Ժամանակակից աշխարհում դելիմիտացված սահմանից ավելի գործուն երաշխիք չկա, Տավուշի չորս հատվածներում բողոքի ակցիաներով ուղեկցված սահմանազատումից հետո հայտարարում է Հայաստանի վարչապետը, որն այսօր սահմանազատված գյուղեր էր այցելել։
Մինչ Կիրանցում սահմանազատման հետևանքով հող, գույք կորցնող ու անվտանգության երաշխիք պահանջող մարդիկ իրենց սեփականության վկայականներն էին ցույց տալիս ու պատասխաններ պահանջում վարչապետից, Փաշինյանը այդ հանդիպումից հետո «Ազատությանը» տված հարցազրույցում դարձյալ պնդեց՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր չի թողնվել սահմանից այն կողմ:
«Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև, էլի ասում եմ, մենք հիմա ոչ թե նոր սահման ենք գծում, այլ մենք վերարտադրում ենք Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը», - շարունակեց վարչապետը՝ ընդգծելով. - «Այ էս նախադասությունից ոչ մի բառ ո՛չ կարելի է ավելացնել, ո՛չ կարելի է պակասեցնել, և մենք գնում ենք էդ տրամաբանությամբ»:
«Սյուն առ սյուն ստեղծում ենք անվտանգության երաշխիքը»
«Եվ ես կարևոր եմ համարում, հաջողություն եմ համարում սա, և ես հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում նաև մեր սիրելի հայրենակիցները էս համոզմունքին կգան», - ասաց Փաշինյանը:
Դիտարկմանը, որ հիմնական մտահոգությունն անվտանգության հետ է կապված՝ կոնկրետ Կիրանցում, գյուղի բնակիչների համար երաշխիքներ ստեղծվո՞ւմ են, վարչապետն արձագանքեց. - «Այո, մենք երաշխիքները ստեղծում ենք հիմա, էն, ինչ որ տեղի է ունենում, ինչո՞ւ է այս ամեն ինչը տեղի ունենում՝ Էդ գիտակցումից, որ անվտանգության երաշխիք 2024 թվականի հունվարի-փետրվարի դրությամբ էս գյուղերը անվտանգության երաշխիք չունեն: Մենք հիմա [...] սյուն առ սյուն ստեղծում ենք էդ անվտանգության երաշխիքը, հասկանում ե՞ք: Այս հատվածում բացի ճանապարհից նաև այլ անվտանգային կոնստրուկցիա կկառուցվի, գուցե, չի բացառվում, որ մենք պատ կառուցենք էստեղ, որպեսզի մարդիկ հոգեբանորեն ավելի [...] Բայց ես ուզում եմ էլի ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստին, որ ժամանակակից աշխարհում դելիմիտացված սահմանից, լեգիտիմությունից ավելի գործուն երաշխիք գոյություն չունի»:
«Եվ մենք էսօր Կիրանցի, Ոսկեպարի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես մեր գյուղեր և մեր հանրապետության համար էս հատվածում ստեղծում ենք էսօրվա աշխարհում հնարավոր գոյություն ունեցող ամենավստահելի և ամենահուսալի երաշխիքը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Հանձնաժողովները կանոնակարգը կընդունեն, հետո համատեղ որոշում կկայացնեն հերթականության մասին»
Հայաստանն ու Ադրբեջանը մոտ 1000 կիլոմետր սահման ունեն։ Այս փուլում, որ վարչապետն ավելի վաղ «պիլոտային» էր անվանել, սահմանազատվել է միայն 12.6 կիլոմետրը։ Ո՞ր հատվածում [Տավուշից բացի Ադրբեջանին սահմանակից են Գեղարքունքը, Սյունիքը, Արարատը, Վայոց Ձորը] կշարունակվի այս գործընթացը՝ նո՞ւյն սկզբունքներով, նո՞ւյն 1976 թվականի քարտեզի հիման վրա։ Այս հարցին վարչապետը հստակ պատասխան չտվեց, ասաց՝ սահմանազատման հանձնաժողովները կանոնակարգը կընդունեն ու կորոշեն։ Այդ կանոնակարգը պետք է համաձայնեցվի մինչև հուլիսի 1-ը և կողմերը պետք է սկսեն դրա ներպետական հաստատումը՝ իրենց օրենսդրություններով սահմանված կարգով ու պահանջների համաձայն:
«Գիտեք, որ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության մեջ ասված է, ըստ էության, ճանապարհային քարտեզը արձանագրված է, և այդ ճանապարհային քարտեզով նախ հանձնաժողովները իրենց աշխատանքի կանոնակարգը կընդունեն, որից հետո համատեղ որոշում կկայացնեն հերթականության մասին»:
