին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչու Բաքուն չի համաձայանում Ալմա-Աթայի հռչակագրի վերաբերյալ հղումն ամրագրել խաղաղության պայմանագրում։
Փաշինյանի պնդմամբ՝ խնդիրը ուրիշ բանի մասին է՝ չցանկանալով պարզաբանել։
Առանցքային սկզբունքները համաձայնեցված են, մնում է դա վերարտադրել խաղաղության պայմանագրի տեքստի մեջ, հավելեց Նիկոլ Փաշինյանը. - «Եվ ես կարծում եմ՝ մենք ունենք հնարավորություն օր առաջ այդ աշխատանքն ավարտելու։ <>
Հիմա մենք ունենք մթնոլորտի էական փոփոխություն, բայց դա դեռ չի նշանակում, որ վերջ, հասել ենք եզրագծին, և մնում է ստորագրել», - հավելեց նա։
Օրերս Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29-ի համաժողովը լավ հնարավորություն էր համարել խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ համաժողովի ընթացքում կամ մինչև այն ստորագրվի այն կամ մինչև դա, ասաց. - «Ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է խաղաղության պայմանագիր ստորագրելու»։
Փաշինյանն այսօր անպատասխան թողեց «Ազատության» հարցը, թե ծրագրո՞ւմ է մեկնել Բաքու։
Հայկական կողմից ավելի վաղ հայտարարել էին, որ Ալմա-Աթայի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա։
Հայաստանի և Ադրբեջանի միջև ավելի քան երկու տարի բանակցվող խաղաղության պայմանագրի տեքստն արդեն 9-րդ խմբագրումն է անցել։ Երևանն անցած ամսվա վերջին հաստատեց, որ ստացել է Բաքվի հերթական առաջարկները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Որքանո՞վ է իրատեսական խաղաղության պայմանագրի կնքումը մինչև նոյեմբեր ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալմաթայի հռչակագրի դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա. Սիմոնյան
Առավել մանրամասն տե՛ս այստեղ