ԱՄՆ-ն առաջին օրվանից եղել և մնալու է Ուկրաինայի կողքին, երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։
Էնթոնի Բլինքենն այս մասին նաև X-ում է գրառում կատարել ու լուսանկար հրապարակել։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ հանդիպել է նաև Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ, քննարկել պաշտպանությանը, վերականգնմանն ու վերակառուցմանն աջակցելու ջանքերը։
«Միացյալ Նահանգները հավատարիմ է աջակցելու Ուկրաինայի ժողովրդավար և բարգավաճ ապագային», - գրել է Բլինքենը։
ԱՄՆ պետքարտուղարը երեկ հանդիպել է նաև Մարիուպոլի պետական համալսարանի ուսանողների հետ, ովքեր ռուսական գնդակոծությունների հետևանքով տեղափոխվել են Կիև։
«Նրանց պատմությունը ցույց է տալիս Ուկրաինայի ոգին և քաջությունը», - գրել է ԱՄՆ պետքարտուղարը:
Բլինքենը չհայտարարված այցով երեկ է ժամանել Ուկրաինա՝ ընդգծելու Վաշինգտոնի մշտական աջակցությունը Կիևին։ Սա Բլինքենի չորրորդ այցելությունն է Կիև։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օգնությունն Ուկրաինային շուտով տեղ կհասնի և իրական փոփոխություն կբերի մարտի դաշտում. Բլինքեն