«Բայց ես չէի ասի, որ այս գործընթացը ավարտված է, որովհետև դուք գիտեք, որ Կիրանցի այս հատվածում սահմանի պահպանությունը իրականացվում է անցումային սխեմայով: Ազգային անվտանգության ծառայության երեկվա հայտարարության մեջ պարզաբանված էր, որովհետև գիտեք՝ էս հատվածում մեր 12, 13, 14 սահմանային կետերն են, և մենք պայմանավորվածություն ունենք, որ մինչև հուլիսի 24-ը այս ռեժիմն է պահպանվելու, որից հետո էստեղ ենթակա կառուցվածքային աշխատանքներ կիրականացնենք, և որից հետո արդեն լիարժեք սահմանազատման գործընթացը արդեն լրումին կհասնի», - նշեց Փաշինյանը:
«Սահմանազատման հանձնաժողովները Ալմաթիի հռչակագիրը որպես բազային սկզբունք արդեն իսկ ֆիքսել են»
Վարչապետը հաջողություն է համարում, որ Տավուշ-Ղազախի սահմանազատման հիմքում դրվել է Ալմա-Աթայի հռչակագիրը, որով նախկին խորհրդային պետությունները ճանաչել են միմյանց սահմանները։ Հայկական կողմը պնդում է, որ այդ հռչակագիրն ամրագրվի նաև խաղաղության պայմանագրում։ Բայց և՛ Ազգային ժողովի խոսնակը, և՛ արտգործնախարարը հրապարակավ ընդունել են, որ Բաքուն չի համաձայնում դրան։ Ինչո՞ւ. վարչապետը փակագծեր չբացեց, միայն ընդունեց, որ խաղաղության պայմանագրի հետ խնդիրներ կան։
«Գիտե՞ք, էդտեղ աշխատանքային նրբություններ և հարցեր կան բազմաթիվ, ես դա չէի ցանկանա մեկնաբանել, բայց փաստն էն է, որ սահմանազատման գործընթացում սահմանազատման հանձնաժողովները Ալմաթիի հռչակագիրը որպես բազային սկզբունք արդեն իսկ ֆիքսել են, և երկու կողմերի կողմից դա ընդունվել է: Այո, խաղաղության պայմանագրի շուրջ որոշակի խնդիրներ կան, բայց այդ խնդիրների շուրջ մեր աշխատանքը շարունակվում է, և պետք է ավելի մանրամասն աշխատանք իրականացվի հարցը լուծելու համար»:
«Բայց նաև ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որ վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ՝ երկու գոնե անգամ ես հիշում եմ բարձրագույն մակարդակով պաշտոնական Բաքվից եղել է հայտարարություն և արձանագրում, որ պաշտոնական Բաքուն հավատարիմ է Պրահայի պայմանավորվածություններին և Ալմաթիի հռչակագրին», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. - «Մնացածը աշխատանքային հարցեր են, ուղղակի նրբություններ կան, ես հիմա չէի ուզենա դա բացահայտել՝ ոչ թե այն պատճառով, որ ուզում եմ գաղտնի պահել, այլ դա աշխատանքային պրոցես է, էս պահին բացահայտելու անհրաժեշտություն ... ճիշտ չի լինի, կոռեկտ չի լինի»:
Հայաստանն ու Ադրբեջանը տարաձայնություններ ունեն նաև ենթակառուցվածքների բացման սկզբունքների շուրջ։ Մինչ Ադրբեջանի նախագահը անխոչընդոտ՝ առանց մաքսային ու սահմանային ստուգումների անցում է պահանջում Սյունիքով դեպի իր էքսկլավ Նախիջևան, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ճանապարհները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության հարգմամբ։
Բաքվում, ի դեպ, չեն բացառել, որ արդեն երկու տարի բանակցվող փաստաթուղթը ստորագրվի նոյեմբերին։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն այսօր ասել էր, թե Բաքում կայանալիք ՄԱԿ-ի COP29-ի համաժողովը հրաշալի շանս է հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։
Վարչապետի հետ «Ազատության» հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.
Երեկվանից հայ և ադրբեջանցի սահմանապահները ստանձնել են Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի 12.6 կիլոմետր սահմանազատված հատվածների պահպանությունը։
Հատվածական սահմանազատման մեկնարկը տրվեց ապրիլի 19-ին։ 26 օր անց՝ մայիսի 15-ին, երկու երկրների սահմանազատաման հանձնաժողովները ստորագրեցին գործընթացի ավարտն ազդարարող արձանագրությունը։
Տավուշի 4` Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց ու Բերքաբեր համայնքներում իրականացված սահմանազատումն ամենամեծ ընդվզումն առաջացրեց Կիրանցում, որտեղ սկիզբ առած բողոքի ակցիաները շարունակվում են Երևանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրական Հայաստանի հաստատումն է տեղի ունենում մեր կյանքում. Փաշինյան 12.6 կմ սահմանազատված տարածք և 43 սյուն. մեկ ամսվա գործընթացը Ստորագրահավաք Կիրանցում. միացողները հրաժարվում են փոխհատուցումներից