Հայաստանը պատրաստ է ոչ միայն խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, այլև առաջ գնալ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում, այսօր Ալմաթիում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը, ով Ղազախստանում մոտ երկուսուկես ամսվա դադարից հետո բանակցում է իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ։
«Կարծում ենք, որ մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք պետք է, մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները։ Դա անել, իհարկե, այն ընկալումով, որ բոլոր կապուղիները կլինեն այն երկրների ինքնիշխանության ներքո, կգործեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք կանցնեն, իսկ պետական սահմանի հատման բոլոր վարչական և մաքսային ընթացակարգերը կհամաձայնեցվեն երկկողմանի համաձայնությամբ փոխադարձության սկզբունքին համաձայն», - ասել է Արարատ Միրզոյանը:
Բանակցությունների մեկնարկին Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել ողջույնի խոսքերով ։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությանը ղեկավարը շեշտել է, որ համատեղ ջանքերով՝ արդեն ավարտին են հասցվում սահմանային սյուների տեղադրման աշխատանքները Տավուշի հատվածում: Բայրամովի խոսքով՝ վերջին բանակցություններից հետո կարևոր տարր է ապրիլի 19-ին ստորագրված արձանագրությունը, որով հայ - ադրբեջանական պետական սահմանի որոշակի հատվածի սահմանազատման գործընթացին սկիզբ դրվեց:
«Ուրախալի է, որ սույն արձանագրության դրույթները կատարվել են սահմանված ժամկետներում։ Կատարվել են մեծ ծավալի աշխատանքներ, պետական սահմանի համապատասխան հատվածների ականազերծումն իրականացվել է համատեղ ջանքերով, ճշտվել են աշխարհագրական կոորդինատները և ավարտվում է այս տարածքում սահմանային սյուների տեղադրումը», - ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանազատման աշխատանքների «90 տոկոսն արդեն արված է»․ ՓաշինյանԲայրամովը Ղազախստանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ այսօր վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածության ֆոնին այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին։ Իսկ հանդիպումից առաջ էլ Բաքուն հայտարարել էր, թե այսօրվա հանդիպումը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի» նախագծի շուրջ է լինելու:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայրամովը վստահ է՝ հայաստանցի պաշտոնակցի հետ բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացինՄիրզոյանն, իր հերթին, Ալմաթիում շեշտել է բանակցությունները ղազախական հարթակում՝ մասնավորապես Ալմաթի քաղաքում անցկացնելու խորհրդանշական բնույթը՝ հաշվի առնելով հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի նշանակությունը։
«Կարևոր է, որ վերջին երկու տարվա ընթացքում և՛ Հայաստանի վարչապետը, և՛ Ադրբեջանի նախագահը տարբեր ձևաչափերով մի քանի անգամ վերահաստատել են Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառությունը, վերահաստատել են նաև Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև վերահաստատել են, որ սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:
Մայիսի սկզբին, սակայն, Միրզոյանը «Ալ-Ջազիրա»-ին տված հարցազրույցում ասել էր, թե Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հարցում Երևանն ու Բաքուն դեռ համաձայնություն չունեն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն դժկամություն է ցուցաբերում՝ պայմանագրի նախագծում Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելու. Միրզոյան
Հայ - ադրբեջանական բանակցությունները Ղազախստանի մայրաքաղաքում այսօր ավարտվել են և կշարունակվեն վաղը:
Ալմաթին նոր կետ է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցություններում: Ու մինչ Մոսկվան շարունակում է պնդել, թե խաղաղությանը կարելի է հասնել միայն իրականացնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Վաշինգտոնը Երևանի և Բաքվի միջև առանց միջնորդի բանակցությունները ողջունում է:
«Ինչպես բազմիցս նշել ենք՝ մենք ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս արձանագրված առաջընթացից և աջակցում ենք երկու երկրներին, երբ նրանք շարժվում են դեպի խաղաղ համաձայնագիր՝ ի շահ ողջ տարածաշրջանի», - նշել են Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունից։
Ընդ որում, Ղազախստանի նախագահն ավելի վաղ ընդգծել էր, թե Ղազախստանը չի հավակնում միջնորդի դերին՝ ընդամենը հարթակ է տրամադրում:
Ավելի վաղ անդրադառնալով այսօրվա հանդիպմանը՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Երևանի և Բաքվի միջև առանց միջնորդի, ուղիղ բանակցությունները կարող են ավելի արդյունավետ լինել. - «Երբ Երևանն ու Բաքուն մենակ են շփվում, և ոչ ոք չի ցանկանում իրավիճակն օգտագործել իր քաղաքական նպատակների համար, վաղ թե ուշ կարողանում են համաձայնության գալ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ ԱլիևԵրկու օր առաջ Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպումից հետո Երևանը հայտնեց, հետո էլ Մոսկվան հաստատեց, որ ռուս սահմանապահները դուրս կգան Հայաստանի Տավուշի ու էլի մի շարք մարզերից, բացառությամբ հայ-իրանական և հայ - թուրքական սահմանների:
«Ազատության» եթերում երեկ ռուս վերլուծաբանները շեշտեցին, թե Մոսկվայի և Երևանի միջև ռուս սահմանապահներին դուրս բերելու շուրջ համաձայնությունն ամբողջովին տեղավորվում է Հայաստանի ու Ադրեբջանի միջև բանակցությունները երկկողմ ձևաչափով, առանց միջնորդների շարունակելու տրամաբանության մեջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը և Պուտինը համաձայնեցրին ռուս սահմանապահների դուրսբերումը ՀՀ մի շարք մարզերից. Թուրքիայի և Իրանի սահմանին նրանք կմնան