Կոտայքի մարզի Ակունք համայնքում նորից սպասում են Հիսուսին։ Երկու տարի առաջ էր՝ Հատիս լեռան լանջերին փռված գյուղերում ոգևորվեցին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախագծով. Հատիսի գլխին վեր կխոյանա մեգափրկիչը՝ 33 մետրանոց արձան, 44 մետրանոց պատվանդանի վրա։
Հիմնարկեքի խիստ հանդիսավոր արարողության հաջորդ օրը միայն Կրթության, մշակույթի նախարարությունում սթափվեցին՝ Հատիսի գագաթին, որտեղ Հիսուսի հիմքն են դնում, հնավայր ամրոց է։ Գործընթացը կասեցվեց ու Փրկչի թեման կրկին թարմացավ երկու օր առաջ:
Փրկչի կրծքավանդակը, պարզած ափերը, փեշերը պատրաստ են, դեմքի վրա են աշխատում։ Արձանի ալյումինե հսկայածավալ կտորները Դավթաշեն վարչական շրջանի ծայրամասում են. այստեղ է աշխատում Քրիստոսի արձանի նախագծի հաղթող քանդակագործը։ Մինչ արձանը կամբողջանա՝ կառավարությունը Հիսուս-Հատիս օրինական երթուղին է հարթում։ Երեկ որոշում ընդունեց Ակունք համայնքից նվեր ընդունել 150 հեկտար Հատիսի տարածքից և այդ 150 հեկտարը հաստատեց որպես բնության հուշարձանի պահպանվող տարածք։
Ակունք համայնքի հողաշինարարը բացատրում է՝ Հատիսի ողջ տարածքն էր բնության հուշարձան, այժմ առանձնացվել է այն, ինչ պիտի հատուկ պահպանության ռեժիմ ունենա, հուշարձանի կարգավիճակում է նաև լեռնագագաթը, որ «Ծառուկյան» հիմնադրամի սեփականությունն էր, հիմա՝ ոչ:
Պատմական ամրոցը, որ հենց գագաթին է, ավերվել էր արձանի հիմնարկեքի շրջանակներում։ Շինարարության կասեցումից հետո ԲՀԿ առաջնորդը կրթական գերատեսչության հետ հուշագրով ֆինանսավորեց, որ պեղումներ արվեն ու պարզվի, թե որտեղ է հնարավոր տեղավորել Փրկչին:
Ծառուկյանը խոստանում է՝ եկող տարեվերջին արձանի բացումը կլինի՝ մինչև այդ կամբողջանան Հիսուսը և նրան մոտեցնող ենթակառուցվածքները։
Ավելի մանրամասն «Ազատության» ռեպորտաժում.